Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյան. «Կեղծ աճուրդներ են եղել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հողերը փայ-փայ են արել»

Մարտ 20,2019 12:17

Տարիներ շարունակ պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելու օրվանից սկսել են ազատ տարածքների սեփականաշնորհման, այսպես կոչված փայ-փայ անելու գործընթացը՝ կեղծ աճուրդներ են տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինի սեփականաշնորհված հողատարածքներն օրինական ճանապարհով պետությանը վերադարձնելու գործընթացին:
Պապիկյանն ասաց, որ այժմ այդ ապօրինի սեփականաշնորհած տարածքները բացահայտվելու են, վերադարձվելու են պետությանը:

«ՀՔԾ-ն ուսումնասիրություն է կատարել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում: Պատկանելիությունը՝ չակերտներում, որովհետեւ քննության արդյունքում, իհարկե, չմտնելով քննչական գործողության մեջ, մեզ տրված տվյալների համաձայն, կարող ենք ասել, որ գոնե համապատասխան ցուցմունքների հիման վրա, նախնական եզրակացություն կա, որ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով, ոչ մրցութային»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ հիմա նախարարության իրավական եւ վարչական վերահսկողության վարչությունը ուսումնասիրություններ է կատարում Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արշալույս, Գրիբոյեդով, Արտիմեդ, Պտղունք, Մեծամոր, Ակնալիճ համայնքներում. «Այս համայնքներում առկա են տասնյակ, ընդհուպ հարյուրավոր հեկտարների հողատարածքներ, որոնք պատկանում են տարբեր մարդկանց, եւ որոնց սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում»: Համապատասխան ուսումնասիրությունից հետո, ըստ Պապիկյանի, նախարարությունը հավանաբար կդիմի Վարչական դատարան՝ այդ որոշումներն առ ոչինչ ճանաչելու պահանջով:

Այս համայնքներում հողատարածքների սեփականաշնորհման մասին նախարարությունը գրություն է ստացել, եւ ինչպես Պապիկյանն ասաց, համապատասխան գերատեսչությունն ուսումնասիրություն կատարելուց հետո պարզել է՝ տարբեր անձինք խոստովանում են կամ իրենք տեղյակ չեն իրենց սեփականությունից կամ տեղյակ են եւ մասնակցել են այնպիսի աճուրդների, որոնք չեն եղել ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Անդրադառնալով ավազահանքերի սեփականաշնորհման եւ շահագործման խնդրին, Պապիկյանն ասաց՝ սա նույն պաշտոնյաների պաշտոնական դիրքի չարաշահման շրջանակներում է, գուցե նաեւ տարբեր կեղծ աճուրդների, իհարկե սա ուսումնասիրության կարիք ունի՝ նախկին փորձը հաշվի առնելով. «Նույնը վերաբերում է նաեւ Մեղրու ազատ գոտու նախատեսվող տարածքին, որովհետեւ նախնական տվյալներով՝ որոշ պաշտոնյաներ իմանալով, որ այս տարածքը դառնալու է ազատ գոտի, նախապես այս տարածքները սեփականաշնորհել են: Խոսքը վերաբերում է չնչին գումարներով սեփականաշնորհմանը, լումաներով սեփականաշնորհմանը, որը հետագայում կասեցրել է Մեղրու ազատ գոտի դառնալը: Սա ազգային անվտանգության եւ պետական շահերի խնդիր է: Եվ ինչպես հայտարարել է վարչապետն, այն ամենը, ինչ պատկանում է Հայաստանի հանրապետությանն ու Հայաստանի քաղաքացուն, պետք է վերադարձվի Հայաստանի հանրապետությանն ու Հայաստանի քաղաքացուն»:

Թե ովքեր են եղել այդ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք անօրինական ճանապարհով սեփականաշնորհել են հողատարածքները, Պապիկյանն անուններ չտվեց, հորդորեց սպասել համապատասխան մարմինների կողմից քննվող գործերի ավարտին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031