Արցախյան շարժման իրավաքաղաքական թղթապանակի կարեւորագույն փաստաթղթերից է ԼՂԻՄ մարզկոմի 1988 թ. մարտի 17-ի պլենումի որոշումը, որն արտահայտում էր Հայկական ԽՍՀ հետ ԼՂԻՄ վերամիավորման համաժողովրդական իղձը եւ վերահաստատում մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանի 1988 թ. փետրվարի 20-ի որոշումը: Այդ պատմական իրադարձությունների մասին շատ է գրվել, սակայն ստվերում են մնացել դրանց նախապատրաստական աշխատանքները եւ որոշ նախաձեռնություններ: Այդ ամենի մասին հետաքրքիր հուշեր ունի Շարժման ակտիվիստներից Ռազմիկ Պետրոսյանը: Մեր խնդրանքով նա որոշ մանրամասներ է ներկայացրել մարտի 17-ի պլենումի անցկացման մտահղացման եւ նախապատրաստական աշխատանքների մասին:
Ռ. Պետրոսյանի վկայությամբ՝ 1988թ. մարտի 2-ին «Կռունկի» անդամները հավաքվել էին Ստեփանակերտի նորոգման գրասենյակում (տնօրեն՝ Ռոբերտ Բաղդասարյան): Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն առաջարկեց մարզկոմի պլենում կազմակերպել եւ նրա որոշումով ավելի ամրապնդել մարզխորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանի 1988 թ. փետրվարի 20-ի որոշումը: Վ. Գրիգորյանը 1-ին քարտուղարի երկարամյա փորձառությամբ ներկաների ուշադրությունը հրավիրեց համապատասխան օրակարգով պլենում կազմակերպելու անհրաժեշտության վրա: Այդ գաղափարը պաշտպանեց նաեւ Արկադի Մանուչարովը, որը հետագա քննարկումների ժամանակ ելույթ էր ունենում մարզկոմի պլենումի նախապատրաստական աշխատանքները սկսելու վերաբերյալ: Վ. Գրիգորյանը պարզաբանեց, որ կոմկուսի կանոնադրությունը նախատեսում է կուսակցական կազմակերպության անդամների 1/3-ի ստորագրությունների եւ գրավոր դիմումի առկայության դեպքում արտահերթ պլենում հրավիրելու հնարավորությունը: Ռ. Պետրոսյանն առաջարկեց մարտի 4-ին եւ 5-ին գնալ շրջաններ եւ տեղերում անմիջապես աջակցել ստորագրահավաքին: Վաչագան Գրիգորյանն ասաց, որ Ասկերանի շրջանում ստորագրությունները կազմակերպված կհավաքվեն եւ կուղարկվեն: Մարտակերտ էին մեկնելու Մաքսիմ Միրզոյանը եւ Ռոբերտ Բաղդասարյանը, Մարտունու շրջան՝ Ռազմիկ Պետրոսյանը եւ Ռոլես Աղաջանյանը, Հադրութի շրջան՝ Վլադիմիր Գեւորգյանը:
Շրջաններում «Կռունկի» ներկայացուցիչների մասնակցությունը կազմակերպական աշխատանքներին պայմանավորված էր նրանով, որ կուսակցական ոչ բոլոր ղեկավարներն էին համաձայնել ստանձնելու ստորագրահավաքի պատասխանատվությունը: Մինչ այդ, պլենում հրավիրելու առաջարկությամբ Ա. Մանուչարովը, Ռ. Պետրոսյանը եւ Ռ. Աղաջանյանը բազմիցս դիմել էին Հենրիխ Անդրեյի Պողոսյանին, սակայն նա չէր համաձայնվում՝ ասելով, թե դրա ժամանակը չէ, պահը հարմար չէ կամ բերելով այլ պատճառաբանություններ: Նրանք բանակցել են նաեւ մարզխորհրդի եւ մարզկոմի պատասխանատու այլ աշխատողների հետ: Նրանցից Շմավոն Միսակի Պետրոսյանն ասել է, որ պլենում կազմակերպելն իր իրավասություններից դուրս է: Դիմել են նաեւ կոմունիստական կուսակցության մարզկոմին առընթեր կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ Վահան Բախշիի Հարությունյանին, որը բավարարվել է կուսակցական կանոնադրությամբ սահմանված կարգի մասին որոշ պարզաբանումներ տալով:
Պլենումի աշխատանքը ցանկալի հունով ուղղորդելու նպատակով նախաձեռնող խումբը նախօրոք պայմանավորվեց մի խումբ ակտիվիստների հետ, որոնք համաձայնեցին ելույթ ունենալ: Առաջ անցնելով ասենք, որ Ռ. Պետրոսյանը գոհացուցիչ է համարում Խորհրդային Միության հերոս Ա. Կասպարովի ու բանաստեղծ Վարդան Հակոբյանի ելույթները:
Մարտի 4-ին «Կռունկի» հիշատակված անդամները գնացին շրջանները: Ռ. Պետրոսյանն ու Ռ. Աղաջանյանը Մարտունիում հանդիպեցին տեղի ակտիվիստներին՝ Վոլոդյա Խաչատրյանին, Մանֆրեդ Բախշյանին, Անգելինա Հովսեփյանին եւ Սիլվա Բալայանին: Պայմանավորվածության համաձայն՝ սկսեցին հավաքել կոմունիստների ստորագրությունները: Հեռախոսազանգերով հրավիրում էին կոմունիստներին, որոնք ներկայանում էին կուսակցական տոմսերով: Մարզկոմի պլենում հրավիրելու եւ մարզխորհրդի նիստի որոշմանը հավանություն տալու բովանդակությամբ դիմումը կոմունիստները ստորագրում էին սիրահոժար: Բավական շատ ստորագրություններ հավաքեցին: Մեկ օր աշխատելով շրջանում՝ մարտի 5-ի երեկոյան բոլորը վերադարձան շրջաններից, հավաքվեցին Արկադի Մանուչարովի ղեկավարած հիմնարկում, ապա կոմունիստների ստորագրություններով թղթերի կապոցները տեղավորեցին Ռ. Պետրոսյանի մեքենայում: Այնքան ծանր էին, որ Ռ. Պետրոսյանը, Ա. Մանուչարովը եւ Ռ. Բաղդասարյանը այդ ծանր բեռը փոխադրասայլակով բերեցին մարզկոմի շենքը եւ հանձնեցին ընդհանուր բաժին, որտեղ դրանք ընդունեց Ա. Դրոնկինան: Մարզկոմի պլենում հրավիրելու մասին դիմումը եւ կոմունիստների ստորագրություններն ընդունելու մասին ընդհանուր բաժնից տվեցին համապատասխան ստացական: Ռ. Պետրոսյանը ստորագրությունների կոնկրետ թիվը չի հիշում, բայց համոզված է, որ հաստատ հատել էր 1/3-ի սահմանագիծը:
ուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Հարությունյանի «Իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում» ժամանակագրության 1-ին հատորում (էջ 77) հետագայում ներկայացվել են այդ թվերը.
Բոլոր շրջաններում թե՛ կոմունիստները եւ թե՛ Շարժման ակտիվիստները արդեն իրազեկված էին պլենում հրավիրելու մտահղացման մասին եւ գրեթե բոլորն իրենց համաձայնությունն էին հայտնել դրան: Շրջկոմների 1-ին քարտուղարները եւս իրենց համաձայնությունն էին տվել. Հադրութում՝ Գրիշա Բաղյանը, Ասկերանում՝ Վաչագան Գրիգորյանը, Մարտակերտում՝ Վահան Գաբրիելյանը: Մարտունու շրջկոմի 1-ին քարտուղար Ստախոն Պետրոսյանը չեզոքություն է պահպանել: Նա ասել է, թե ես գործ չունեմ, ինչ ուզում եք արեք, ես ձեզ չեմ խանգարում: Մարտունիում կոմունիստների մեծամասնությունը սիրահոժար ստորագրել է դիմումը: Մյուս շրջաններ գործուղված ընկերներն էլ ասացին, որ հրաժարվող կամ հակառակվող չի եղել:
Մայրաքաղաքում նույնպես կազմակերպված անցել է ստորագրահավաքը: «Կռունկի» անդամ տնօրեններից յուրաքանչյուրն իր հիմնարկում հավաքել է ստորագրությունները, բայց վճռորոշը շրջանների կոմունիստների ստորագրություններն էին, որպեսզի ընդհանուր թվի 1/3-ը ապահովվի: Ա. Մանուչարովն իր հիմնարկում է կազմակերպել, Էռնեստ Հայրապետյանը՝ կահույքի ֆաբրիկայում, Բորիս Առուշանյանը՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում, Սլավիկ Աղաջանյանը՝ իր ղեկավարած ձեռնարկությունում եւ այսպես շարունակ:
Հենց միահամուռ կամքն էր արցախցիների ուժը, որովհետեւ համաժողովրդական պայքարին կոմունիստների մեծամասնության միանալու շնորհիվ ամբողջացած միասնականությունն ու միակամությունը ուժ են տվել կոմունիստներին դուրս գալու այն ժամանակ դեռ հզոր կոմկուսի քաղբյուրոյի կամայականության դեմ: Ինչպես հետեւում է Ռ. Պետրոսյանի այն պնդումից, թե այնպես են արել, որ քաղբյուրոն Արցախի հարցը լուծի, Շարժման ակտիվիստները դեռեւս հույս ունեին, թե ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները դրականորեն կլուծեն ինքնավար մարզի հայ ազգաբնակչության բարձրացրած հարցը:
Կենտկոմի արդարամիտ որոշման հետ հույսեր կապելը գալիս էր դեռեւս 60-70-ական թվականներից: Լ. Ի. Բրեժնեւի օրոք, 1977 թ. Շարժման ռահվիրաներ Բ. Ուլուբաբյանը եւ Ս. Աբրահամյանը հավատում էին, որ շուտով կլուծվի Հայկական ԽՍՀ-ի հետ Արցախի վերամիավորման հարցը: Նույնիսկ մի օր Ս. Աբրահամյանի վարորդը՝ Էդիկ Սարգսյանը, Ռ. Պետրոսյանին ասաց, որ երեկոյան «Վրեմյա» լրատվական ծրագրով հայտնելու են հարցի դրական լուծման մասին: Սակայն ժողովրդին հերթական հիասթափությունն էր սպասում, որովհետեւ քաղբյուրոյում եւ ԽՄԿԿ կենտկոմում Ադրբեջանից կաշառված բարձրաստիճան պաշտոնյաներ կային, որոնք ըստ ամենայնի խոչընդոտում էին հարցի դրական լուծմանը: 1988-ին ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Ն. Լիգաչովը ժամանել էր Բաքու, խորհրդակցության հրավիրել ԼՂԻՄ եւ շրջակա շրջանների բոլոր քարտուղարներին եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել, որովհետեւ այն հակասում է վերակառուցման ու խորհրդային ինտերնացիոնալիզմի սկզբունքներին եւ այլն: Ռ. Պետրոսյանը պնդում է, որ այդ հայտարարությունից հետո այդ բարձրաստիճան չինովնիկը մի դիպլոմատ փող է վերցրել եւ մեկնել Մոսկվա: Այդ տեղեկությունը անձամբ Ռ. Պետրոսյանին հայտնել էր ԽՍՀՄ-ում աղմուկ հանած կոռուպցիոն գործարքները հետաքննող իրավաբան Թ. Գդլյանը: Իրականում արցախցիների համար գաղտնիք չէր, որ Ադրբեջանը միայն կաշառքներով էր իր ուզածին հասնում: Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ամենակոռումպացված վերնախավերը իրենց կոռուպցիոն խարդախությունները հաջողությամբ քողարկում էին Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելով: Կաշառքով ադրբեջանցիները փակում էին նաեւ Արցախի հարցի դրական զարգացումների ճանապարհը: Ըստ Ռ. Պետրոսյանի՝ Մ. Գորբաչովը Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցը չի հակասում վերակառուցման քաղաքականությանը: «Լենին-պարտիա-Գորբաչով» եւ «Ստալին-Բերիա-Լիգաչով» կարգախոսը արտահայտությունն էր այն իրողության, որ քաղբյուրոյի հետադիմական մեծամասնությունը Պ. Լիգաչովի գլխավորությամբ շարունակում էր Ստալինի եւ Բերիայի ռեակցիոն քաղաքականությունը:
Պլենումի որոշումը աներեւակայելի բան էր, որը նշանակում էր չընդունել վերադաս մարմնի՝ քաղբյուրոյի որոշումը եւ դիրքորոշումը, ավելին, տրամագծորեն հակառակ դիրքորոշում արտահայտել ու ներքեւից հանդես գալ համարձակ նախաձեռնությամբ: Քաղբյուրոյի վերդիկտից հետո նման բովանդակությամբ որոշում ընդունելը իսկապես խիզախ քայլ էր: Այն վերահաստատում էր նաեւ հարազատ ժողովրդի կողքին արցախցի կոմունիստների կանգնելու վճռականությունը:
Բավական է վերընթերցել պլենումի որոշումը, որպեսզի պարզ լինի նրա նշանակությունը: «Հաշվի առնելով ինքնավար մարզի հայ բնակչության իղձերը, Լեռնային Ղարաբաղի կոմունիստների ճնշող մեծամասնության կամքը, խնդրել ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյին քննարկել եւ դրականորեն լուծել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ՍՍՀ-ին միացնելու հարցը, դրանով իսկ ուղղելով 20-ական թվականների սկզբին Լեռնային Ղարաբաղի տերիտորիալ պատկանելությունը որոշելու ժամանակ թույլ տրված պատմական սխալը»: Այս որոշումը կարելի է աննախադեպ համարել, որովհետեւ ոչ միայն նախաձեռնությունն էր ներքեւից, այլեւ բովանդակությունն էր բավական համարձակ այն ժամանակների համար: Ուշագրավ է նաեւ մի այլ հանգամանք. որոշման առաջին կետում, որը մենք բաց ենք թողել, հավանություն է տրվում երկու հանրապետությունների աշխատավորներին, ժողովուրդներին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ. Ս. Գորբաչովի դիմումին:
ԽՍՀՄ պատմության մեջ թերեւս առաջինը կարելի է համարել Արցախի կոմունիստների համարձակ ընդվզումը քաղբյուրոյի կամայական ու կողմնակալ դիրքորոշման դեմ: Ռ. Պետրոսյանը նաեւ դրանով է պայմանավորել 1989 թ. հունվարի 12-ի հակասահմանադրական հրամանագրով մարզխորհրդի ու մարզկոմի գործունեությունը դադարեցնելը:
ՆԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
19.03.2019