Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում ասուլիսներ ենք տալիս 4 ժամանոց, ու մեզ թվում է, ամբողջ աշխարհը այդ ասուլիսն ընդունում է ի գիտությո՞ւն». Արման Բաբաջանյան

Մարտ 19,2019 20:45

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացից, ասաց. «Մենք երկխոսությունից չենք հրաժարվի, երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները եւ ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները, կառուցողական լուծումը, շարունակությունը հենց այս տրամաբանության մեջ պետք է լինի»:

Նա ասաց, որ «Մենք ունենք տեքստ ու ունենք տեքստի տասնյակ մեկնաբանություններ, ընդ որում, այդ մեկնաբանություններն արվում են պետական մակարդակով, դրա համար պետք է հասկանալ, թե ինչպես են մեկնաբանում գրածը: Այն մեկնաբանությունը, ինչ տալիս է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է, մենք ունենք մեր մեկնաբանությունը, բայց լեզվակռվի մեջ չենք մտնում: Ուզում ենք միասին հասկանանք՝ սկզբունքները ի՞նչ կարող են նշանակել գործնականում: Ադրբեջանը մեկնաբանում է, որ սկզբունքները նշանակում են, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս, կարող է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, կարող է մեկնաբանություն լինել, որ Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի մաս: Քանի դեռ խոսակցության հնարավոր շրջանակը պարզ չլինի, մենք իրար չենք հասկանա»:

Փաշինյանն ասաց, որ գործընթացը բազմաթիվ նրբություններ ունի ու ինքը դեռ պիտի տիրապետի ամբողջ տեղեկատվությանը, քանի որ նոր է ներգրավում բանակցություններում: Համանախագահները, Ալիեւը տարիներ շարունակ այդ գործընթացի մեջ են. «Միակ մարդը, որը նոր է, ես եմ: Շատ բաներ կան, որ պարզ չի: Երկխոսության իմաստը էլ ո՞րն է, եթե բոլորին ամեն ինչ պարզ է, էլ երկխոսելու իմաստը ո՞րն է: Առաջիկա հանդիպումը մեր ընկալմամբ նվիրված կլինի մի շարք պարզաբանումներ պաշտոնապես հաստատելու: Այնքան հակասական բաներ կան՝ ինչ է տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Քի Վեսթում: Եթե բոլորը միաձայն ասեն՝ եղել է սա, Վիեննայում՝ սա,ոչ մի հարց չէր ծագի, բայց որ ինչքան մարդ, այնքան մեկնաբանություն, ծագում են հարցեր ու դրանք պետք է պարզաբանվեն»:

Այս առնչությամբ մենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ հանդիպմանն ինչո՞ւ պիտի նրանից ճշտի իր մեկնաբանությունը, պարզ չի՞, որ Ալիեւը կասի՝ ախպեր ջան, մենք այս սկզբունքի անվան տակ սա ենք հասկանում ու կճամփի, դրանից ի՞նչ է փոխվելու բանակցություններում ու արդյո՞ք սա երկխոսության թեմա պիտի դառնա, այս մոտեցումը վիճահարույց չէ՞: Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Մեզ թվում է՝ շատ մեծ առավելություն ենք ձեռք բերել տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների պատճառով ու մեզ ֆոռա է տվել ամբողջ աշխարհը՝ ժամանակ ձգելու: Այս հարաբերական խաղաղությունը, որը կա սահմանի վրա, շատ կարեւոր է, բայց փաստաթղթավորված չի: Աստված մի արասցե, եթե դա խախտվեց, մենք պարտավորության որեւէ կետ չունենք այս պահին, որով կկարողանանք կանչել Ադրբեջանին ու ասել, որ խախտել ես ա՛յ այս կետը քո պարտավորության»:

Ըստ Բաբաջանյանի, «Քի Վեսթը, «Ընդհանուր պետությունը», Պրահան…մինչեւ 2007-ը տեղի են ունեցել ահռելի ծավալի գործընթացներ, որոնք վերջ են գտել 2007-ին Մադրիդում: Մադրիդում մենք համաձայնել ենք սկզբունքների շուրջ, որոնք դարձել են անկյունաքարը Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ: Մինչեւ այդ ինչ տեսակ համաձայնություն ասես չեն քննարկել: Մադրիդից սկսած ունենք 3 սկզբունք, առանցք: Հիմա թե Նիկոլ Փաշինյանն ուզում է Քի Վեսթի մասին խոսի, ուզում է 98-ին քննարկված «Ընդհանուր պետության» փաթեթի մասին խոսի, դա առ ոչինչ է, ամեն ինչ սկսում է 2007-ից: Դրանից հետո 2 գործընթաց կա՝ Կազանն է եւ Լավրովի պլանը: Եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է երկարաձգել գործընթացը եւ առաջիկա հանդիպումը դարձնել պատմական էքսկուրսի առիթ, գուցե դա իրեն հաջողվի: Ես ոգեւորված եմ իր ելույթից Ստեփանակերտում ասված, գոնե կառկասը, ընդհանուր շրջանակը ցանկությունների պարզ է, բայց բովանդակություն պիտի մտցնենք, չենք կարող այս ցանկությունը օդի մեջ թողնել: Պետք է պերմանենտ աշխատենք համանախագահող երկրների, Վրաստանի, Իրանի, մյուս երկրների հետ: Ինչո՞վ են զբաղված մեր դիվանագետները այնտեղ, պարա՜պ, եթե մենք դա չանենք, հո դա մենակ Երեւանով չի՞ արվելու»:

Արման Բաբաջանյանն ասաց. «Երեւանում ասուլիսներ ենք տալիս 4 ժամանոց, ու մեզ թվում է, ամբողջ աշխարհը այդ ասուլիսն ընդունում է ի գիտությո՞ւն ու սկսում է քաղաքականությո՞ւն փոխել: Այդպես չի՛ լինում, ահռելի աշխատանք է պետք: Եթե մենք դա չենք անում, որեւէ մեկը պարտավոր չի հասկանալ մեր մոտեցման արդարացիությունը եւ այն պատկերացումը, որն առաջ ենք քաշում: Դա ընդամենը կմնա ցանկություն: Ու այն կայունությունը, հարաբերական անդորրը, որը այսօր սահմանում ունենք եւ որն ամբողջապես կախված է Ադրբեջանի կամքից, այն ժամանակը, որ մեզ տրված էր մեր դիրքերն ամրացնել դիվանագիտական ֆրոնտում, տնտեսականում, մենք դա ուղղակի վարի ենք տալիս, փոշիացնում ենք: Մենք երկու կարեւոր խնդիր ունեինք այս ժամանակահատվածում՝ արտաքին գետնի վրա ամրապնդել Ղարաբաղը բանակցություններ սեղան բերելու մեր մոտեցումը եւ երկրորդը՝ ներքին ճակատում կապիտալիզացնել հեղափոխության արդյունքը եւ տնտեսական ռելսերի վրա դնել հաջողությունը: Մենք ոչ այնտեղ ենք հաջողել, ոչ այստեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրիգոր Ալավերդյան says:

    Վարչապետի 4 ժամանոց ասուլիսին մեկ րոպեանոց կիսահասկանալի մեկնաբանություն են անում, ու իրենց թվում է, որ ամբողջ Հայաստանն այն ի գիտություն է ընդունում և անհապաղ սկսում քաղաքականություն փոխելու գործընթացը… Ահա այսպիսի բաներ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031