Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի գիտական կենտրոնի ուսումնասիրությունն ընդգրկվել է միջազգային ծրագրում

Մարտ 19,2019 16:19

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո ստեղծված Հայաստանի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) կողմից իրականացվող միջազգային ծրագրերին Արցախի գիտական կենտրոնը 2018 թվականին ներկայացրել էր 3 գիտական թեմաներ, որոնցից «Անասնակերերի նոր տեխնոլոգիաների մշակում» թեման հավանության է արժանացել:

Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Արցախի գիտական կենտրոնի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, թեմայի ղեկավար Անյուտա Սարգսյանը:

Նրա խոսքով, Արցախի գիտական կենտրոնը  ՀՀ գիտությունների պետական կոմիտեի հետ գործակցության շրջանակներում արդեն 6 տարի է, ինչ մի շարք ծրագրեր է իրականացնում: Մտահղացում առաջացավ, որ կերերի ուսումնասիրման և մանրէաբանության լաբորատորիաներում իրականացվող ծրագրերը համատեղվի և ներկայացվի մեկ ընդհանուր թեմայի տակ:

Խոսելով թեմայի ընտրության մասին՝ Անյուտա Սարգսյանը նշեց. «Անասնակերերի համար կիրառվող ուսումնասիրված բուսական կազմին ավելացվել է նաև ԱՀ էնդեմիկ պրոբիոտիկ մանրէները. դրանք օժտված են հակամանրէային և պրոբիոտիկ հատկություններով: Թեմայի ուսումնասիրման նպատակն անասնակերերը պրոբիոտիկ մանրէներով հարստացնելն է: Կենտրոնի կողմից կատարված որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ պրոբիոտիկ մանրէների ավելացումից հետո սիլոսի մեջ սպիտակուցի կենսազանգվածը նույնպես ավելանում է: «Անասնակերերի նոր տեխնոլոգիաների մշակում» թեմայով ծրագիրը պատրաստ լինելու դեպքում կառաջարկվի ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը: Ուսումնասիրման ժամկետը մեկ տարի է»:

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ սովորական սիլոսացման ժամանակ անասնակերի սննդանյութերի կորստի տոկոսը կազմում է մոտ 10-15 %, իսկ պրոբիոտիկ մանրէներով հարստացնելուց հետո այն նվազում է 5%-ի չափով: Քանի որ մանրէներն օժտված են հակամանրէային հատկությամբ, նրանք կարող են որոշ հակաբիոտիկների փոխարեն օգտագործվել հարստացված անասնակերերի մեջ. այն օգտակար է ինչպես անասունների, այնպես էլ վերջիններիս մսի օգտագործման պարագայում:

«Հակաբիոտիկների օգտագործումը կենդանիների օրգանիզմից դուրս չի գալիս, հետագայում դրանք մուտացիայի է ենթարկվում մարդու օրգանիզմում, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվանդությունների սկիզբ: Ստացված սիլոսն ունի յուրահատուկ հոտ և գույն: Այդ սիլոսն օգտագործելու շնորհիվ բարձրանում է նաև կենդանու կաթնատվությունը, բացի այդ, պրոբիոտիկ մանրէների կիրառումն անասնատերերին հնարավորություն է տալիս բարձրացնել ցուլիկների վերարտադրողական համակարգը»,- նշեց ծրագրի ղեկավարը:

Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031