Ինչո՞ւ Հայաստանում վարկերի տոկոսադրույքները չեն էժանանում, մեր քաղաքացիներին տանջող այս հարցին այսօր պատասխանեցին Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանն ու միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Պարոն Սարգսյանն ասաց, որ 2014 թվականից մինչ այսօր վարկերի տոկոսները իջել են 4 տոկոսային կետով, ինչը լավ ցուցանիշ է: Արտակ Հանեսյանի խոսքով, վարկերի տոկոսների նվազումը կա, բայց դա ի հաշիվ բանկերի եկամտաբերության է. «Հիմա, բանկերի մարժաներն այնքան են նվազել, որ բանկերի եկամտաբերությունն ութ տոկոս է: Պատկերացրեք՝ դուք բիզնես եք դրել եւ տարեկան աշխատում եք 8 տոկոս: Հաշվի առնելով ռիսկերը, դա այդքան մեծ տոկոս չէ: Որովհետեւ Հայաստանի տնտեսությունում կան այնպիսի ճյուղեր, որոնք աշխատում են 20-30, ընդհուպ 50 տոկոս եկամտաբերությամբ: Բանկային գործունեությունը մեծ ռիսկերի հետ է կապված եւ համեմատության համար նշեմ, որ եթե մենք միջինում աշխատում ենք 8 տոկոս, վրացական բանկերը աշխատում են 20 տոկոս միջինում, ամերիկյան բանկերը աշխատում են 12 տոկոս, նույնը՝ եվրոպական բանկերը»:
Ըստ Արտակ Հանեսյանի, հարց կառաջանա՝ ինչպե՞ս է, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում տոկոսները ցածր են, հիպոթեքն, օրինակ՝ ԱՄՆ-ում 4-4,5 տոկոսով են տալիս. «Ես ասում եմ՝ բայց դուք նայե՞լ եք՝ ինչ տոկոսներ են տալիս ավանդների դիմաց: Ամերիկյան բանկերում ավանդի դիմաց դուք չեք ստանա 1,5 տոկոսից ավելի»:
Պարոն Հանեսյանի խոսքով, ամերիկյան բանկերը սպառողական վարկ են տալիս տարեկան մինչեւ 29 % տոկոսադրույքով:
Aravot.am-ի հարցին՝ երբ ներդրվում էր կենսաթոշակային բարեփոխված համակարգը, հիմնավորումներից մեկը ցածր տոկոսներով երկար փողեր ունենալու հեռանկարն էր, արդյոք ունե՞նք այդ երկար փողերը, ցածր տոկոսները: Մեր հարցին ի պատասխան, Արտակ Հանեսյանն ասաց, որ պարտադիր բաղադրիչի մասն այս տարի է ուժի մեջ մտել. «Ժամանակ է պետք, որպեսզի կուտակվեն այդ ամսական վճարումները եւ դրանք լինեն ազդեցիկ ծավալով, որը որ ազդի բանկային համակարգի իրացվելիության վրա: Միեւնույն ժամանակ այդ գումարները չեն կարող ներդրվել բարձր ռիսկային գործիքակազմի մեջ: Հիմնականում դրանք կարող են ավանդների տեսքով ներդրվել բանկերում, պետական պարտատոմսերում եւ այլն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ