Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում, որտեղ 2,5 միլիոն հայ է ապրում, չունենք որևէ հայկական ուղղվածության, բառիս բուն իմաստով՝ զանգվածային սփռման լրատվամիջոց

Մարտ 19,2019 22:40

Հետաքրքիր է, եթե Ամերիկայի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆֆերսոնը, որը մոտ երկու դար առաջ հավաստիացնում էր, որ երկընտրանքի պարագայում, ինքը միանշանակ կընտրի մամուլն առանց կառավարության և ոչ թե հակառակը, հայտնվեր ժամանակակից իրականության մեջ, ինչպիսի՞ պատասխան կտար այդ նույն հարցադրմանը՝ թերթե՞րն առանց կառավարության, թե կառավարությու՞նն առանց թերթերի:

Համոզված եմ, որ իր կազմում մեծ քանակով լրագրողներ ու լրատվական ոլորտի աշխատակիցներ ունեցող այսօրվա մեր իշխանությունն այդ նույն հարցին կտար նույն պատասխանը, ինչ Ջեֆֆերսոնը: Սակայն, վերջերս, պարբերաբար լրատվամիջոցների հասցեին ուղղված դժգոհությունն ու դաստիարակչական աշխատանքը, որը, ի դեպ, միայն բարդացնելու է մամուլի և կառավարության միջև հարաբերությունները, վկայում է այն մասին, որ, գուցե, որոշ իշխանավորների կողմից, լիներ նաև այսպիսի պատասխան՝ կառավարությունը ոչ թե առանց, այլ մեր նախընտրած մամուլով:

Այո, ինչպես իշխանությունը, այնպես էլ մամուլը պարբերաբար ունենում է սայթաքումներ, սակայն, դա է միակ ճանապարհը ինքնակատարելագործման: Եվ կոչ անել մամուլին, ասենք՝ օրինակ, որ բացի վարչապետի տարածած տեղեկություններից՝ չհավատալ ոչ մի այլ պաշտոնյայի ասածի, ինչպես կոչ է արվում լսարանին հավատալ միայն մի քանի լրատվամիջոցների անաչառությանը, համաձայնեք, բավականին անհեթեթ իրավիճակ կստեղծի:

Անաչառությունը, որը ակնկալվում է ԶԼՄ-ներից, մամուլի աշխատանքի հիմնաքարն է, սակայն, տպավորություն է, որ իշխանությունն ու լրատվամիջոցներն անաչառություն ասվածի շուրջ ունեն տարբեր պատկերացումներ: Անաչառ կարող է համարվել նաև քննադատությունը կառավարության սխալների շուրջ, դժգոհությունը այս կամ այն բարեփոխումից, բողոքը այս կամ այն որոշման դեմ, համակրանքը մեկ այլ քաղաքական կամ ոչ քաղաքական ուժի նկատմամբ, հակակրանքը այս կամ այն իշխանավորի հանդեպ և այլն:

Մամուլն այսօր, համաշխարհային մեդիաիրականության մեջ, վերածվել է մի հզոր գործիքի, որը ի վիճակի է հզոր ազդեցություն գործել հասարակությունների գիտակցության վրա և հասկանալի է, որ կառավարությունները ձգտում են, փորձում են կառավարել այդ ուժը, օգտվել այդ գործիքից իրենցն հարմար մեթոդներով: Դա բնական է, սակայն, պետք է հիշել, որ այդ գործիքը օգտագործելու առավել արդյունավետ տարբերակներ կան, օրինակ, արտաքին լսարանի ուղղությամբ աշխատանքը:

Հայաստանյան բոլոր իշխանությունները մշտապես և սևեռուն կերպով կենտրոնացած են եղել ներքին լսարանի գիտակցությունը մշակելու և տեղական ԶԼՄ-ների աշխատանքը այս կամ այն կերպ վերահսկելու վրա, բայց պատկերացրեք, թե ինչպիսի նվաճումներ կունենայինք մենք արտաքին աշխարհում մեր շահերը առաջ մղելու գործում, երբ հանգիստ թողնեինք վերջիններիս և մեր ուժերը կենտրոնացնեինք արտաքին քարոզչության (չվախենանք այդ բառից) վրա:

Ռուսաստանը, օրինակ, ըստ Բրիտանական կառավարման ինստիտուտի, Russia Today-ի ու Sputnik-ի վրա, որոնք աշխատում են արտաքին լսարանի համար, տարեկան ծախսում է մոտավորապես 600 միլիոնից 1 միլիարդ դոլար: Russia Today-ը հեռարձակվում է աշխարհի 100 երկրներում՝ չորս լեզվով: Բացատրությունները, թե Ռուսաստանը որպես երկիր հետաքրքիր է արտաքին աշխարհին և միայն դրանում է հիշյալ լրատվամիջոցների հաջողության գաղտնիքը, մեղմ ասած, միամտություն է:

Հավատացնում եմ, որ Հայաստանն էլ, թե քաղաքական, թե տուրիստական, թե մշակութային առումով բավականին հետաքրքիր երկիր է իր անմիջական հարևանների համար և դրանում համոզվելու նպատակով, բավական է մոնիթորինգի ենթարկել ռուսալեզու ինտերնետն ու ռուսական լրատվամիջոցները հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանում որևէ իրադարձություն է տեղի ունենում: Արձանագրենք մի այսպիսի թիվ՝ РИА новости լրատվական գործակալության էջերում 2018-ի հունվարից մինչև ապրիլ Հայաստանի մասին հիշատակվել է 311 անգամ, իսկ ապրիլի 8-ից մինչև մայիսի 13- ը` 811 անգամ:

Այլ հարց է, որ հիմնականում հեղափոխական իրադարձությունները լուսաբանում էին բացասական լույսի տակ, սակայն, այստեղ մենք էլ ունենք մեղքի մեր բաժինը, որը վերաբերվում է վերոհիշյալ մտքին՝ արտաքին լսարանի հետ աշխատանքը շարունակաբար անտեսելու հետ կապված:

Այդ նույն աշխատանքի բացակայության կամ ոչ լիարժեք լինելու առումով է, որ հարևան երկիրը՝ Ադրբեջանը, չափազանց ակտիվորեն է գործում ռուսալեզու հարթակում: Ադրբեջանական քարոզչության մասին կարելի է ոչ թե լրատվական, այլ գիտական հոդված գրել, սակայն, կբերեմ մեկ օրինակ: Լուսանկարներում ներկայացված ամսագիրը կարելի է հանդիպել մոսկովյան մի քանի խոշոր առևտրային կենտրոններում և որոշ խանութներում, իսկ հայկական թեմատիկայով նման բան, համենայն դեպս ես, տասը տարվա ընթացքում, դեռ չեմ հանդիպել ոչ մի տեղ:

Հասկանալի է, որ մեր պետությունը ահռելի ծախսերի պատրաստ չէ, սակայն, մենք, նույնիսկ, Ռուսաստանում, որտեղ 2,5 միլիոն հայ է ապրում, չունենք որևէ հայկական ուղղվածության, բառիս բուն իմաստով զանգվածային սփռման լրատվամիջոց՝ թերթ, ամսագիր, հեռուստաընկերություն, ռադիո, ինտերնետային լրատվական կայք, Էլ չեմ խոսում ռուսալեզու թեմատիկ գրականության մասին, որը պետք է տարածվի գրախանութներում ու գրադարաններում: Իսկ պահանջարկ կա:

Վերջերս Մոսկվա էր ժամանել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, հանդիպում էր ունեցել ռուսական մեդիադաշտի ներկայացուցիչների հետ, ինչը սպասված նախաձեռնություն էր, սակայն, հետաքրքրվե՞լ էր արդյոք պրն Կարապետյանը, թե հայկական ուղղվածության ինչպիսի լրատվամիջոցներ կան այսօր Ռուսաստանում, գոնե Մոսկվայում և հանդիպե՞լ էր արդյոք հայազգի այն լրագրողներին ու խմբագիրներին, ովքեր աշխատում են այստեղ, երկխոսե՞լ էր, թե ինչպիսի փոխշահավետ համագործակցություն կարելի է ծավալել՝ մեկ ընդհանուր նպատակի հասնելու համար: Ոչ, նման շփում տեղի չի ունեցել, պնդում են մեր գործընկերները, մի քանիսն էլ, կես կատակ կես լուրջ նկատում են, որ գոնե երկխոսեն մեր հետ ու ասեն, որ ձեր գործունեությունը այնքան էլ անհրաժեշտ չէ, ինչպես ենթադրում եք, փակվեք գնացեք ձեր գործերով:

Երբ որևէ իրադարձությունից հետո, ռուսական լրատվամիջոցների կողմից մեզ համար ոչ ականջահաճո հրապարակումներ են սկսում տեղալ լսարանի ականջներին, կամ որևէ հարցում մեր շահերին ոչ համընկնող լուսաբանումներ են հայտնվում ռուսական մամուլում, մենք լրջորեն նեղանում ենք և ակնկալում արդարություն, հավատում, որ ռուսական մամուլը ինքնակամ պետք է առաջ տանի մեր տեսակետները, չհամակերպվելով այն մտքին, որ նման բան երբեք չի եղել ու լի լինելու: Միայն մենք կարող ենք պարտադրել մեր ճշմարտությունը արտաքին աշխարհին և դա անելու համար պահանջվում է շարունակական ու բազմավեկտոր ուղղվածության աշխատանք, բայց, կարծես թե, դեռ միայն աշխատանք է տարվում ցանկալի ճշմարտությունը ներքին լսարանին պարտադրելու համար:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031