Վարչապետը հարուստ-նպաստառուներին «բացահայտելիս», ըստ նրա խոսնակի, օրենք չի խախտել
Կառավարությունը ժամանակ առ ժամանակ «պայքարում է» նպաստառուների դեմ. նրանց, ովքեր նպաստի «արժանի» չեն, բայց ստանում են: Այսինքն՝ կյանքի կենսամակարդակը, եկամուտները չեն համապատասխանում նպաստ ստանալու համար սահմանված չափանիշներին:
Նախորդ իշխանությունը փորձեր էր անում մաքրել նպաստառուների ցուցակները, բայց պարզվում է «հարուստ» նպաստառուներին այդպես էլ ցուցակներից չի հանել:
Փետրվարի 15-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «Անարդար կերպով նպաստ ստացող քաղաքացիների մասին տեղեկությունները հավաքագրելու համար կենտրոնական բանկի հետ համագործակցություն է հաստատվել եւ ակտիվ աշխատում ենք»: Օրեր առաջ էլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նպաստառուների մասին գրառում էր արել՝ «Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում:
Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ եւ 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն:
Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ:
Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»:
Նախ՝ անհասկանալի է, թե՝ ինչպե՞ս կարող է 18-40 հազար դրամ «եկամուտ»-նպաստ ստացողը բանկում կամ վարկային կազմակերպությունում վարկունակ համարվի, ու դեռ մի բան էլ ամսական 100-400 հազար դրամ վարկ փակի: Այսինքն՝ այդ նպաստառուին բանկը պետք է 3-7 միլիոն դրամ վարկ տրամադրի, որպեսզի նա էլ ամսական 100 կամ 400 հազար վարկ փակի: Եթե իհարկե Փաշինյանը ամսական 100-400 հազար դրամ ասելով նկատի է ունեցել տոկոսները, ոչ թե ընդհանուր վարկի գումարը:
Նպաստառուն ամսական նույնիսկ 50 հազար դրամ չի կարող վարկ մարել, քանի որ նրանց բազային նպաստը 18 հազար դրամ է, գումարած որոշ գործակիցներ՝ հազիվ հասնում է 40 հազար դրամի:
Բանկերը կամ վարկային կազմակերպությունները միայն գրանցված եկամուտ ունեցողներին են վարկ տրամադրում: Եվ եթե այս 11 հազար նպաստառուները վարկ են ստացել, ուրեմն գրանցված բավարար եկամուտ (ոչ 18-40 հազար դրամ) պետք է ցույց տային բանկին: Իսկ եթե ցույց են տվել, ուրեմն սոցիալական տարածքային ծառայությունները պետք է տեղեկացված լինեին նպաստառուի կայուն ու գրանցված եկամտի կամ աշխատանքի մասին: Արդյոք կոռուպցիոն գործարքներն են եղել սոցծառայությունների հետ, իրավապահ մարմինները կարող են պարզել: Բայց կարծես թե այս կառավարությունն էլ է նախաձեռնել «հարուստ» եւ վարկունակ նպաստառուների ցուցակները մաքրել:
Սակայն Փաշինյանի այս հայտարարությունից միանգամայն այլ արձագանքներ եղան, կարծիքներ հնչեցին, թե՝ վարչապետը բանկային գաղտնիք է հրապարակել, դրանք անձնական տվյալներ են եւ այլն: Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն «Առավոտին» ասաց՝ վարչապետը օրենք չի խախտել, որեւէ մեկի անձնական տվյալ՝ անուն-ազգանուն չի հրապարակվել:
Կենտրոնական բանկի մամուլի ծառայության ղեկավար Հարութ Կբեյանն էլ մեր հարցին՝ արդյոք այդ անձանց տվյալները կամ բանկային գաղտնիքները ԿԲ-ն է տրամադրել կառավարությանը, պատասխանեց. «Ով որ հրապարակել է՝ նրան էլ հարցրեք, մենք տվյալներ չենք փոխանցել»:
Իսկ ահա աշխատանքի եւ սոցիալական ծառայության նախարարությունից մեր հարցին ի պատասխան, ասացին՝ «Տվյալների բազաները համադրվում են Կենտրոնական բանկի կողմից: Այս նախաձեռնությունը սկսվել է 2017 թվականից: Մեր նախարարությունը չի տիրապետում որեւէ անվանական ցանկի, թե որ նպաստառուն որքան վարկ ունի, քանի որ դա բանկային գաղտնիք է: Մենք ԿԲ-ի համադրած տվյալների վերջնական պատկերը դեռեւս չենք ստացել: Մեր ունեցած ոչ վերջնական տվյալները բացառապես թվային են: Այսինքն՝ այս պահին միայն գիտենք, որ նպաստառուների բազայում գրանցված քաղաքացիներից մոտ 3000-ը գրանցված են նաեւ վարկառուների ցանկում: Այս տվյալները ԿԲ-ն է տրամադրել»:
Իսկ վարչապետի հնչեցրած 11 հազարից ավելի վարկառու-նպաստառուների մասին էլ նախարարությունից փոխանցեցին՝ մեկնաբանություն չենք կարող անել, քանի որ ԿԲ-ից ամփոփ տվյալ չունենք. «Որպեսզի հասկանանք խնդիրը, պետք է վերջնական տվյալներ ստանանք ու լուրջ վերլուծություն անենք: Քանի որ եթե վարկառուների մեծ մասը գյուղական համայնքերում են, ապա սա այլ խնդիր է, եթե քաղաքային՝ այլ խնդիր է: Այս պահին որեւէ մեկնաբանություն չենք կարող անել»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
19.03.2019