Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Խաչատրյանի ղեկավարած մարմինը չարաշահում է իր լիազորությունը՝ իրեն աղմկահարույց գործերի շուրջ նախաքննական տվյալներ հրապարակելու բացարձակ իրավունք վերապահելով. «Հրապարակ»

Մարտ 20,2019 11:43

«Ժողովուրդ» թերթը հատված առ հատված հրապարակում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ վկաների ցուցմունքները Մարտի մեկի գործով, իսկ իրավապահները գուշակում են, թե ով է թերթին տրամադրել այդ նյութը։ Ինֆորմացիոն արտահոսքի դեմն առնելու հույսով, ՀՔԾ-ն է արդեն որերորդ անգամ հասնում է ծայրահեղության՝ խնդրում է ԶԼՄ-ներին «զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած՝ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից»։ Քրեական գործ է հարուցված ՔՕ 342-րդ հոդվածով՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը:

Ըստ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ Բայց Սասուն Խաչատրյանի ղեկավարած մարմինը չարաշահում է իր այս լիազորությունը՝ իրեն աղմկահարույց գործերի շուրջ նախաքննական տվյալներ հրապարակելու բացարձակ իրավունք վերապահելով։

Անցյալ տարի աշնանը ՀՔԾ-ն հրապարակեց, որ Մարտի 1-ի գործով փորձագետներն ու քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության մեջ՝ Արարատի շրջանի դաշտում կրակված մոտ 1000 փամփուշտների պարկուճներով փոխարինել են դեպքի վայրից հայտնաբերված ու առգրավված պարկուճները։ Նրանց մեղադրանքներ առաջադրվեցին։ Վահագն Հարությունյանը հերքեց մեղադրանքը՝ ասելով, որ գործով կային բազմաթիվ պարկուճներ, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել։ ՀՔԾ-ն սրան չպատասխանեց, եւ փամփուշտների դրվագը չպարզաբանված մնաց, չնայած այս տեղեկատվության հանրային մեծ պահանջարկին։

Այնուհետեւ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով կրկին ցանկություն ունեցավ նախաքննական տեղեկություն հայտնել։ Այս անգամ այն ուղղված էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ։ ՀՔԾ-ն, խախտելով մի շարք անձանց անմեղության կանխավարկածի իրավունքը, հայտնեց, որ նրանց պատկանող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը, ենթադրաբար, առնչություն ունի Մարտի 1-ի հետ։ Իսկ երբ «Հրապարակը» գրեց, որ Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, որ Աբրահամյանների արսենալում մեծամասամբ ավտոմատներ են եղել, իսկ մարտյան իրադարձություններին հիմնականում «Մակարով» տեսակի զենքեր են կիրառվել, ՀՔԾ-ն անհանգստացավ ու հերթական դաստիարակչական հորդորն ուղղեց՝ «անանուն աղբյուրներից ստացված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հրապարակելուց առաջ դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանց հավաստիությունը ստուգելու համար»։ Միայն ամիսներ անց հպանցիկ հաստատեցին մեր գրածը՝ մոռանալով ներողություն խնդրել «Հրապարակից եւ նրա «անանուն աղբյուրներից»։

Ժամանակից շուտ արված հայտարարություններ, որոնք հետո հերքվում են, միայն ՀՔԾ-ն չի արել։ ԱԱԾ պետը, օրինակ, գաղտնալսումների վերաբերյալ հայտնի ասուլիսում հայտարարեց, որ ունի սխեմա, թե ինչպես է հարստացել Քոչարյանների ընտանիքը, որ շուտով այն կհրապարակի, սակայն մինչ օրս չեն հրապարակել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031