«Մետրոյի կառուցման գործընթացն այժմ հասել է այն փուլին, որ մի քանի ճանապարհ կա այդտեղ գնալու, շատ հետաքրքիր առաջարկներ կան»,-այսօր Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա հիշեցրեց՝ խոսքը Թումոյի այգուն հարակից տարածքում կայարանի կառուցման մասին է: Քաղաքապետը վստահեցրեց՝ բազմաթիվ առաջարկներ կան, բայց ինքն առանձնացրել է 2-ը. «Մեկը՝ կայարանը մտնի մոլ՝ առեւտրի կենտրոն: Ով որ իրավունք ձեռք բերի կառուցելու առեւտրի կենտրոն, նաեւ մասնակցի մետրոյի կայարանի կառուցմանը: Այսպես ենք մտածում, որպեսզի պետության վրա այդ բեռը չգցենք: Թե չէ պարզ է ամեն ինչ: Կա նախագիծ, պետություն ջան գումարը տուր՝ անենք, քանի որ համայնքն այդպիսի գումարներ չունի, իսկ մենք ուզում ենք համայնքի ուժերով այս ամենը կազմակերպենք եւ որպեսզի պետության վրա բեռ չլինի»:
Մյուս առաջարկն, ըստ քաղաքապետի, երկար ժամանակ է քննարկվում է. «Տնտեսվարողը ներդրումներ է անում… գիտեք այնտեղ հարակից տարածքների շենքերն այնպիսի վիճակում են, որ վաղ, թե՝ ուշ պետք է նոր շենքեր կառուցվեին եւ մարդկանց տեղափոխեինք նոր շենքեր: Կա հետաքրքիր առաջարկ՝ այս բոլոր շենքերի տեղը նոր շենքեր կառուցենք եւ մարդկանց տեղափոխենք այնտեղ, եւ այդ գումարներով, այսինքն՝ տնտեսվարողը, որը պատրաստվում է դա անել, ինքը հասկանում է, որ նաեւ ունենա մետրոյի կայարան, մնացած մասը շենքի շատ ավելի բարձր գնով կարող է վաճառել եւ այդ դելտան թույլ կտա որ ինքը այս պրոյեկտին մասնակցի: Սա կոնկրետ տնտեսվարողն է առաջարկել համատեղ մշակում ենք հետագա գործողությունների պլանը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ