«Որեւէ բարդություն կամ խնդիր չեմ տեսնում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին՝ եթե անհրաժեշտ լինի, Արցախի հարցում որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար կդիմե՞ք Սերժ Սարգսյանին», ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ եթե ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպել եւ ինչ-որ բան հարցնել Արցախի խնդրի հետ կապված, ապա խոչընդոտ չկա. «Իմանալն ու սովորելն ինձ համար կարեւոր հատկանիշներ են: Մինչեւ հիմա, անկեղծ, դրա անհրաժեշտությունը չի ծագել»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վարչապետ ընտրվելուց հետո հանդիպում է խնդրել (եւ այն կայացել է Զոհրաբ Մնացականյանի հետ միասին) Էդվարդ Նալբանդյանի հետ. «Կարող է վաղն էլ անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանից ինչ-որ բան հարցնել, կհարցնեմ: Նույնը եւ Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին է վերաբերում: Գուցե անհրաժեշտություն լինի երեքին միասին հարցնել: Իհարկե, չգիտեմ՝ իրենցից ո՞վ կհամաձայնի հանդիպել ինձ հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ