Ժողովրդական երգչուհի Հայկուհի Բաբախանյանը թե Հայաստանում, թե մի շարք երկրներում շարունակում է հանդես գալ մենահամերգներով: Երգչուհին զուգահեռ հասցրել է ավարտել իր երկրորդ ձայնասկավառակի աշխատանքները եւ արդեն իսկ մտածում է նոր երգերի, զուգերգերի, տեսահոլովակների մասին: «Ձայնասկավառակը կոչվում է «Քեզանից մաս չունիմ»:
«Երգացանկս բավական մեծ է, բայց այնտեղ իր ուրույն տեղն ունի հենց «Քեզանից մաս չունիմ» երգը, համերգների ժամանակ այն դարձել է իմ այցեքարտը: Հենց այդ պատճառով էր, որ որոշեցի երկրորդ ձայնասկավառակս անվանել այդ երգի անունով»,-մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:
Հիշեցնենք, որ նա իր առաջին՝ «Սիրո անուրջներ» ձայնասկավառակը թողարկել է 2014 թ-ին։ Հայկուհի Բաբախանյանն արդեն մենահամերգով է հանդես եկել Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, ԱՄՆ-ի, ՌԴ-ի մի շարք քաղաքներում, Լոնդոնում, Դամասկոսում, Բեյրութում, Հալեպում եւ այլուր:
Վերջերս ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանի հրավերով նա ներկա է եղել վարպետի հոբելյանական երեկոյին, որը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և իր ելույթով հիացրել վարպետին: Հյուրերի թվում են եղել նաեւ Արման Հովհաննիսյանը, Ալլա Լեւոնյանը, Հովհաննես Շահբազյանը եւ այլք:
Արմեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ