Այսօր Երեւանի ավագանու հերթական նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ քաղաքապետարանի՝ 24 աղբահավաք մեքենաների համար հայտարարված մրցույթին: Խաժակյանն, ինչպես նախկինում, այս անգամ էլ պնդեց՝ Երեւանի քաղաքապետարանի մրցույթն ուղղորդված է, ինչի իրավունքը չունի:
Մարտի 5-ին Գնումների բողոքարկման խորհուրդը չեղյալ է համարել Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը եւ պարտավորեցրել է քաղաքապետարանին փոխել տեխնիկական բնութագրերը՝ համապատասխանեցնելով գնումների մասին օրենսդրությանը։ Քաղաքապետարանն էլ դիմել է դատարան՝ Գնումների բողոքարկման խորհրդի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով:
Քաղաքապետարանը հայտարարել էր 900 միլիոն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթի մասին, որին, ըստ Խաժակյանի, չէր կարող հաղթել որեւէ այլ կազմակերպություն, բացի «Կամազ ներկրող «Կամազ Արմենիան» կազմակերպությունից, քանի որ տեխնիկական բնութագրերը կարծես գրված են հենց «Կամազի» տվյալ մակնիշի համար եւ խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությանը այդ մրցույթին։ Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը նման խնդրին կրկին անդրադարձել էր:
Խաժակյանը, հիշեցնենք, հայտարարել է, որ քաղաքապետարանը որպես տեխնիկական բնութագիր 24 աղբատար մեքենաների համար նշել է Euro 3 բնապահպանական ստանդարտը, իսկ 2018-ի հունվարի 1-ից արգելված է ԵՏՄ տարածքում արտադրել Euro 5 ստանդարտից ցածր ստանդարտի շարժիչներ։
«Լույս» խմբակցության անդամը հարցրեց՝ «Ինչո՞ւ մեքենաները գնել հենց «Կամազից», այլ ոչ թե «Մազ»-ից»:
Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լեւոն Հովհաննիսյանը փորձեց պարզաբանում տալ այսօր նիստին Խաժակյանի հնչեցրած հարցին, հիշեցնելով, որ վերջինս արտադրողից է տեղեկացել, որ չեն արտադրում նշված չափանիշով: Նա մեջբերեց արտադրողի պաշտոնական կայքից՝ Euro2, Euro 3 ստանդարտներով արտադրվում են այն երկրների համար, որտեղ այն թույլատրելի է:
Իսկ Խաժակյանը նշել էր՝ Եվրոպական երկրներում Euro 3-ի արտադրությունը վաղուց արգելված է՝ արտանետումների մեծ ծավալի պատճառով, իսկ այն, որ ԵՏՄ-ում՝ նույնպես:
Հովհաննիսյանը կրկին պաշտոնական հայտարարություն մեջբերեց՝ նշելով ԵԱՏՄ-ի որոշումը, թե ԵԱՏՄ չափանիշները Հայաստանը երբ է կիրառելու. «Այնպես, հանգիստ կարող ենք անտեսել Euro 3 ստանդարտները եւ ձեռք բերել: Euro 3-ն ավելի մատչելի է, քան Euro 4-ն ու Euro 5-ը: Խոսքը 15-20%-ի մասին է: Գրել էիք ժամկետների մասին: Այո, գնումների օրենքով 20 օրը նվազագույն ժամկետն է: Դուք համարում եք, որ դա արվում է, որպեսզի ուղղորդված գնում լինի»:
Հովհաննիսյանն ասաց, որ 20 օր է նշված, քանի որ խնդիրը շտապ է: Մինչդեռ, Խաժակյանը տարակուսանք հայտնեց՝ 20 օրում արդյոք այդ ընկերությունը հասցնելու էր մատակարարել 24 մեքենաները: Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ այդ կազմակերպությունները՝ չեն ասում չենք հասցնի 20 օրում, այլ մեկ ասում է՝ չափանիշներս չեն համապատասխանում, մյուսն էլ՝ մասնակցում է:
Դավիթ Խաժակյանն արձագանքեց՝ «Լեւոն Հովհաննիսյանը ունքը սարքելու տեղը, տվեց աչքը հանեց»: Խաժակյանը մեջբերեց ռուսական այդ ընկերության ներկայացուցչի եւ իր նամակագրությունը, ըստ որի, հաստատվել է, որ նշված ստանդարտներով մեքենաներ չեն արտադրվում:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ