Շիրակի մարզի խոշորացված Անի համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից մի քանիսն այսօր եկել էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ հանդիպման։ Մարզպետը նշեց, որ ծանոթ է բնակիչների մտահոգություններին ՝ տարբեր առիթներով, տարբեր ժամանակներում քննարկել է այդ հարցը։ Նա ասաց, որ կարևորում է համայնքներում բնականոն կյանքի ապահովում ու շեշտեց, որ պետությունը ֆիքսել է տեղերում որոշակի իրավական մեխանիզմների մշակման և կիրառման գործընթացը, որը հնարավորություն կտա ազգաբնակչությանը համայնքներում շատ ավելի դերակատար դառնալ և խնդրահարույց դեպքեր ունենալու պարագայում որոշակի իրավական գործիքներ օգտագործել։
«Վարչապետը հենց Մարալիկում սահմանեց մոտեցում, մոտեցման հիմքում միայն այն գործընթացը, որն այսօր գնում է մեր երկրում նաև տարածքային ու տեղական ինքնակառավարման տեսանկյունից, մտել է այդ փուլ ու մեզ ներկայացվել է, որ այդ իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները տարվում են»,- ասաց մարզպետը։
Անիի բնակիչներից մեկը նկատեց, որ վարչապետի խոսքը ընտրողների «50 +1» ստորագրության մասին է, որը պրակտիկորեն անհնար է, քանի որ մարդկանց կեսը Հայաստանում չի բնակվում։ «Կխնդրեինք այդ մասով միջնորդություն ներկայացվեր, որ ոչ թե ընտրողների, այլ ընտրության մասնակիցների, որովհետև հստակ թիվն էդ է, ընտրությանը մասնակցում է էդքան մարդ, մեկ համայնքում ոնց մենք ընտրողների «50 +1» հավաքենք»։
Մեկ այլ բնակիչ էլ մարզպետին ասաց, որ Անիում վերջին ընտրությանը մասնակցել է 9063 ընտրող, որից 4346 ստորագրություն է հավաքվել համայնքապետի հրաժարականի պահանջով։
«Վարչապետի հորդորին, հրահանգին լսելով՝ կատարել ենք այդ քայլը, որոշ ժամանակահատվածում դադարեցրել ենք ցույցերը, անհնազանդությունները։ Հիմա 4346 անձ, քաղաքացի համայնքապետի հրաժարականն է պահանջում, ինքը ընտրությունների ժամանակ վաստակել է 3900 ձայն։ Իսկ այսօրվա դրությամբ մենք ունենք 4346 բնակչի ստորագրություն, որոնք բողոքում են, որ Անի համայնքը հենց հիմա գտնվում է ծայրահեղ քաոսի մեջ», -ասաց բնակիչը։
Նա նշեց, որ մոտ 15 օր առաջ Մարալիկում նորից փակել են Անի համայնքապետարանի դռները՝ համայնքապետի հրաժարականի պահանջով, մարզպետն այցելել է, զրուցել ցուցարարների հետ, մինչդեռ համայնքապետ Արտակ Գևորգյանը գեթ մի օր չի եկել, չի փորձել զրուցել ցուցարարների հետ, լեզու գտնել նրանց հետ ու հարցի լուծման քայլեր ձեռնարկել։ Եվ սա այն դեպքում, երբ համայնքապետարանում տարբեր կառույցներ են գործում, որոնց աշխատանքը ևս դադարեցված է։
«Իր դիրքորոշումը մեկն ՝ ես չեմ տալու հրաժարական, ինձ հետ մի խոսեք հրաժարականից, ինչ-որ մի ձևաչափով ինքը չի փորձում մեր հետ լեզու գտնել։ Նաև կուզենայի ցուցարարների հետ խորհրդակցել համայնքապետարանի առաջին հարկի բացման համար, եթե ինքը չի մտածում բնակիչների մասին, եկեք ժողովուրդ ջան, մենք մտածենք բնակիչների մասին, 15 օր արդեն փակ է համայնքապետարանի մուտքը, մուտք ու ելք չկա», -ասաց հանդիպման եկած բնակիչը։
Ցուցարարն ասաց, որ համայնքապետը այս առումով ոչինչ չարեց, 15 օրվա ընթացքում շրջեց 17 գյուղերով՝ իբրև թե աշխատում է։
«Իրեն թույլ չենք տալու մտնի համայնքապետարան, բայց մյուս կառույցներին թույլ տալու ենք, որ աշխատեն», -ասաց նա։
Մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ դա ողջունելի է, իրենք պատրաստ են հարթակ տրամադրելու համայնքի ղեկավարի հետ հարաբերությունները քաղաքակիրթ եղանակով լուծելու։
Ցուցարարները նաև դժգոհեցին, որ համայնքապետը սկսել է սպառնալ, ճնշել այն մարդկանց, որոնք ստորագրել են իր հրաժարականի պահանջի տակ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ