Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը «Red Eagles» ֆան-ակումբի նախագահ Դենիս Սարգսյանը եւ ֆան-ակումբի հիմնադիր անդամ Անդրանիկ Դալդումյանը դժգոհեցին հատկապես վերջին յոթ ամիսներին իրենց նկատմամբ ՀՖՖ-ի վարած կողմնակալ վերաբերմունքից՝ նշելով, որ ֆեդերացիայի ղեկավարությունը` ի դեմս նախագահի 1-ին տեղակալ եւ գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի, ամեն կերպ խանգարում է իրենց բնականոն գործունեությանը, ամեն հարցում արհեստական խոչընդոտներ ստեղծում՝ սկսած տոմսերի վաճառքից, վերջացրած իրենց ազատ գործունեությունը սահմանափակելու եւ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներով:
Դենիս Սարգսյանի խոսքով, ի տարբերություն մյուս ֆան-ակումբի՝ ՖԱՖ-ի, որի հետ իրենք խնդիրներ չունեն, իրենց հանդեպ կողմնակալ վերաբերմունքի պատճառն այն է, որ նույն Արմեն Մելիքբեկյանը կանգնած է ՖԱՖ-ի ստեղծման ակունքներում, ինչի մասին ինքն է հպարտությամբ հայտարարել ՖԱՖ-ի 4-ամյակի նշման արարողության ժամանակ:
Բանախոսները կարծում են, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այս ամենին գուցե տեղյակ չէ, որովհետեւ նրան իրականությունը չի ներկայացվում:
«Red Eagles»-ը ՀՖՖ-ին երեք պահանջ է ներկայացնում:
1.Արմեն Մելիքբեկյանը պետք է հրաժարական տա կամ հեռացվի ՀՖՖ գործադիր տնօրենի պաշտոնից:
2.Ֆեդերացիայի գործկոմի բալանսավորում կամ ներկայացուցիչներ լինելու են երկու ֆան-ակումբներից էլ, կամ ոչ մեկից ներկայացուցիչ չի լինելու:
3.Երկրպագուների գծով պատասխանատու անձը ֆան շարժումից չպետք է լինի:
Սակայն, գիտակցելով մարտի 26-ին Ֆինլանդիայի հետ հանդիպման կարեւորությունը Հայաստանի ազգային հավաքականի համար՝ այդ օրն իրենք մարզադաշտում բողոքի որեւէ ցույց չեն անի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ