Վերջերս հանդիպեցի մի հոդվածի, որտեղ գրված էր 2018 թվականի ձեռքբերումների մասին: Եվ հատկապես այն մասին, թե որքան է աճել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ, քանի որ այս թվից են կախված տնտեսական ակտիվության շատ ցուցանիշներ:
Ուստի փորձեցի ուսումնասիրել զբոսաշրջության աճին նպաստող տարբեր ցուցանիշներ և եկա այն եզրակացության, որ նույնիսկ պետությունների մակարդակով աշխարհում գերիշխողը մեդիա հարթակն է: Միայն այն հանգամանքը, որ զբոսաշրջիկների մեծ մասը (գրեթե 80 տոկոսը) այցելել են ոչ թե տուրիստական ընկերությունների այլ համացանցի միջոցով ինքնուրույն կազմակերպման միջոցով, արդեն իսկ ասվածի վառ ապացույցն է: Ահա թե ինչպես է ներկայացված մեր երկիրը տարբեր մեդիա հարթակներում:
Առաջին խումբ. Միջազգային հեղինակավոր ժամանցային կայքեր
Թերևս այս շարքում ամենահեղինակավորը հանրահայտ National Geographic-ն է:
2018 թվականին հոդվածներից մեկը վերնագրված էր այսպես. «Երկրներ, որոնք արժանի են ավելի շատ զբոսաշրջիկների»: Այդ երկրների ցուցակը գլխավորում էր Հայաստանը:Նշված էր, որ այստեղ կարելի է զգալ և տեսնել հազարամյակների շունչը:
Վերջերս էլ հրապարակվեց հերթական հոդվածը Հայաստանի մասին ` հազարամյակների պատմություն ունեցող վանքերը լեռների գրկում: Այս հոդվածը լավագույն լուսանկարների ներկայացման միջոցով էր:
Մեկ այլ հեղինակավոր alux.com կայքը վերջերս իր youtube –յան էջում ներկայացրել էր 15 ոչ հայտնի փաստ Հայաստանի մասին: Վիդեո բլոգը հավաքել էր 37000 դիտում:
Կոմերցիոն կայքեր
Երևի թե շատերն են տեղեկացված tripadvisor.com կայքի մասին: Սա մի հարթակ է, որը օգնում է զբոսաշրջիկներին բացահայտել տվյալ երկրի տեսարժան վայրերը, կատարել ամրագրումներ հյուրանոցներում և ռեստորաններում: Նմանատիպ կայքերը (expedia.com., lonelyplanet.com) վերջին տարիներին գնալով դառնում են ավելի հանրահայտ և ավելի շատ այցելուներ են ունենում:Հատկապես դրանք լավ ազդեցություն են ունենում զարգացող երկրների համար, քանի որ պարունակում են տեղեկատվություն տվյալ երկրի տեսարժան վայրերի մասին: Ամսեկան միլիոնավոր այցելուներ ունեցող կայքում պարզապես կարելի է գտնել հրապարակումներ օրինակ Հայաստանի 10 հետաքրքիր վայրերի մասին:
Անհատ բլոգերներ և ինֆլուենսերներ
2018 թվականին Հայաստան այցելեց Nas Daily-ն, ինչը իսկական իրադարձություն առաջացրեց ոչ միայն Nas-ի վիդեո բլոգերի հետևորդների այլ նաև մեր հասարակության շրջանում: Բլոգերը ոչ միայն իր հերթական թողարկումը նվիրեց Հայաստանին, այլ նաև տարվա ամփոփ իր բլոգում պարծեցավ այն հանգամանքով, որ կոնյակ է խմել ՀՀ նախագահի հետ: Մարքեթինգային արդյունավետության տեսանկյունից սա իսկապես ազդեցիկ է:
Հեղինակավոր լրատվական կայքեր
Հայկական մշակույթին և պատմությանը վերջին տարին շատ լրատվական կայքեր են անդրադարձել: Ամենահայտնիներից մեկը թերևս բրիտանական BBC-ն է: Հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:
Սակայն 2018 թվականի ապրիլյան հեղափոխական դեպքերից հետո ամեն ինչ ավելի պարբերական բնույթ ստացավ ի օգուտ մեր երկրի: Թավշյա հեղափոխությանն անդրադարձան այնպիսի հեղինակավոր կայքեր, ինչպիսիք են aljazeera-ն, indiegogo.com-ը:
Կարծում եմ միջազգային մեդիա հարթակներում մեր երկրի ճիշտ և արդյունավետ բրենդավորումը ամենակարևոր խնդիրներից մեկն է: Պետք է ընտրել համակարգված ռազմավարություն և քիչ- քիչ և պետական, և մասնավոր ընկերությունների ջանքերով հասնել Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը: Այն կնպաստի ոչ միայն տուրիզմի զարգացմանը այլ դրական կերպով կանդրադառնա Հայաստանի հեղինակության բարձրացմանը և հիմք կհանդիսանա գրավիչ ներդրումային դաշտի ձևավորման համար:
Վարդան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ