Երգչուհի Անչոկը` չարության, շոու-բիզնեսի հարկվելու ու հին ու նոր իշխանությունում ընկերների մասին:
Երգչուհի Անչոկը (Աննա Աղաջանյանը) «Առավոտի» հետ զրույցում խոսելով երգիչներին հարկելու վերաբերյալ ՊԵԿ-ի՝ աղմուկ հանած որոշման մասին, ասաց, որ նորմալ է, երբ հարկվում են բոլորը, ուղղակի ի տարբերություն մնացած բնագավառների, շոու-բիզնեսի հարկումը այլ կերպ պետք է իրականացնել: «Երբ խոսքը գնում է հարսանիքների, ծնունդ-կնունքների մասին, այդ դեպքում յուրահատուկ ձեւ պետք է մշակվի, եւ արտիստների հետ քննարկվի: Օրինակ, հարսանիքին գնալ- երգելը իմ բիզնեսն է, որն ունի իր եկամուտը, բայց նաեւ որոշակի ծախսերը, ինչը բացակայում է մյուս բնագավառների պարագայում: Ասենք, եթե ես որեւէ հարսանիքին աշխատել եմ հազար դոլար, նաեւ շատ բաների վրա ծախս եմ արել` հագուստ, մեյք ափ եւ այլն»,-նշում է երգչուհին: Անչոկը համոզված չէ, որ բոլորը հավասար են հարկվում, ասում է, որ պետք է ամեն ինչը կարգավորվի, բոլորին կարողանան բերել ընդհանուր դաշտ: «Երբ արտիստները բորբոքվում են, դա էլ է նորմալ, աննորմալ է ժողովրդի վերաբերմունքը»,- նշում է նա:
«Երբ սկսում են վատ խոսել այն արտիստների մասին, որոնց տասնհինգ-քսան տարի սիրել են, բայց մեկ էլ սկսում են վատը դառնալ, իրենց երգերը` վատը թվալ, այդ չարությունը չեմ սիրում: Իսկ ինչ վերաբերում է հարկերին, նորմալ է: Յուրաքանչյուր երկրում էլ արտիստները հարկվում են, բայց դրան ինչ-որ ձեւ ու տարբերակ կա»,-հավելում է երգչուհին:
Մեր հարցին` Հայաստանում դասական իմաստով կա՞ շոու-բիզնես: «Ինչ-որ չափով կա, բայց այսօր միգուցե ավելի փոխվել է: Առաջ ուրիշ էր… Տասը տարի առաջ մարդիկ համերգներ էին գալիս, լսում էին, հրապուրվում էին, այսօր հավես չունեն, ավելի շատ իրենց առօրյայով, փող վաստակելով են տարված, բնականաբար, այստեղից էլ արտիստների պահանջարկն է ընկնում: Այսօր դժվար է գումար վաստակելը յուրաքանչյուր մարդու համար, իսկ մեր աշխատանքն ի՞նչ է` մենք զվարճացնում ենք մարդկանց, հաճույք ենք պատճառում, մարդիկ պետք է վաստակեն գումար, որպեսզի ես կարողանամ երգել… Եթե դուք գումար չեք վաստակում, ես էլ չեմ վաստակում: Դրսից նայում են, ամեն ինչ լավ է թվում, այսինչը մեքենա ունի, տուն ունի… Հա, ժամանակին վաստակել են, այսօր ունեն, բայց այսօր չեն վաստակում, որովհետեւ դուք չեք վաստակում:
Յուրաքանչյուր հեղափոխությունից հետո լինում են դժվար ժամանակահատվածներ, բայց ես հիմա հեղափոխությունից չեմ խոսի: Եթե հեղափոխությունն արվել է, որ մեր ապրելակերպը լավանա, դրան էլ ժամանակ է պետք, ինչին հասնելը շատ դժվար է: Մյուս կողմից էլ` մարդիկ պետք է փող վաստակեն, որ կարողանան ապրել, վարկերը փակել: Ոգեւորություն կա, բայց դա էլ շուտ անցնում է, որովհետեւ հասկանում ես, որ պետք է աշխատես, սակայն չկան պայմաններ աշխատելու համար, չկա աշխատանքը»,-ասում է մեր զրուցակիցը:
Հարցին` որպես արտիստ իրեն ի՞նչը չի բավարարում աշխատելու, ավելի ծավալվելու համար, Անչոկը պատասխանում է. «Ինձ չի բավարարում այն, որ մեր երկրում առաջ համերգները շատ էին, ու հիմա չկան: Առաջ քաղաքապետարանն էլ էր համերգներ կազմակերպում, ոչ մեծ գումար, բայց արտիստին վճարում էին, դու դուրս էիր գալիս բեմ, ու հանդիսատեսը քեզ ոգեւորում էր: Ես որպես արտիստ այդ ոգեւորության կարիքն ունեմ… Բոլորս էլ կարիք ունենք վաստակելու, բայց հանդիսատեսից եկող էներգետիկան ավելի կարեւոր է… Հիմա ոգեւորություն չեմ տեսնում մարդկանց մոտ: Ասենք՝ դուրս եկա, երգեցի, գումարը տվեցին, բայց էն ինչ-որ ուզում ես ստանաս, դա գումարը չի ախր…»:
Մեր զրույցի ընթացքում հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի հետ համագործակցությանն էլ անդրադարձ եղավ: «Սոսո Պավլիաշվիլիի հետ համագործակցում ենք, բացի անհատական ելույթներից, ես եւ Նարի Հարությունյանը տարիներ առաջ բացեցինք «Շանսոն» ակումբը, որտեղ հետագայում մասնակցություն ունեցավ Սոսո Պավլիաշվիլին: Երբ ինքը լինում է Հայաստանում, նա նաեւ մեզ մոտ համերգներ է ունենում: Մենք ունենք շատ ընկերներ դրսում, վերջերս եկավ Անգելինա Կապլանը: Շատ է պատահում, երբ գալիս են մեզ ունկնդրելու, եթե արտիստ են, բարձրանում եւ բեմում երգում են: Դրա համար տպավորությունն այնպիսին է, որ մեզ մոտ անընդհատ դրսից մարդիկ են գալիս, բայց ավելի ընկերական մթնոլորտ է: Օրինակ, Արսեն Սաֆարյանի համերգը եղավ մեզ մոտ, շատ ջերմ անցավ… Ընդհանրապես մեր ունկնդիրը երեսունից բարձր է… Որպես երաժշտություն շանսոնը ավելի շատ խոսք է, պատմություն եւ ասելիք է, երեսունից հետո ես այդ երաժշտությունն ընկալում, պատկերացնում»,- նշեց Անչոկը:
Երեւանյան այսօրվա երաժշտական ներկապնակը բնորոշելիս` ասաց, որ Երեւանը միշտ ընկալվել է որպես երաժշտական ճաշակ ունեցող քաղաք. «Ամբողջ աշխարհում այսօր փոփոխություններ կան, Երեւանն էլ բացառություն չէ: Մենք չենք կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ճաշակը փոխվում է: Ես չեմ սիրում քննադատել, կուզենայի, որ ինչ երաժշտություն էլ որ լիներ, բարձր որակ ունենար, որովհետեւ յուրաքանչյուր երաժշտություն իր լսողն ունի»:
Անչոկը չի թաքցնում՝ նախկին իշխանությունների մեջ էլ ընկերներ ուներ, այսօրվա իշխանությունների մեջ էլ: Ասում է` ինքը մարդուն գնահատում է անկախ զբաղեցրած պաշտոնից եւ երբեք չի ուրանում իր ընկերներին: Անուններ չտվեց, ասում է` բոլորը գիտեն ում մասին է խոսքը. «Ինձ համար բացարձակ միեւնույն է` իշխանություն կլինի, թե չիշխանություն, ես արվեստի մարդ եմ, բարեբախտաբար, պաշտոն չունեմ, իսկ այն, ինչ ես ունեմ, ոչ ոք չի կարող ինձանից վերցնել: Ես երգում եմ եւ երգելու եմ: Ունեմ ընկերներ հին իշխանությունից, դրանից չեմ ամաչում, իրենց շատ սիրում եւ հարգում եմ, որովհետեւ ես իրենց չեմ ընդունել եւ հարգել, ինչ է թե եղել են իշխանություն: Ես կարող է մարդու դիրքորոշումը որեւէ հարցի վերաբերյալ չընդունեմ, բայց դա չի խանգարի, որ իրեն հարգեմ»:
Անչոկը նաեւ խոստովանեց, որ սկսել է մտածել Հայաստանից հեռանալու մասին. «Այսօր ես մտածում եմ, որ պետք է գնամ ու ամաչում եմ դրա համար… Դուրս է գալիս, որ ես չդիմացա»: Մարդկանց մեջ էլ կարեւորում է անկեղծությունը, ոչ մի հարաբերության մեջ ընդունելի չի համարում չարությունը:
Նա նաեւ զարմանում է, որ սոցցանցերում ամենաչար մեկնաբանություն գրողները եւ հայհոյողները կանայք են. «Մտածում եմ` այդ կանայք չունե՞ն տուն, մարդ, որի մասին մտածեն, բորշչ եփեն: Ես հասկանում եմ, որ այսօր շատ ծանր է ապրելը, փող վաստակելը, բայց դա չպետք է չարացնի մարդկանց: Արտիստների կողմից էլ կան որոշ սխալներ, բայց միեւնույն է` չի կարելի չարանալ»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Աննա Աղաջանյանը:
«Առավոտ» օրաթերթ,
19.03.2019