Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ նիստի ընթացքում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հնչեցրած հարցին:
Խաժակյանը պնդում է՝ 24 աղբահավաք մեքենաների գնման մրցույթն ուղղորդված է եղել:
«Բացարձակ նման բան չկա»,-ասաց Հայկ Մարությանը: Նրա վստահեցմամբ՝ «Կա տեխնիկական բնութագիր, որը պետք է քաղաքապետարանին: Այն աղբահանության մեքենաները, որոնք պահանջվում են առնվազն այդ մակարդակի… նույն տեխնիկական չափանիշներին համապատասխանում են այլ մեքենաներ՝ «Մերսեդես», «Վոլվո», «Իվեկո» եւ այլն: Մենք պահանջել ենք, որ լինեն 260 ձիաուժից սկսած: Ինչո՞ւ է դա այդպես: Ասեմ՝ առնվազն ամեն շաբաթ կամ կիրակի ես օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ արդյոք այդ մասում խնդիրներ կա՞ն, թե՝ ոչ: Այնտեղ ուժեղ դիք կա, որ մեքենաները չեն կարողանում բարձրանալ: Սանիթեքի 230 ձիաուժանոց մեքենաները չեն կարողանում բարձրանալ այդ մասով, եւ խնդիրներ են առաջանում: Մենք գիտակցում ենք ինչ տեխնիկա է մեզ պետք: Եթե տեխնիկական բնութագիրը կապ չունի, այդ դեպքում ընդհանրապես չէր լինի, կգրեինք՝ մեզ պետք է աղբահանման մեքենա եւ վերջ: Ով բերելու է ամենաէժանը՝ կգնենք»:
Գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է չեղարկել այս մրցույթը եւ քաղաքապետարանին հորդորել օրենքին հետեւել, գնման առարկայի տեխնիկական բնութագրերը վերանայել: Այս առնչությամբ Մարությանն ասաց, որ մասնագետների հետ խոսել է.«Ու բոլորն ասել են՝ ամեն ինչ ճիշտ ես անում, օրենքի սահմանում է, եւ ճիշտ ճանապարհով ենք գնում: Ես հույս ունեմ, որ այս հարցը լուծվելու է ի օգուտ մեզ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ