«Իրավիճակը ճիշտ հասկացեք: Կա նախաքննություն եւ կա կառավարություն: Որպեսզի առաջ գնանք, ճիշտ կլինի, որպեսզի հարգելի մայրերին ներկայացնեն իրենց փաստաբանները, որոնք կասեն, թե նախաքննության մեջ ինչն է սխալ եւ ինչն է արվել ոչ պատշաճ: Դա կօգնի ճշմարտությունը բացահայտվելուն, եթե ինչ-որ բան այնպես չի արվել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով սեւազգեստ մայրերի խնդրին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ բանակում ոչ մարտական պայմաններում զոհված մի շարք զինվորների մայրեր կառավարության դիմաց վերսկսել են բողոքի գործողությունները, քանի որ, ըստ իրենց, որդիների գործերի վերաբացում տեղի չի ունենում կամ նախաքննությունը պատշաճ չի ընթանում:
Վարչապետը հիշեցրեց, որ բողոքող մայրերի հետ ամիսներ առաջ արդեն իսկ ունեցել է հանդիպում-քննարկում. «Դրանից հետո հանձնարարել եմ գործերի ընթացքը ստուգել, ու հանձնարարականիս պատասխանը «նորմալ» է եղել: Երբ կոնկրետ բան չի մատնանշվում, դա այլ իրավիճակ է: Ես չեմ կարող նախաքննություն վարել, դա չի բխում իմ կարգավիճակից: Ես երաշխավոր եմ, բայց պետք է կոնկրետ ասվի, թե ինչն է այդ գործերում սխալ: Կռվան պետք է լինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ