Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը շտկում է իրադրությունը. առաջին քայլը՝ Ստեփանակերտից

Մարտ 20,2019 12:00

Ինչո՞ւ է պաշտոնական Երեւանը բարձրաձայնում 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանման անհրաժեշտության մասին

Մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացավ ՀՀ եւ ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ընթացքում էլ նրանք հանդես եկան ելույթներով: Փաշինյանը, չնայած ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը, կրկին ընդգծեց բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածության հարցը, նշելով, որ այն քմահաճույք չէ, ոչ էլ նախապայման, այլ պարզ արձանագրումն է այն բանի, որ՝ կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:
Դարձյալ հարցադրում անելով, թե բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին, նա նկատեց, որ ՀՀ վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում եւ, ուրեմն, Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ. «Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլեւ միջպետական եւ միջազգային հարաբերություններում: Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե ՀՀ-ն կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը եւ այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որեւէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ ՀՀ-ն եղել է, կա եւ կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը եւ կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»:

Հաջորդ կարեւոր թեման, որին անդրադարձավ Փաշինյանը՝ հետեւյալն էր՝ ՀՀ կառավարությունն ընդունո՞ւմ է, արդյոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները եւ 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք. «Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, եւ ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարեւոր է, որովհետեւ այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետեւ մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետեւաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, եւ հետեւաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խոսակցության»:

Փաստացի, պաշտոնական Երեւանն արձանագրեց, որ բանակցելու է 3 սկզբունքների եւ 6 տարրերի շրջանակներում, սակայն դրանք պարզաբանման կարիք ունեն: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները մի քանի անդամ արդեն հասցրել են հանդիպել ու մի քանի ժամանոց հանդիպումներ ունենալ: Հայկական կողմի մոտ նո՞ր է առաջացել պարզաբանման անհրաժեշտություն, թե՞ պարզաբանման կարիք ունեցող թեմաներն ի հայտ են եկել ադրբեջանական կողմից հետո մի քանի հանդիպումների արդյունքում:

Բացի այդ, ինչո՞ւ է պաշտոնական Երեւանը բարձրաձայնում այդ մասին: Որպեսզի ցույց տա, որ մինչ այժմ վարած բանակցությունների ընթացքում ի հայտ եկած նոր մոտեցումներն այնքան էլ ընդունելի չե՞ն հայկական կողմի համար: Էդ դեպքում՝ ինչո՞ւ հայկական կողմը չի կարողացել չեզոքացնել անցանկալի մոտեցումների ի հայտ գալը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հաջորդ դիտարկմանը՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն եւ հայտարարությանը, թե «ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա» եւ պատրաստակամությանը՝ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլեւ Ադրբեջանի ժողովրդի հետ, կարծես, բացառապես միջազգային հանրությանն ուղղված խոսք լինի, որովհետեւ Ադրբեջանից՝ կարգավորումը նաեւ հայկական կողմի համար ընդունելի լինելու, ադրբեջանական կողմից զիջումների պատրաստակամության մասին մտքեր մենք երբեւէ չենք լսել:

Ավելին, կարելի է ասել, որ անցյալ տարի ապրիլին Հայաստանում ներքաղաքական հայտնի իրադարձություններից, նոր իշխանությունների ձեւավորումից հետո պաշտոնական Բաքուն ավելի ինքնավստահ ու անզիջում կեցվածք ձեռք բերեց, ըստ երեւույթին հաշվի առնելով հայկական կողմի ավելի մեղմ հայտարարությունները, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հրապարակային չբարձրաձայնելը:

Ուշագրավ էր Ստեփանակերտում ՀՀ եւ ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Բակո Սահակյանի ելույթի այս հատվածը. «Կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա եւ վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրեւ առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը»: Հետաքրքրական է, որ Արցախի միջազգային ճանաչման մասին պաշտոնական Երեւանը վերջին ամիսներին չէր խոսում ու հիմա կարծես այդ մասին հիշեցնելը մնացել էր Արցախի «ուսերին», ինչը սխալ է, որովհետեւ պաշտոնական Երեւանի կողմից այդ մասին ոչ միայն պետք է ժամանակ առ ժամանակ խոսել, այլեւ գործել:

Այսպիսով, հայկական կողմերը՝ Ստեփանակերտից արձանագրեցին, որ հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։ Նկատենք, որ մի պահ տպավորություն էր, թե հայկական կողմը նախընտրում է Ալիեւի հետ հանդիպումների անցկացմանը՝ առանց միջնորդների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու:

Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայություններ: Բացի այդ, պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր. «Կարեւորվել է խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում»:

Հայկական կողմն, այսպիսով, վերադառնում է նախկինում ղարաբաղյան կարգավորման գործընթացի սկզբունքները ընդգծելու քաղաքականությանը, կարծես, գիտակցելով, որ այդ կերպ կարգավորման գործընթացում դիրքերն ավելի ամուր է, քան այն կեցվածքը, որն ուներ անցյալ տարվա գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Հայկական կողմի դիրքորոշման ամրացման ուղղությամբ հայտարարությունները, թերեւս, շատ լավ գիտակցում են նաեւ Բաքվում: Ի դեպ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարի խախտումներն ավելացել են: Մարտի 9-16-ը Արցախի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3 հազար կրակոց, հաղորդեց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Բացի նշյալ խախտումներից՝ մարտի 13-ին շփման գծի արեւելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել էր նաեւ 60 միլիմետրանոց ականանետներ` արձակելով 9 արկ: 2016թ. ապրիլից ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմից կրակել են ականանետից:

Ամփոփումը՝  տպագիր «Առավոտ»-ի մարտի 20-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031