Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր ընտանիքին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես՝ իր տիկին Աննա Հակոբյա՞նն է համարվում ՀՀ առաջին տիկին, թե նախագահ Արմեն Սարգսյանի կինը: «Ամեն տղամարդու համար ՀՀ առաջին տիկինն իր կինն է, եւ ամեն կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է: Այդ ի՞նչ քննարկումներ են, չեմ հասկանում, առաջին տիկին եւ առաջին տղամա՞րդ: ՀՀ միակ տղամարդու քննարկումից պրծանք, հիմա էլ միակ կնո՞ջն ենք քննարկում»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Ապա նշեց, որ հանրային քննարկումներում «նոր սիմվոլ» է հայտնվել՝ ուղղաթիռը. «Վատ լուր ասեմ ուղղաթիռի հարցով մտահոգներին: Այդ ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ունի պարտադիր թռիչքային ժամեր: Որպեսզի պետական տեխնիկան չվերածվի մետաղի ջարդոնի, այն ունի թռիչքի ժամեր: Անգամ եթե վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, այն պարտավոր է դատարկ օդ բարձրանալ, գնալ Վարդենիս, Ստեփանակերտ ու հետ գալ: Դա պարտադիր տեխնիկական պահանջ է: Եղել են դեպքեր, երբ վարչապետին սպասարկող ինքնաթիռը դատարկ թռիչներ է կատարել այլ երկրներ»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ ինքը շրջում է այն ծառայողական մեքենայով, որը 2008-ին գնվել է Սերժ Սարգսյանի համար, սակայն Սարգսյանը վերջին հինգ տարում այն չի օգտագործել. «Մեկ մեքենա էլ կա, որը գնվել է Քոչարյանի ժամանակ՝ 2004թ.-ին: Հեծանիվով եմ գնում գործի, ասում են՝ «հեծանիվով է գնում», ոտքով եմ գնում, ասում են՝ «պոպուլիստ» է…»:
Ընտանիքի վերաբերյալ Փաշինյանը նաեւ նշեց. «Երբ եղել եմ գործազուրկ եւ ապրել ծայրահեղ աղքատության պայմաներում, գտնվել բանտում եւ այլն, ընտանիքս իմ կողքին է եղել: Ի՞նչ եք ակնկալում, որ ընտանիքիցս հրաժարվե՞մ…ինչ վերաբերում է ընտանիքիս ծախսերին, ապա մենք ապրում ենք այնպես, ինչպես նախկինում՝ որոշ արարողակարգային անհրաժեշտություններով հանդերձ»:
Շատ կարեւոր բանակցություններից առաջ ես կարող է որոշեմ, որ այդ գիշերն Արփին (կրտսեր դուստրը) պետք է իմ ծոցը քնի, քանի որ դա ինձ համար կարեւոր է: Ինձ համար ընտանիքս շատ կարեւոր է:
https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ