Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը «տուկի թել» բաժանողներին հիշելով՝ Ծառուկյանի դա՞շտն էր բոչկա գլորում, թե՞ ո՞ւմ

Մարտ 19,2019 21:35

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին՝ վերջին 10 ամիսներին քաղաքացիների վիճակը բարելավվե՞լ է՝ մի քանի ցուցիչներ ներկայացնելով՝ պատասխանեց. «Ամենակարեւոր փոփոխությունը որն է՝ Հայաստանում կար էլիտա, որն ասում էր՝ մենք բրինձ կբաժանենք, ժողովուրդ ջան, կարտոշկա կբաժանենք, տուկի թել կբաժանենք եւ այլն: Մեր քաղաքականությունը հետեւյալն է՝ մարդկանց համար պետք է ստեղծենք հնարավորություններ: Նախկին էլիտան ասում էր՝ ժողովուրդ ջան, ձեզ կթալանեմ, ձեզ էլ մի բան կտամ, սուս մնացեք: Ոստիկանությունով էլ կճնշեմ, որ տներից դուրս գալու համարձակություն չունենաք: Նախկին քաղաքական էլիտային ձեռնտու չէր, որ մարդը աշխատի, վաստակի, որովհետեւ աշխատող մարդը քաղաքականապես ինքնուրույն ու ինքնիշխան է, նրան հնարավոր չի 5000 դրամով գնել»:

Հաշվի առնելով, որ տուկի թել բաժանելը կապվում է ԲՀԿ-ի հետ, ԲՀԿ-ականներն են տուկի թել բաժանելով զբաղվել ընտրություններին, մենք ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հարցրեցինք՝ վարչապետի քննադատությանը նորմա՞լ են վերաբերվում, ընդունո՞ւմ են այն: Բագրատյանն ասաց, որ չեն ընդունում, որ դա իրենց է վերաբերվում. «ԲՀԿ-ն, ավելի շուտ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շրջանակներում ինչ-որ բան բաժանել է, բայց դա չի կարող մեզ վերաբերվել, եթե ուղիղ խոսքով մեզ ասվեր, մենք կպատասխանեինք: Բայց չեմ կարծում, որ դա մեզ էր վերաբերվում»:

Հարցին՝ դուք ընդունո՞ւմ եք, որ այսօր քաղաքացու սոցիալական վիճակը բարելավվել է՝ Բագրատյանը պատասխանեց. «Չկա նման բան, ոչ մի բան դեռեւս չի բարելավվել: Ինքը հետաքրքիր մի հարցադրում արեց, որը միգուցե ճիշտ էր, ասաց՝ բայց չէ՞ որ ավելի վատը չի գնացել: Այսինքն, եթե առաջընթացը ակնհայտ չի, բայց հետ էլ չենք գնացել, վիճակը չի վատացել: Բայց ասել, որ քաղաքացիների կյանքում բան է փոխվել, այդպես չի»:

Մեր դիտարկմանը, որ որպես ամենակարևոր փոփոխություն, վարչապետն ասում է, որ այլեւս քաղաքացիներին բրինձ ու տուկի թել չեն բաժանում քաղաքական ուժերը, մարդկանց էլ 5000 դրամով չեն առնի՝ Բագրատյանն արձագանքեց. «Նախկին ընտրություններին նման պրակտիկա եղել է, բայց հիմա չկա, այլեւս հեղափոխության արդյունքում նոր մշակույթ ձեւավորվեց, քաղաքական կամք դրսեւորվեց ու ի պատիվ բոլոր քաղաքական ուժերին, անսացին խաղի նոր կանոններին ու հաջողված ընտրություններ կայացավ: Բայց դա կապված չի մարդկանց սոցիալական վիճակի բարելավման հետ»:

Մեր հարցին՝ Փաշինյանն ասում է՝ հին համակարգի բովանդակային մնացորդները Հայաստանում որեւէ անելիք չունեն, ուզում է միլիոն ծախսեն, ուզում է միլիարդ ծախսեն, հին համակարգ ասելով՝ մենակ ՀՀԿ պետք է հասկանա՞նք ու Քոչարյանի շրջանա՞կը, թե՞ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ուժերին էլ պիտի հասկանանք՝ Բագրատյանը պատասխանեց. «Ես կասեի՝ հին մտածողություն, ոչ թե որեւէ քաղաքական ուժ, այսինքն, զոռբայությամբ, կաշառքով, թալանով աշխատել այլեւս անթույլատրելի է; բոլոր ժամանակներում էլ եղել են պարկեշտ քաղաքացիներ ու անազնիվ քաղաքացիներ եւ դա կապել որեւէ քաղաքական ուժի հետ ճիշտ չի: Նույն ՀՀԿ-ի մեջ էլ շարքային քաղաքացիներ են եղել, որ ազնիվ են եղել: Ուղղակի այն ժամանակ դրվածքն այնպիսին էր, որ ովքեր չեն անում էդ թալանը, համարվում են անճար մարդիկ, այսինքն, փիլիսոփայությունն էր սխալ դրված, հիմա դա չկա: Եթե այն ժամանակ լկտիությունը, նենգությունը համարվում էր խիզախություն, հիմա համարվում է նենգություն ու հենց լկտիությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031