Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ինչպես է հասկանում «արդարությունը»

Մարտ 20,2019 10:00
ardarutyun

Կան խոսքեր, նախադասություններ, որոնք թեեւ տեսականորեն ճիշտ են, բայց կրկնվելով դառնում են պարզապես «մանտրաներ», եւ դրանք, հավանաբար, կարող են ազդել միայն ենթագիտակցության վրա: Օրինակ, «ինչ արվում է՝ պետք է արվի պետության շահերից ելնելով»: Հիմա պատկերացրեք այսպիսի իրավիճակ՝ բեմահարթակ են դուրս գալիս Արմեն Աշոտյանը եւ, ասենք, Ալեն Սիմոնյանը: Երկուսն էլ վստահ են, որ խոսում են պետության շահերից, բայց նրանց ասածների 90 տոկոսն անհամատեղելի է: Եթե պետության շահը ձեւակերպվում է այս պահին հասարակության մեծամասնության կարծիքով, ապա, անշուշտ, այդ շահը խոսում է Ալեն Սիմոնյանի շուրթերով: Բայց մեծամասնության կարծիքն, ինչպես հայտնի է, փոփոխական է՝ ի տարբերություն պետության շահի, որը ենթադրում է գոնե որոշակի աստիճանի կայունություն:

Կամ՝ «մեր ժողովուրդն արդարության ծարավ է»: Դարձյալ՝ ով ի՞նչ է հասկանում «արդարության» ասելով: Մեծամասնության կարծիքով, «մութ ուժերի» կողմից կառուցած սրճարաններ քանդելն արդար է, յուրահատուկ վրեժ է «ժողովրդին թալանած» հարուստներից: Սրճարաններում աշխատած մատուցողի տեսանկյունից դա արդար չէ: Դարձյա՞լ լսենք միայն մեծամասնությանը:

Արդարության մասին չափազանց տարածված պատկերացում ես լսեցի հերթական տաքսիստից: Նա ատում եւ հայհոյում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչն իմ հասակակիցների մեծամասնության համար սովորական բան է: Բացի այդ, նա 90-ականներին Դեմոկրատական կուսակցության անդամ էր («օպերայի հրապարակ էր կայնում»), իսկ 2000-ականներին՝ Տիգրան Կարապետիչի երկրպագուն: Բայց ամենահետաքրքիրն այն էր, թե ինչու էր նա պնդում, որ կոմունիստների ժամանակ արդարություն կար: «Ես լավ տեղ էի աշխատում, – պատմում էր զրուցակիցս, – կոմբիկերի գործարանում գրուզավիկ էի քշում, օրական երկու գրուզավիկ կոմբիկեր էի ծախում»: Երիտասարդ ընթերցողներին բացատրեմ, թե ինչ է դա նշանակում՝ նա պահեստապետի հետ միասին գողանում էր պետական կոմբիկերը եւ «մասնավոր», «լեւի» ձեւով վաճառում էր գյուղացիներին: «Ամիսը մի երկու օր էլ պետության համար էի քշում, – հպարտությամբ հիշում է զրուցակիցս, – «սեզոնին» օր կար, երբ օրական 100 ռուբլի էի աշխատում»: Ահա այդպիսին էր «գյոզալական արդար երկիրը», որը «քանդեց Լեւոնը»:

Ես նույն ժամանակահատվածում որպես կրտսեր գիտաշխատող աշխատավարձ էի ստանում ամիսը 150 ռուբլի եւ, իհարկե, գիտեի, որ համաքաղաքացիներիս զգալի մասն ապրում է գողությամբ եւ ինձնից առնվազն 10 անգամ լավ: Բայց ես երբեք դրա մասին չէի մտածում «արդարություն-անարդարություն» կատեգորիաներով: Ընդամենը գիտակցում էի, որ կան մարդիկ, որոնք օրենքի հետ հաշտ են ապրում, իսկ կան, որ թքած ունեն օրենքի վրա: Եթե պետությունը չի կարողանում վերջիններիս կարգի բերել, ավելի վատ այդ պետության համար:

…Տաքսիստը նաեւ խստորեն դատապարտեց ժամանակակից երիտասարդների բարոյական անկումը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Արդարությունը՝ դա ամենաթույլ, ամենաանպաշտպան, ամենամերժված մարդկանց պաշտպանությունն է ուժեղների կողմից:

  2. Քաղաքացի says:

    Հարգելի Արամ Աբրահամյան,
    Ձեր յուրաքանչուր հոդվածից հետո որոշում եմ այլևս չարձագանքել, սակայն չի ստացվում, քանի որ Դուք այնպիսի հարցեր եք բարձրացնում, որ մեր իրականության ներքո դժվար է չարձագանքել: Յուրաքանչուր կարծիք հայտնողը հավակնում է իր կարծիքի բացարձակ արդար լինելուն, սակայն ինչպես հայտնի է, այս աշխարհում ամենածանր գործը, դիմացինի «գլուխը լցնել» նույնիսկ ամենապարզ մտքով: Ավետարանական այս սկզբունքը՝ «մարգարիտներ մի՛ սփռեք խոզերի առաջ» իրականում նշանակում է, եթե մարդը, ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵ հասկանալ քո ճշմարտությունը, ժամանակ և նյարդեր մի ծախսիր նրա վրա: Տարիներ առաջ մի հետաքրքիր և բավականին լուրջ ուսումնասիրությանը հանդիպեցի: Ուսումնասիրությունը նվիրված էր Հիմարությանը: Հետազոտողները սահմանեցին Հիմարության թվով 5 օրենք: Այդ տեսության մեջ բացահայտվեց հետաքրքիր մի բան, որ անձի հիմար լինելը կախված չէ նրա այլ որակներից, սա գենետիկորեն պայմանավորված երևույթ է: Տարիների հետազոտությունների արդյունքում ապացուցվեց, որ կիրթ հասարակությունը հիմարների քանակությամբ չի զիջում անկիրթներին, ավելին, հետազոտողները ապշած էին բնության սուպեր կարողությամբ, երբ հայտնաբերեցին, որ Նոբելյան մրցանակակիրների մեջ նկատվում էր հիմարների նույն քանակությունը: Համաձայն այդ տեսության մարդիկ բաժանվում են հետևյալ խմբերի՝ ՊԱՐԶ ՄԱՐԴ, որի գործողության արդյունքում ինքը տուժում է, իսկ դիմացինը շահում, ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴ, երբ շահում են բոլորը, ԱՎԱԶԱԿ՝ երբ բոլորը տուժում են, իսկ ինքը շահում է, ՀԻՄԱՐ՝ երբ բոլորը տուժող են: Ես կարծում եմ, այս տեսության ներքո, մեր հասարակության մեջ պարզ և հիմար մարդկանց քանակը, եթե նույնիսկ կա, խիստ սահմանափակ է, քանի որ ներկայիս պայմաններում Հայաստանում գոյատևելու համար մարդը ոչ պարզ, ոչ էլ հիմար լինելու «հնարավորություն» չունի: Էվոլյուցիայի և արտագաղթի ընթացքում, Հայաստան երկրում, նման որակների մարդիկ, դինոզավրերի պես, անհայտացել են: Մնացել են ԱՎԱԶԱԿՆԵՐԸ և ԽԵԼԱՑԻՆԵՐԸ: Այդ բոլոր խմբերը ունեն արդարության իրենց ձևակերպումները, որոնց նրանք հետևում են:
    Շահը կառավարում է աշխարհը, հայտնի բան է: Այսօր, այնպիսի մարդիկ են խոսում աշխատատեղերից և արդարությունից, որ ոչ թե զարմանում ես, այլ հիշելով, նրանց կերպարը, ապրած կյանքը, ծիծաղտ է գալիս: Բայց խոսում են: Ինչպես ասել էր XVIII դարի քաղաքական խարդավանքների հայտնի քաղաքական գործիչ և դիվանագետ Շառլ Մորիս դե Թելեյրանը, որի անունը խորամանկության և սկզբունքայնության բացակայության հոմանիշ է դարձել, լեզուն տրվում է ձեր մտքերը թաքցնելու համար: Մարդկանց գնահատում են իրենց գործերով: Ինչ ուզում են թող խոսեն մեր նախագահները արդարությունից՝ մեր երկիրը իր այսօրվա վիճակով շատ խոսուն մի երևույթ է, անցյալն էլ, մեր աչքի առաջ, ինչ ուզում է թող խոսի Փաշինյանը, ապագան ցույց կտա, թե նա ով է: Եվ վերջապես, անշահախնդիր, միայն հանրային շահի մասին մտածող և մարտընչողները, նվիրյալներն են, նրանց թիվը երբեք չի լինում շատ: Ուզում եմ վերաձևակերպել Լավատեսի պնդումը արդարության վերաբերյալ: Արդար հասարակության մեջ տաղանդավորը, աշխատասերը պետք է ապրի, համապատասխան իր կարողությունների, սակայն թույլը՝ ոչ տաղանդավորը հիվանդը, ծույլը վերջապես, իրավունք ունի, առնվազն, քաղցած չլինելու:

    • Լավատես says:

      Ես մի քիչ ավելի մանրամասնեմ կարծիքս, երբ մարդ քիչ է շարժվում, նրա մկանները հետադիմում են, թուլանում, բայց դա չի նշանակում, որ մարդը թույլ է, պարզապես մարդու մկանների աշխատանքի պահանջարկ չկա, հենց որ պահանջարկն ի հայտ գա, մկանները կսկեն աշխատել եւ մարդս նորից կդառնա ուժեղ ու տաղանդավոր ու առողջ: Ասածս նա է, որ ուժեղներն իրենք իրենց դպրոցը պետք է ստեղծեն ու թույլերի համար աշխատանքի պահանջարկ ապահովեն՝ գիտնականը՝ գիտական դպրոց, գործարարը գործարարներ պատրաստի, սպան էլ՝ զինվոր պատրաստի: Իսկ պետությունը բոլորի աշխատանքը կարգավորի ու մի նպատակի ծառայեցնի՝ բոլոր ռազմավարական ուժերի համաչափ զարգացմանը, իսկ այդ ամենի արդյունավետությունը ցուցադրի մեր կողմից թե թշնամու կողմից հրահրված պատերազմներում:

    • Ruben says:

      Անտառի սանիտարը…

  3. Քաղաքացի says:

    Հարգելի Լավատես,
    Հասկացա Ձեր հիմնական միտքը՝ ուժեղները թող թույլերի համար աշխատանքային դաշտ ստեղծեն: Ինչքան էլ անհատ ուժեղները ուժեղ լինեն, նրանք չեն կարող փոխարինել երկրի կառավարման համակարգի պարտականությունները: Դա միայն աշխատադաշտը չէ, դա առողջապահության, կրթման, մարդկային իրավունքների և համակեցության նորմերի պաշտպանության և բազմաթիվ այլ հարցեր են, որոնց բացակայության դեպքում, նույնիսկ շատ ուժեղ մարդը կարող է նեղը ընկնել: Այսօր Հայաստանից արտագաղթում են ոչաշխատազուրկ, նույնիսկ ավելին, լավ վարձատրվող մասնագետները, որովհետև մարդիկ արդարություն են փնտրում, որովհետև արդարությունը ապահովության միակ գրավականն է: Նրանք մտահոգ են իրենց երեխաների ապագայի համար: Իհարկե, եթե դու օրվա հացի խնդիր ունես, թվում է, եթե այդ էլ լինի, ամեն ինչ լավ կլինի: Աշխատանքը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է: Ձեր պնդումը, որ աշխատանքի առկայության դեպքում, բոլորը կլինեն ուժեղ, առողջ և տաղանդավոր, ցավոք, չեմ կարող կիսել և ենթադրում եմ, որ շատ երիտասարդ եք: Տաղանդը աստծուց է, կամքը յուրաքանչուր անհատի համար ունի իր սահմանը, առողջությունն էլ այնպես չէ, որ միշտ մեզանից է կախված: Նորից պնդում եմ, որ անկախ համակարգից՝ ավազակապետական թե դեմոկրատական, ՄԱՐԴԿԱՅԻՆ ցանկացած հասարակությունում բոլոր իմաստներով ուժեղը իրավունք ունի ավելի լավ ապրելու, սակայն թույլը, բոլոր իմաստներով, իրավունք չունի քաղցած և անօթևան լինել: Կարծում եմ, սա է սոցիալական արդարության ՄԱՐԴԿԱՅԻՆ հասարակության հիմնական սկզբունքը:

  4. Լավատես says:

    ՝Տաղանդը աստծուց է՝, իսկ այն, որ մարդ իր աստծուց տված հնարավորությունների հինգ տոկոսն էլ չի իրացնում, բա աստծու տված էն իննսուն հինգ տոկոսը ո՞վ պետք է օգնի մարդուն լույս աշխարհ բերի, էլի աստվա՞ծ, թե այնումենայնիվ ազգասեր դասատուներն ու փորձված մասնագետները: Կամ եթե հետախուզությունը հայտնի ասենք կես տարուց թշնամին պետք է հարձակվի, մենք էլ բնական է պետք է նախահարձակ լինենք, ուրեմն ինչպես որ պատրաստվենք, դա էլ ճիշտն է լինելու, Ruben ի ասած Անտառի սանիտարը…

    • Հ.Շ. says:

      նիւթին հետ կապ չունեցող հարցում մը՝ արդեօք ինչո՞ւ Աստուած անունի առաջին տառը գլխագիրով չէք գրեր

      մինչդեռ գրում էք Անտառ

      • Լավատես says:

        Աստվածը Թումանյանի հեքիաթում փոքրատառով է գրված, օրինակ՝

        ՝Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
        Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։
        Ճանապարհին մի գայլ պատահեց.
        — Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,— հարցրեց գայլը։
        «Գնում եմ աստծու մոտ,— պատասխանեց աղքատը,— դարդ ունեմ ասելու»։
        — Դե որ գնաս աստծու մոտ,— խնդրեց գայլը,— ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
        «Լա՛վ»,— ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն սոջկա։
        — Ո՞ւր ես գնում, ախպեր,— հարցրեց աղջիկը։
        «Գնում եմ աստծու մոտ»։
        — Երբ որ աստծուն տեսնես,— աղաչեց սիրուն աղջիկը,— ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։՝
        http://armenianhouse.org/tumanyan/tales-am/fool.html
        Անտառն էլ copy-paste-ի արդյունք է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031