Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյան. «Հայաստանը կազատվի աղբից եւ շատ բան կփոխվի»

Մարտ 20,2019 11:28

Մարտի 23-ին առաջին համապետական շաբաթօրյակն է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Շաբաթօրյակի նպատակն է, ինչպես ասաց նախարարը, մաքրել Հայաստանն աղբից. «Մեկ օրում կամ մեկ շաբաթում դա հնարավոր չէ, եւ այս գործընթացը լինելու է շարունակական: Ամեն ամիս մեկ օր շաբաթօրյակ է լինելու, համապետական մաքրության օր է լինելու: Մեր քաղաքացիներն այդ օրը մաքրելու են բակերն ու այգիները: Խնդիր ունենք նոր որակ հաղորդել գյուղի, բակերի նկատմամբ»:

Պապիկյանի խոսքով՝ մարդիկ բնակարանի նկատմամբ այլ հոգածություն ունեն, բայց դրանից դուրս պատկերն այլ է եւ պետք է հասկանանք, որ Հայաստանում յուրաքանչյուր անկյունը, ծառն ու այգին մերն է, որի նկատմամբ պետք է համապատասխան վերաբերմունք ձեւավորվի. «Սա բխում է նաեւ զբոսաշրջության շահերից եւ մաքրությունը մեր դիմագիծն է: Հայաստանը կազատվի աղբից եւ շատ բան կփոխվի»:

Նախարարի փոխանցմամբ՝ պետական մի շարք կազմակերպությունների իրավասության տակ գտնվող 1700 տեխնիկական միջոցներ կաշխատեն, կփակվեն 6 աղբանոցներ եւ 447 աղբակույտեր:

«339 աղբանոց կա, որոնցից որեւէ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Լոկալ աղբավայրերը համայնքի հայեցողությամբ երբեմն ծածկվում են, երբեմն՝ ոչ»,-ասաց Պապիկյանը: Նա նշեց, որ կառավարությունը չի տիրապետում Հայաստանում առկա աղբի կառուցվածքին, ուստի բրիտանական մի ընկերություն ուսումնասիրություն է կատարելու, պարզելու՝ տարեկան Հայաստանում որքան աղբ է կուտակվում. «Սրանից ելնելով՝ այդ ոլորտում ներդրում կատարող ցանկացողներին կարող են տալ հստակ պատկեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031