«Ես փորձում եմ այս պահին մեր իշխանություններից ստանալ պատասխան՝ կա՞ արդյոք մադրիդյան 3 սկզբունքների եւ 6 տարրերի վերաբերյալ որեւէ մեկնություն, որ կարող է հայկական կողմի համար ձեռնտու լինել, ես մինչեւ հիմա պատասխան չունեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի ու Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած նոր մոտեցման մասին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ «Մենք, ըստ էության, 2018-ի մայիսի 8-ին հստակ իմացել ենք, որ ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ նոր շատ կարեւոր տարր է մտնում, պահանջ է մտնում, որ հայկական կողմը բանակցային գործընթացի ամբողջության համար պատկերացնում է Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղան ու արտաքին քաղաքական ամբողջ գերատեսչությունը որեւէ ձեւ չի փորձել միջազգային հանրությանը պատրաստել այս գաղափարը կենսագործելու ու այն սպասարկելու համար: Ես հիմա պատրաստվում եմ պահանջել մեր արտգործնախարարությունից, թե, օրինակ, մեր դեսպաններին առհասարակ որեւէ հանձնարարություն 2018-ի մայիսից իջեցվե՞լ է, որպեսզի նրանք համապատասխան ուղեղային կենտրոններում, ռեզիդենտ երկրների իշխանությունների հետ, համալսարաններում, ԶԼՄ-ներով հիմնավորեն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն իրավացի իր այս մոտեցման մեջ: Ոնց հասկանում եմ, դեսպանների իմ իմացած նեղ շրջանակն ասում է, որ մենք այդպիսի հանձնարարություն չենք ստացել ու ով էլ ինչ արել է, արել է սեփական նախաձեռնությամբ, որի իրավունքը չի ստացել»:
Արման Բաբաջանյանն ասաց, որ իրեն շատ մտահոգում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մարտի 9-ի հայտարարության տոնայնությունը ոչ մեկին չի անհանգստացրել. «Հայկական կողմին ուղղակի վերջնագրային տոն կար այդտեղ: Ես պատասխանատուների հետ խոսում եմ, ասում եմ՝ առնվազն մեկ շաբաթ առաջ դուք գիտեիք, այդ հայտարարությանը ծանոթ էիք, ճի՞շտ է, ասում են՝ այո, դուք ձեր գործընկերներից մեկի հետ փորձե՞լ եք խոսել ու կանխել, գոնե այդ տոնայնությունը չեզոքացնեիք այդ նամակից: Եթե Հայաստանի արտգործնախարարի ու ՌԴ-ի արտգործնախարարի միջեւ կայացած հեռախոսազրույցը դառնում է մամուլի հաղորդագրության առարկա, կարելի է չէ՞ պատկերացնել, որ մեր վիճակն այնքան վատ է, որ մենք չենք կարողանում մեր գործընկերների հետ հեռախոսով խոսենք հարցերի մասին ու տոնայնությունը չեզոքացնելու ջանքեր գործադրել: Մեր նախարարը Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել ու դրա մասին հաղորդագրություն են տարածել, այսինքն, դա այդքան մեծ առիթ է, իրադարձություն է հա՞ մեզ համար: Երկու ռազմավարական գործընկերներ երկրների արտգործնախարարներն իրար հետ անընդհատ պետք է խոսեն: Սա խոսում է այն մասին, որ մենք չունենք անձնական այն կարեւոր հարաբերությունները, որոնք չափազանց կարեւոր են դիվանագիտության համար: Մենք մեծ բացթողումներ ունենք ԱՄՆ-ի մասով»:
Ըստ պատգամավորի, մինչեւ համանախագահներից պահանջելը, որ ձեւաչափի փոփոխություն լինի, պետք էր աշխատանք տանել: Մեր դիտարկմանը, որ ասուլիսում էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա ամենատարօրինակ ձեւակերպումն է, թե իրենք առաջարկում են բանակցության ձեւաչափի փոփոխություն, այն ձեւաչափի վերականգնման առաջարկ է, ոչ թե փոփոխության՝ Բաբաջանյանն արձագանքեց. «Լավ, բայց միամտություն է, չէ՞, նույն վարչապետը հասկանում է, որ 97-ին, երբ այդ ձեւաչափը փոխվեց, կար միջազգային կոնսենսուս ձեւաչափը փոխելու: Դա ոչ Հայաստանն է փոխել, ոչ էլ Ադրբեջանը ու ոչ էլ ՀՀ-ն ու Ադրբեջանը միասին: Դա եղել է մեծ համաձայնության արդյունքում, որի գինը մենք վճարել ենք Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանում նախագահի թեկնածու գրանցելու ապօրինի հանգամանքների վրա աչք փակելով: Դրանում Ժակ Շիրակն է մեծ դերակատարություն ունեցել: Եվ եթե Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցային սեղան, դա պիտի լինի նոր համաձայնությամբ, չի կարող ՀՀ-ի ու Ադրբեջանի ցանկությամբ լինել: Մենք ահավոր մեծ աշխատանք ունեինք ու հիմա էլ ունենք անելու, որ կարողանանք ապահովել այդ միջավայրն ու համաձայնությունը միջազգային հանրության: Առանց այդ համաձայնության մենք չենք կարողանալու Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթուղթը վկայակոչելով՝ Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղան, միամտություն է: Մեզ թվում է, ինչքան շատ ասենք, այնքան կձգձգենք վիճակը, ստատուս քվոն կպահպանվի…»:
Եռանախագահների հայտարարությունից պատգամավորը եզրակացնում է՝ աննախադեպ իրավիճակում ենք. «Տպավորություն է, որ առաջին անգամ գոնե 11 տարվա պատմության մեջ Ադրբեջանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ու նախնական տպավորությունով Ադրբեջանը միջազգային հանրության հետ մի կողմում է ու առաջին անգամ մենք հայտնվել ենք մյուս կողմում: Սա մեզ համար տեսանելի հեռանկարի մասով աննախադեպ է, մենք միշտ եղել ենք միջազգային հանրության հետ ու միշտ եղել ենք կառուցողական, հիմա չունենք այդ վիճակը: Մեզ պետք է արագ հետ գալ հին կարգավիճակին: Մեր բոլոր ցանկությունները պետք է ահավոր ընկալելի ու հասկանալի լինեն մեր միջազգային գործընկերների համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ