Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը եւ Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը

Մարտ 19,2019 20:35

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետեւել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված Թավշյա հեղափոխությանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ԱԺ նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է Եվրոպա: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շարժառիթները, դրանց հաջորդած ժամանակաշրջանն ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել են միջազգային դիտորդների ամենաբարձր գնահատականին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժեւորելով Գերմանիայի խորհրդարանական ավանդույթները, նշել է, որ Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար:

Այս կապակցությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները:

Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները եւ Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում:

Անդրադառնալով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ գոյություն ունեցող մշակութային եւ կրթական կապերին՝ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջեւ հարաբերությունները:

Արարատ Միրզոյանը եւ Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ  ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ 
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031