Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց. «Կասկած չունեմ, որ հին համակարգի ներկայացուցիչները, հին համակարգի բովանդակային մնացորդները Հայաստանում որեւէ անելիք չունեն, ուզում է միլիոն ծախսեն, ուզում է միլիարդ ծախսեն»:
Նա նաեւ ասաց,, թե լուրեր են տարածում, գրում են՝ երկիրը անկայունության շրջանում է. «Ցիկլը սկսվում է՝ թեժ ամառ, թեժ աշուն, հեսա կտեսնեք ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գնացքը արդեն գնացել է ու եթե հետեւից փորձեն Ֆերարիով էլ հասնեն՝ չեն հասնելու, որովհետեւ իրենց էջը վաղուց փակված է: Իրենք մի ճանապարհ ունեն ՝ կանգնեն ժողովրդի առաջ, ապաշխարեն ու ժողովրդից ներում հայցեն: Ուրիշ անելիք Հայաստանի Հանրապետությունում չունեն: Չնայած իրենց բոլոր ցանկությունները՝ վարել քաղաքական, հասարակական գործունեություն, մենք երաշխավորելու ենք: Այն, որ միլիոնավոր դոլարներ ամեն օր ծախսվում են՝ կառավարության դեմ սեւ հակաքարոզչություն անելու համար, կառավարությունը ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, որովհետեւ մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, էդ շրջանակները պետք է հասկանան՝ իրենք ՀՀ ժողովրդի շրջանում աջակցություն չունեն, չեն կարող՝ ուզում է միլիոն ծախսեն, ուզում է միլիարդ ծախսեն»:
Հարցին՝ նախկին իշխանության ներկայացուցիչները չե՞ն կարող ժողովրդին ոտքի հանել՝ նա պատասխանեց՝ «Իհարկե, չեն կարող ինձ թվում է ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Չեմ կարծում, որ Փաշինյանը պետք է որոշի, թե ում էջն է փակված, ում էջը փակված չի: Առնվազն 60 հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ երկրի վարչապետը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում: ՀՀԿ-ն առնվազն 60 հազար ձայն է ստացել, երկու այդքան էլ համակիրների ընտրության չեն գնացել: Փաշինյանին կհորդորեի իր այդ անսխալականության, ամպոտ վիճակից վերադառնալ նորմալ աշխատանքային վիճակի եւ գործ անել, ոչ թե նախկին իշխանություններին քննադատել կամ ասել՝ ով անելիք ունի, ով չունի: Թե ով անելիք ունի կամ չունի՝ օրը կգա՝ կտեսնի, ունի՞, թե՞ չունի: Ինչ վերաբերում է ապաշխարելուն, ապաշխարելը եւ ներում հայցելը յուրաքանչյուր մարդու անհատական խնդիրն է: Յուրաքանչուրն էլ ապաշխարելու, ներում հայցելու է, մանավանդ, եթե իշխանություն ես եղել ու քաղաքականությամբ զբաղվել ես, դրա անհրաժեշտությունը կա, բայց այսօր ավելի շատ ապաշխարելու եւ ներում հայցելու առաջ կանգնած է հենց Փաշինյանը, որ այս 11 ամիսը խաբել է ժողովրդին ու սուտ խոստումներ է տվել»:
Թե ե՞րբ ու ո՞ր հարցում է խաբել Փաշինյանը՝ Շարմազանովը պատասխանեց. «Ասել է թռիչքային զարգացում պետք է լինի, բայց տնտեսությունը գահավիժել է, ասել է կախարդական փայտիկով ձեր խնդիրները կլուծեմ, բայց կախարդական փայտիկը կամ կորել է, կամ թքել է: Ասել է ներդրումներ կբերեմ, ներդրումներ չկան, ասել է՝ աշխատատեղեր կստեղծեմ, բայց հազարավոր մարդիկ աշխատանքից զրկվել են: Այսօր էլ կառավարությունում լիքը մարդ իր ապաշնորհ քաղաքականության արդյունքում կրճատվել է, 5 նախարարություն է կրճատվել: Որ ասում է՝ դժգոհություն չկա, իրեն խորհուրդ կտամ մի հատ գնա Լոռի, Ալավերդի քաղաք, 600 ընտանիք, որ այսօր գործ չունեն, թող մի հատ գնա հարցնի՝ դժգո՞հ են, թե՞ գոհ են իրենց վիճակից: Նախարարությունների աշխատողները, որ կրճատվել են, թող գնա հարցնի՝ գո՞հ են, որ կրճատվել են: Թող մի հատ մտնի Երեւանի փողոցներում մարդկանց հարցնի՝ էս ամեն ինչը, որ թանկացել է, գո՞հ են, թե՞ դժգոհ են: Եթե Փաշինյանը այսպես է կառավարելու, կարծում եմ, ապաշխարելու եւ ներում հայցելու խնդիր նախեւառաջ ինքը ունի: Ես ամիսներ առաջ Փաշինյանին խորհուրդ էի տվել, չի լսել, հիմա նորից ասում եմ՝ պարո՛ն Փաշինյան, Հայաստանը քեզնից ավելի հզոր ղեկավարներ է ունեցել, որոնք քեզնից ավելի մեծ լեգիտիմություն են ունեցել, որոնք քո նման մտածել են, թե որեւէ պրոբլեմ չունեն, բայց իրենց լեգիտիմությունը մսխվել է ընդամենը մի տարվա մեջ: Եթե քեզ թվում է, թե եթե 70 տոկոս ձայն ես ստացել, մի քանի տարի հետո դա միշտ պիտի լինի՝ չարաչար սխալվում ես: Ապաշխարելու խորհուրդներ տալու փոխարեն դու գնա ապաշխարի, որ 11 տարի շարունակ խաբել ես ու սուտ խոստումներ ես տվել»:
Մեր հարցին՝ դուք, օրինակ, ամեն օր կառավարության դեմ սեւ հակաքարոզչության համար միլիոնավոր դոլարներ չե՞ք ծախսում՝ Շարմազանովն արձագանքեց՝ «Միլինավոր դոլարներ ծախսում են՝ տեղն ասա: Էդ որ ասում է՝ ապաշխարեք, ա՛յ ախպեր, դո՛ւ պիտի ապաշխարես ու ներողություն խնդրես քո գործընկերներից, որ ամիսներ շարունակ ատելություն եք քարոզել սիրո եւ համերաշխության անվան տակ, դու պիտի ներողություն խնդրես ժողովրդից, որ էս 11 ամիս է՝ խաբում ես: Իսկ ես ապաշխարում եմ ամեն օր, առնվազն՝ ամեն կիրակի ու ոչ թե քո առջեւ ու քո նմանների, այլ՝ Տիրոջ առջեւ: Մնում էր ինքը ինձ ասեր ես ինչ անեմ: Հլը դու գնա քո ստերի համար ապաշխարի ու ներողություն խնդրի ժողովրդից, նոր արի ինձ ասա ես ինչ անեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ