Այսօր Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը չհստակեցրեց՝ արդյոք ուսումնասիրվել է, թե ինչպես են տնտեսվարողները Օպերայի զբոսայգու տարածքում հսկայական հողակտորները 90 հազար դրամով վարձակալել:
Այս հարցին Մարությանը մի շարք հարցերով պատասխանեց. «Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ այգում 2-3 հազար քմ հող են վաճառել: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ ինչ-որ մեծ շինություններ մեկին նվեր են տվել: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի շենքը՝ թաղապետարանի կեսը ինչ-որ մարդու է պատկանում, ոչ թե համայնքին: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի շենքի նույնպես կեսը ինչ-որ մարդու է պատկանում: Այնտեղ կա մեծ ստադիոն, որն ուրիշ մարդու է պատկանում, կա գրադարան, որն ուրիշ մարդու է պատկանում: Դա ինչպե՞ս է ստացվել»:
Մարությանը վստահեցրեց՝ նյութերը պատրաստել են եւ ուղարկել իրավապահ մարմիններին: Իսկ վարչական շենքն ով է սեփականաշնորհել, քաղաքապետն անուններ չտվեց, ասաց. «Չեմ ճանաչում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ