2018 թվականին բանկերում ընդհանուր ավանդները, նախորդ տարվա համեմատությամբ, աճել են 273 միլիարդ դրամով կամ 10.5 %-ով՝ կազմելով 2 տրիլիոն 863 միլիարդ դրամ: Այսօր այսպիսի տեղեկություն հրապարակեց Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը՝ նշելով, որ աճը տպավորիչ է:
Aravot.am-ը պարոն Հանեսյանից հետաքրքրվեց՝ սա չի՞ նշանակում, որ մարդիկ չեն վստահում բիզնեսին, տնտեսությանը եւ գումարները ոչ թե գործի մեջ են դնում, այլ պահում են բանկերում, որն ավելի քիչ ռիսկային է:
Արտակ Հանեսյանի կարծիքով, ամենեւին այդպես չի նշանակում. «Կան, իհարկե, ավանդատուների մեջ որոշ մարդիկ, որոնք հետաձգում են իրենց հնարավոր ձեռքբերումը կամ ներդրումը, բայց դա ավանդների մեջ գերակշիռ մաս չի կազմում: Հիմնականում այն մարդիկ են, որոնք չեն ուզում ռիսկ կրել եւ ռիսկային գործարքների մեջ մտնել: Ովքեր ունեն հնարավորություն, ուզում են, որպեսզի դա ավելի ապահով պահվի բանկերում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Պարոն Հանեսյանն ու Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկայացրին բանկային համակարգի 2018 թվականի գործունեության ընդհանրական ցուցանիշները:
Պարոն Սարգսյանի տվյալներով, վարկային պարտավորությունները չկատարած 19 հազար ֆիզիկական անձանց տույժ տուգանքները ներվել են, ինչը կազմել է 9,5 միլիարդ դրամ:
«Սա նախկինից մնացած խնդրահարույց վարկերն էին եւ ինչ-ինչ պատճառներով այդ գործերը դեռեւս ընթացքում էին: Օրենսդրության փոփոխությունը հնարավորություն ընձեռեց բանկերին դրանք ներել կամ մի մասի հետ նոր համաձայնության եկան, նոր ժամանակացույց տրամադրվեց եւ սկսեցին իրենք իրենց վարկերը սպասարկել»:
Ըստ Սեյրան Սարգսյանի, անցյալ տարվա ընթացքում իրականացվել է 1 միլիարդ 786 միլիոն դոլարի փոխանցում դեպի Հայաստան, իսկ Հայաստանից արտերկիր փոխանցվել է 1 միլիարդ 188 միլիոն դոլար: Պարոն Սարգսյանի խոսքով,«ցավոք սրտի» այս ցուցանիշները դեռեւս բավարար չեն 2013 թվականի բարձր ցուցանիշներին հասնելու, սակայն 2018 թվականից սկսած դեպի Հայաստան փոխանցումները սկսել են աճել:
Արտակ Հանեսյանը սակայն, կարծում էր, որ մեր քաղաքացիները որքան քիչ կախված լինեն դրսի տրանսֆերտներից՝ հարազատների ուղարկած գումարներից, այնքան ավելի լավ, ինչը կնշանակի, որ մենք ունենք զարգացած տնտեսություն, մարդիկ աշխատանք ունեն, որը բավարար է կարիքները հոգալու համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ