Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային եթերը նոր բովանդակություն եւ որակ է պահանջում

Մարտ 20,2019 12:30

Այս օրերին մրցույթ է հայտարարվել հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի նախագահի թափուր տեղի համար: Այդ առթիվ ԶԼՄ-ներում հրապարակումներ կան հիմնականում հնարավոր թեկնածուների հետ կապված: Դրա հետ մեկտեղ արտահայտվում են հանրային հեռուստառադիոընկերության  գործունեության  մասին որոշ գնահատականներ, կարծիքներ, տեսակետներ: Ճանաչված հեռուստալրագրող, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախաձեռնության հեղինակ, հեռուստատեսության տեսության և պրակտիկայի մասնագետ, բանասիրակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանին խնդրեցինք պատասխանել մի քանի հարցերի, որոնք առնչվում են հիմնականում հանրային հեռուստատեսության ու ռադիոյի հիմնախնդիրներին:

-Հետաքրքիր է, ինչպե՞ս ստեղծվեց  «ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը:

-Ես Ազգային ժողովի պատգամավոր դարձա, երբ հեռուստալրագրող էի և, բնականաբար, ինձ պետք էր որպես պրակտիկի հետաքրքրեր ԶԼՄ-ների, մասնավորապես` հեռուստատեսության և ռադիոյի բնագավառների օրենսդրությունը: Ուստի նախաձեռնեցի, առաջարկեցի  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և քննարկումների շուրջ երկտարյա ճանապարհ անցնելով` 2000 թվականի  հոկտեմբերի 9-ին  օրենքն ընդունվեց: Վերոնշյալ օրենքը ոչ միայն կարգավորում էր գործող հեռուստառադիոհամակարգը, այլև` նոր ձևավորվող մասնավոր հատվածը և սպասվելիք հանրայինը, որը 2001 թվականի հունվարին սկսեց ձևավորվել: Եթե հիշում եք,   հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի առաջին նախագահը Տիգրան Նաղդալյանն էր:

-Պարոն Երիցյան, կարելի է՞ ասել, որ անցած- գնացած տարիների ընթացքում կայացել է հանրային հեռուստատեսությունը և ռադիոն:

-Չնայած դրանց ստեղծումից 18 տարի է անցել, բայց դժվար է միանշանակ պատասխան տալ: Գուցե այո, որովհետև հանրայինը`  օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից անկախ, ձգտել է կայանալ` առաջնորդվելով օրենսդրության սկզբունքներով` հաստատելով իր տեսակը:

-Իսկ այդ  18 տարիների ընթացքում գիտակցվել է՞ այդ ամենը և հեռուստառադիոհաղորդումների բովանդակության  փոփոխության տեսքով իր  արտահայտությունն է գտել հանրայինի  եթերում:

-Այո, բայց ոչ ամբողջական չափով և լիովին:Այս ընթացքում հեռուստառադիոընկերությունը ձգտել է թոթափել պետական լինելու կարգավիճակը,  թուլացնել իշխանական    թելադրանքային ազդեցությունը և միջամտությունը, իսկապես ձգտելով վերածվել անկախ, անկողմնակալ եթերային ինքնուրույն քաղաքականություն ունեցող հեռուստատեսության և ռադիոյի:  Եվ պատահական չէ,  որ հանրայինի եթերում անցած ժամանակահատվածում տեղ են գտել տեղեկատվական հոսքի, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային հաղորդումների բազմազանություն, բայց ոչ միշտ լսարանի հետաքրքրություններին համապատասխան հաղորդատեսակների, ձևաչափերի ու հաղորդաշարերի տեսքով, որոնք բխում են հանրության պահանջմունքներից:

-Հետաքրքրություններից, թե պահանջմունքներից: Դուք այս երկուսը նույնացնում ե՞ք:

-Իհարկե դրանք չի կարելի լիովին նույնականացնել, քանի որ առնվազն եթերի համար դրանք տարբեր են իրենց նշանակությամբ: Տվյալ դեպքում հանրության հետաքրքրությունները ՀՀ քաղաքացիների  արժեհամակարգն է` իր ամբողջության մեջ, որը ձևավորվում է լայն տարածության մեջ և երկար ժամանակի ընթացքում: Իսկ պահանջմունքը կոնկրետ է և սահմանափակ, հասցեական և կիրառական: Եվ բնականաբար բխում է լսարանի կյանքի` տարբեր ոլորտներին առնչվող  հանրային խնդիրներից: Այս իրողությունն էլ իրենց գործունեության մեջ ավելի նպատակային են  կիրառում  մասնավոր հեռուստաընկերությունները` իրենց հաղորդումները հարմարեցնելով` իջեցնելով կամ բարձրացնելով լսարանի պահանջմունքներին համապատասխան` ցածր կամ բարձր մակարդակով` ապահովելով իրենց գովազդների դիտելիության ցանկալի աստիճանը: Իսկ հանրայինի ծրագրային քաղաքականությունը պետք է հիմնված լինի նախ և առաջ  հանրության արժեհամակարգի հիման վրա և դրանից ելնելով էլ պետք է ձևավորվի հանրայինի եթերի ընդգրկուն և բազմազան հաղորդացանցը` չբացառելով պահանջմունքների հաշվառումը, վերլուծությունը և եզրահանգումներ կատարելը:

Բայց միշտ չէ, որ հստակ են գիտակցվել ու գիտակցվում հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կարգավիճակը և  գործունեության սկզբունքները : Թերևս անցած ժամանակը ցույց է տալիս, որ դրանք կարող էին օրենսդրական և ենթաօրենսդրական ավելի կոնկրետ և հասցեական   և  լուծումներ ունենալ և  հույսը չդնել ծրագրային քաղաքականությունում  դրանց ամրագրելուն: Եթե, օրինակ, հաղորդաշարերը առնչվելու են տարբեր սոցիալական շերտերին, ապագա պահանջը պետք է ավելի կոնկրետացնել հեռուստառադիոընկերությունների ծրագրային քաղաքականության նկատմամբ, օրինակ, հաղորդումներ երեխաների, հենաշարժողական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կամ տարեցների համար, որը թույլ կտա հեռուստառադիոընկերություններին ստեղծել ավելի հստակ և հասցեական, հանրության հետաքրքրությունը բավարարող հաղորդաշարեր:Այդ դեպքում վերահսկողությունն էլ հանրային խորհրդի կողմից  կլիներ ավելի նպատակային ու կոնկրետ: Շատ երկրներ ժամանակակից զարգացումներում գնացել են օրենսդրության բարեփոխման հենց այս ճանապարհով:

-Երբ ընթերցում ենք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, տեսնում ենք, որ օրենսդրությունը սահմանափակ պարտականություններ է դնում հեռուստառադիոընկերության խորհրդի առջև: Արդյոք այդ ամենը բավակա՞ն  է ունենալու բոլորիս  հետաքրքրությունները բավարարող հեռուստառադիոընկերություններ և որքա՞ն է այդտեղ կարևոր հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի դերակատարությունը:

-Մեր իրականությունում թյուր են հասկանում և մեկնաբանում հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի  գործունեությունը` այն խառնելով հեռուստառադիոընկերությունների գործառույթների և նպատակների հետ: Պետք է հստակեցնել, որ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հիմնական առաքելությունը`  օրենսդրությունից բխող իր գործունեության միջոցով իրագործել հանրային եթերի բովանդակային և ընթացակարգային վերահսկողությունը, որպեսզի չխաթարվի հանրային հեռուստառադիոեթերի անկողմնակալությունը և անկախությունը: Իսկ դրան հասնելու ուղիներից մեկը  և ամենակարևորը հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության բաց և թափանցիկ լինելն է, որը ցավոք, ոչ միշտ է այդպես դրսևորվել վերջին տարիներին:

-Այսինքն ուզում եք ասել, որ հանրությունը լիովին չի  տեղեկացվում,  թե  խորհրդի կողմից հանրային հեռուստառադիոեթերի վերահսկողությունը ինչպես է գործում և ինչ ազդեցություն  թողնում լսարանի վրա: Կամ հանրային հեռուստառադիոընկերությունների հաշվետվությունների և ծրագրային քաղաքականության հաստատման ժամանակ ինչ կարևոր հարցադրումներ են հնչում, կամ  արդյո՞ք քննարկվում են, թե ինչպես են կատարվել օրենքի պահանջները:

-Ցավոք, այդպիսի տեղեկատվություն այս պահին անգամ փնտրտուքներից հետո չենք տիրապետում: Առավել ևս որևէ հանրայնացված արդյունք չենք տեսել, ասենք ևս մեկ ոչ պակաս կարևոր օրենսդրական պահանջի կատարման  և կիրառման մասին. «Առնվազն տարին երկու անգամ կազմակերպում է հանրային հեռուստաընկերության և ռադիոընկերության գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ և հրապարակում դրանց արդյունքները»:

-Ասել է թե  հեռուստառադիոընկերությունները, հանրային խորհուրդը  անընդհատ  պե՞տք է տիրապետեն տեղեկատվության` լսարանի  հետաքրքրությունների, արժեհամակարգի , պահանջմունքների, անգամ նրանց  հեռուստառադիովարքագծի մասին:

-Անկասկած դրան հասնելու նպատակով նոր ջանքեր, հստակ գործունեություն և ծրագիր է անհրաժեշտ: Գուցե կրկնեմ, բայց ապագայում կարիք կլինի ավելի հրապարակային դարձնել հանրային խորհրդի գործունեությունը ինչպես վերահսկողության արդյունավետության բարձրացման, այնպես էլ հրապարակային գործունեություն ծավալելու առումով: Չէ որ հենց խորհուրդն է, որ ելնելով օրենսդրությունից և ներկայացրած ծրագրային քաղաքականությունից պահպանում է իսկական հանրային դառնալու դժվարին ճամփան, հանրային հեռարձակողի գործունեության առաջնահերթությունները` խմբագրական անկախության, անկողմնակալության, իշխանությունների կողմից ազդեցության  նվազեցման,  քաղաքական, առևտրային և այլ ճնշումների բացակայության   պայմաններում: Ծրագրային քաղաքականության  դրսևորումները և դրանց մաս կազմող հիմնական հաղորդատեսակները պետք է հանրության հետաքրքրությունների մակարդակին համապատասխան եթերային համամասնություններ ունենան: Այստեղ  միայն պահանջմունքը չի կարող առաջնային լինել: Այդ դեպքում դասական երաժշտությունը եթերում երբեք իր տեղը չի ունենա,  կամ երբեք հաղորդումներ չեն լինի տարբեր սոցիալական, մասնագիտական, տարիքային խմբերի մասին: Իսկ ժողովրդավարության,   անկախ ու անկողմնակալ տեղեկատվության սկզբունքներից պետք է միշտ սնվեն, օրինակ լրատվական անընդհատ հոսքի ապահովման գործոնները, որի նպատակը պետք լինի լսարանին հասցնել ամբողջական և բազմազան տեղեկատվություն երկրում, նրա տարածաշրջաններում, սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հենց հանրային լսարանն է ակնկալում, որ եթերային ամենահարմար ժամերին ամբողջական դրսևորումներով իրենց կմատուցեն անհրաժեշտ տեղեկատվական հոսքեր և դրանց հասարակական-քաղաքական-տնտեսական վերլուծությունները, հասարակությունում գոյություն ունեցող կարծիքների, գնահատականների, անկողմնակալ մոտեցումների ամբողջական ներկայացմամբ, բայց  ոչ երբեք լրագրողական սեփական կարծիքների  անվերապահ պնդմամբ, որին ցավոք երբեմն ականատես ենք լինում եթերում: Սրա փոխարեն հանրային եթերը պետք է միշտ ականջալուր լինի հանրության հետաքրքրությունների ամբողջական շրջանակին և հաղորդաշարերի տեսքով ձգտի այդ ամենը եթեր բերել: Բարեբախտաբար դրա փորձառությունը կա հաղորդաշարերի տեսքով: «Կտոր մը երկինք», «Ուսուցիչը», «Օտար ամայի ճամփեքի վրա» և այլն:

Ընդհանրապես հանրային եթերը չի կարող որոշակի պարբերականությամբ չարտահայտել էթնիկ, մշակութային, ազգային-լեզվական, հոգևոր արժեքները և բազմազանությունը:

-Այնպես է ստացվել, որ առանձին երկրներում հանրային հեռուստառադիոընկերությունները իրենց ընդհանուր մակարդակով զիջում են մասնավորներին: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում:

– Ցավոք, այդ միտումը իր դրսևորումներն ունի նաև Հայաստանում, որի մեջ տեսնում եմ սուբյեկտիվ, չարդարացված գործոններ և իրողություններ: Այնինչ մեր նման երկրներում, երբ  հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից է և կարելի է եթերի զարգացման համար միջոցներ ներգրավել նաև այլ աղբյուրներից, կարող են  եթերում լինել  բոլոր առումներով առաջատար և բովանդակային, տեխնիկական, բարձր մակարդակ ունեցող հեռուստաալիքներ: Օրինակ, վերջին տարիներին պարբերաբար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը աջակցող Չինաստանը ծրագիր ունի  իր նմանը չունեցող հեռուստատեսային սրահ կառուցել և հագեցնել` անհրաժեշտ տեխնիկայով և տեխնոլոգիայով, որով կարելի է մասնագիտական հրաշքներ գործել, եթե  լինեն հանրային  հեռուստառադիոընկերությունները  ի զորու լինեն ներգրավել նաև մասնագիտական առումով անհրաժեշտ բարձրակարգ ստեղծագործական աշխատողներ:  Թերևս թվային հեռուստատեսության զարգացումը թույլ է տալիս և մղում է  հեռուստաընկերություններին  ավելի  համարձակ և բազմազան ծրագրեր իրագործել ու ծավալել, ճիշտ օգտագործել հեռուստատեսային և համացանցային հարթակների ակտիվ զուգակցումը եղած ալիքների եթերային հնարավորությունները:  Փաստորեն հանրայինի առաջին ալիքի  տեղեկատվական հասարակական–քաղաքական ուղղվածության զարգացումը նոր տեսլականի անհրաժեշտություն է առաջացնում, որ այն դառնա հանրային կարծիքի և հետաքրքրությունների, տեղեկատվական, հասարակական-քաղաքական և նմանօրինակ այլ ուղղությունների ակտիվացմամբ արտահայտման իսկական հարթակ, իսկ «Շողակաթը», որ հռչակված է հոգևոր-մշակութային ուղղվածության ալիք, հնարավորություն ունենա զարգացնել տարբեր հաղորդատեսակների եթերային բազմազանությունը`  ժամանակակից տեխնիկական միջոցների ակտիվ կիրառմամբ և ուղիղ հեռարձակումների ակտիվացմամբ: Ընդհանրապես ժամանակակից կյանքի արագությունը, մեծ շարժունություն ունեցող տեխնիկական միջոցների առկայությունը մեզ մղում է վերադառնալու կենդանի հեռարձակումների հին, բայց նորովի իրականացվող պրակտիկային, որը ավելի ու ավելի է գրավիչ ու հետաքրքիր  է դարձնում եթերը: Իսկ դրա օրինակները լայն դրսևորումներ ունեն մասնավորի եթերում` զերծ պահելով նաև անհարկի միջամտություններից, տարբեր ազդեցություններից: Մնում է, որ այս բոլորը հնարավոր լինի տեղավորել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների և աշխարհաքաղաքական հնարավոր մարտահրավերների տրամաբանության մեջ և իսկապես առաջիկա տարիներին հանրային հեռուստառադիոեթերը դարձնել ավելի հետաքրքիր, ցանկալի և սպասելի  Հայաստանի ամեն մի քաղաքացու և սփյուռքի մեր հայրենակիցների համար` այն համարելով դիտարժան պատուհան հայոց իրականության, պետականության և համամարդկային զարգացումների համար:

-Դուք որևէ մեկին տեսնու՞մ եք, որ  Ձեր ներկայացրած խնդիրների լուծման գործում կարող է քարը քարի վրա դնել:

-Ճիշտն ասած, հստակ չգիտեմ, թե ովքեր հավակնություններ ունեն այդ պաշտոնի համար, բայց համոզված եմ, որ պետք է լինեն փորձառու և գիտակ, հեռուստառադիոեթերի մերօրյա վիճակով և զարգացումներով անհանգստացած, հնարավորինս անկողմնակալ և անկախ հեռուստառադիո և մշակութային գործիչներ, որոնք կարող են ապահովել հանրային հեռուստառադիոեթերի այնպիսի զարգացում, որ այն ծառայի միայն հանրությանը` ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների հետաքրքրությունների և պահանջմունքների բավարարմանը:

Հարցազրույցը վարեց ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

19.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031