Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է՝ Կենտրոն համայնքում ավտոկայանատեղերի թանկացումը դիտարկում է որպես ավտոմեքենաներից կենտրոնը բեռնաթափելու միջոց:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հայտարարությունը՝ կենտրոնում ավտոկայանատեղիների թանկացման վերաբերյալ, ըստ քաղաքապետի, ապագայի մասին է։ Հայկ Մարությանն ասաց, որ Կենտրոնի թաղապետը միշտ նայում է առաջ եւ ապագայի մասին է խոսում. «Երբ մենք խոսում ենք մեր երազած Երեւանի մասին, եւ երբ դա արդեն կլինի, կլուծվի տրանսպորտային համակարգի հարցը, բնականաբար, ընդօրինակելով նաեւ զարգացած երկրների օրինակը, մենք կարող ենք որպես սահմանափակում՝ բեռնաթափելու համար կենտրոնը, ունենալ այդպիսի սահմանափակում»։
Մարությանը վստահեցրեց՝ այս ամենը կարող է լինել այն ժամանակ, երբ կլուծվի տրանսպորտային համակարգի խնդիրը:
Իսկ թե երբ կլուծվի տրանսպորտային համակարգի խնդիրը, Մարությանն ասաց, որ փոխքաղաքապետն ու էլի մի պաշտոնյա երեկ մեկ շաբաթով մեկնել են Պրահա. «Որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրեն համակարգը, փորձը: Շատ հարցեր կան, որոնք մենք պատրաստել ենք իրենց տալ, եւ ակնկալում ենք պատասխաններ, որպեսզի նաեւ օգտագործենք մեզ մոտ: Բացի դրանից, նաեւ նոր հանձնաժողով է ստեղծվում տրանսպորտային համակարգի հետ կապված, որտեղ ներգրավվելու են մարդկանց շատ լայն շրջանակ, հասարակական կազմակերպություններից, ավագանուց: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ