Դավիթ Ստեփանյան
ԱրմԻնֆո գործակալության քաղաքական մեկնաբան
ՄԱՀՀԻ գործընկեր
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև լոկալ և նույնիսկ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն առկա է և, հետևաբար, վերլուծվել ու ամենակարևորը` կանխատեսվել է ռազմական փուլի ավարտից անմիջապես հետո` 1994թ. մայիսին: Եվ, իհարկե, հակամարտության կարգավորման բանակցությունների համար այն մի յուրահատուկ տեղեկատվական խորապատկեր էր առնվազն վերջին 25 տարում: Այս ամբողջ տարիների ընթացքում պատերազմի սպառնալիքը, որպես բանակցային գործընթացում հաղթաթուղթ, փորձում էր օգտագործել Ադրբեջանը, իսկ բանակցություններից դուրս էլ՝ սեփական շահերից ելնելով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից առնվազն մեկը: Իսկապես, 2016թ. ապրիլին նման կանխատեսումները հաստատվեցին` արտահայտվելով լոկալ, քառօրյա պատերազմում, որը կողմերի համար մի քանի հարյուր զոհ արժեցավ[i]: Եվ, այնուամենայնիվ, մի շարք գործոնների պատճառով, թվում է, այսօր Ղարաբաղի շուրջ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը շատ ավելի փոքր է, քան, օրինակ, 2 տարի առաջ: Իսկ միջնորդ երկրներն այսօր շատ ավելի վճռական են հակամարտության կողմերին խաղաղության տանելու իրենց մտադրության մեջ, քան մեկ տարի առաջ: Եվ, թերևս, նման եզրակացության գլխավոր գործոն է հենց ապրիլյան բախման արդյունքները: Տվյալ ուսումնասիրությունը ներառում է այս և այլ առնչվող գործոնների ու իրադարձությունների դիտարկումը` որպես Ղարաբաղի շուրջ երկարաժամկետ բանակցությունների կանխատեսման առաջարկվող տարբերակի բազային հիմք:
ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2016թ. ապրիլին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ղեկավարության հրահրած՝ թվով երկրորդ ագրեսիայի իրական պատճառներն ու մոտիվացիան դեռևս մնում են չպարզված: Գոյություն ունեցող տարբերակների դավադրաբանական, չապացուցված բնույթի պատճառով, թվում է, ամենաճիշտն այս հարցն անիմաստ լարվածության իրական նախաձեռնողների խղճին թողնելն է, որն ավարտվեց հարյուրավոր մարդկանց մահով և Արցախի` մի քանի հարյուր հեկտար տարածքների կորստով: Կփորձենք վերլուծել միայն այն եզրակացությունները, որոնք, անկասկած, արվել են այդ լարվածության արդյունքում, ընդ որում` ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ նրա մոդերատորների, այլ երկրների կողմից, որոնց համար ղարաբաղյան հակամարտությունը և ամբողջ տարածաշրջանն աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական հետաքրքրություն ունեն: Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ համոզվեց Արցախը ռազմական ճանապարհով նվաճելու անհնարինության հարցում: Արցախի և Հայաստանի ղեկավարությունը հասկացավ, որ պետք է հրաժարվի այն մտածելակերպից, որ բանակը դիտարկվում էր որպես սեփական հարստացման աղբյուր` փայավճարների, միջոցների փոշիացման, ընդհուպ մինչև զինվորական պահածոների կենցաղային գողության միջոցով: Եվ, վերջապես, ամենակարևորը, քառօրյա կրակոցներն ավելի մեծացրեցին ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած կախվածությունը: Եվ այստեղ լավագույն դեպքում երկրորդական նշանակություն ունի, թե ով առաջինը շտապեց Կրեմլ` խնդրելով հարկադրել հակառակորդին դադարեցնելու կրակը: Գլխավորը հենց կրակի դադարեցումն է: Կարևորն այն է, որ թե՛ խնդրողը, թե՛ Կրեմլի «խնդրանքին» ենթարկվողը դարձան այդ խնդրանքը հնչեցրած անձի յուրօրինակ պարտապանը: Պարտապաններ, որովհետև երկուսն էլ շահագրգռված էին դադարեցնել անիմաստ պատերազմը, քանի որ այն անկարող էր հանգեցնել հակամարտության լուծմանը:
Ապրիլյան պատերազմի աշխարհաքաղաքական արդյունքների մասին կարելի է դատել առնվազն հակամարտող կողմերի միջև սաստկացող սպառազինությունների մրցավազքով` առնվազն կրակած և ոչնչացված զինամթերքի համալրման նպատակով: Նավթակիր Ադրբեջանն արագացրեց դեռևս 2005թ. ՌԴ-ի հետ կնքված բազմամիլիարդանոց պայմանագրով զենքի ձեռքբերումը[ii]: Հայաստանն արագացրեց արդեն գոյություն ունեցող վարկային համաձայնագրի իրականացումը և շտապեց կնքել զենքի մատակարարման վերաբերյալ ևս երկու վարկային համաձայնագիր, այդ թվում նաև՝ Ռուսաստանի հետ[iii]: Կողմերը հետևողականորեն շարունակում են Ռուսաստանից ձեռք բերել հարձակողական հրթիռային համակարգեր, ինքնաթիռներ, տանկեր, ինքնագնաց հրետանային սարքավորումներ և այլն: Եվ այն, որ հակամարտության կողմերին զենք մատակարարելը Մոսկվայի համար եղել է ղարաբաղյան հակամարտության և, համապատասխանաբար, դրա կողմերի վրա վերահսկողության ձևերից մեկը, «Պոլիշինելի գաղտնիք է» (գաղտնիք, որը հայտնի է բոլորին) եղել վաղուց: Անտարակույս է նաև այն, որ ապրիլյան պատերազմը խթանեց միայն սպառազինությունների մրցավազքը Երևանի և Բաքվի միջև` համապատասխանաբար էլ ավելի ուժեղացնելով նրանց կախվածությունը Մոսկվայից:
Այնուամենայնիվ, 2016թ. ապրիլից հետո Ռուսաստանի տարածաշրջանային դիրքերի ամրապնդմանը նպաստելու վերաբերյալ եզրակացություններ արվել են ոչ միայն Երևանում, Բաքվում և Մոսկվայում, այլ նաև մյուս միջնորդ երկրների կողմից: Արդեն 2016թ. մայիսի 16-ին միջնորդների նախաձեռնությամբ Վիեննայի գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին[iv]: Կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվեց վստահության միջոցների ամրապնդման, միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման ու հակամարտության գոտում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին: Մոսկվան շտապեց գրեթե կրկնօրինակել վերոնշյալ պայմանավորվածությունները Սանկտ Պետերբուրգում, որտեղ հունիսի 20-ին տեղի ունեցան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ բանակցությունները: Գործընթացը շարունակվեց հոկտեմբերի 16-ին Ժնևում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ, ինչպես նաև համանախագահների հետ հանդիպմամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջնական հայտարարության մեջ նշվում է, որ նախագահները համաձայնել են «ակտիվացնել բանակցությունները և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար»: Այնուամենայնիվ, ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել վերը նշված և նախագահների հետ համաձայնեցված միջոցառումների իրականացման համար, առաջին հերթին դրանք կատարելուց Բաքվի հրաժարվելու պատճառով: Ավելին, նախագահների հանդիպումները դադարեցին, բանակցային գործընթացը նորից արգելակվեց, իսկ շփման գծում զինծառայողների սպանությունները շարունակվեցին:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ
Սակայն 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ ղարաբաղյան կարգավորումը դարձյալ սկսեց կյանքի նշաններ ցույց տալ: 1 տարին չբոլորած՝ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց երեք անգամ հանդիպել Իլհամ Ալիևի հետ, ընդ որում` բոլոր երեք հանդիպումները ոչ ֆորմալ բնույթ էին կրում: Արդեն սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց իրավիճակի դեէսկալացիայի և սահմանին միջադեպերի կանխարգելման վերաբերյալ[v]: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ նրանց հանդիպումը Սանկտ Պետերբուրգում[vi]: Իսկ 2019թ. հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը, որը տևեց մեկուկես ժամ[vii]: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը ոչ լրիվ մեկ տարվա ընթացքում հանդիպել են 5 անգամ: Եվ, վերջապես, փետրվարի 20-ին սկսվեց միջնորդների հերթական տարածաշրջանային այցը Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Մասնավորապես, Երևան կատարած այցի ընթացքում Իգոր Պոպովը, Էնդրյու Շեֆերը և Ստեֆան Վիսկոնտին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել են Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի դավոսյան հանդիպման մանրամասները[viii]:
Այսպիսով, Հայաստանում իշխանափոխությանը հաջորդող ժամանակաշրջանում հակամարտության շուրջ բանակցությունների ակտիվացումն ակնհայտ է հատկապես Սերժ Սարգսյանի նախագահության վերջին երկու տարվա համեմատ: Պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումները, բացի Դուշանբեից, չեն ուղեկցվել բանակցային գործընթացի մանրամասներով: Սակայն դեկտեմբերի վերջին Մնացականյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է «առաջին անգամ իր հայ գործընկերոջ հետ փոխըմբռնման» հասնելու մասին: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հունվարյան բանակցություններն ավարտվեցին «ժողովուրդներին խաղաղության պատրաստման» սկսելու մասին միջնորդների բանաձևով:
Այստեղ պետք է շատ զգուշորեն փաստել, որ չնայած բանակցային գործընթացն ակտիվացել է, հակամարտության կողմերի դիրքորոշումները և մոտեցումներն առանձնահատուկ փոփոխություններ չեն կրել: Այն, ինչ տեղի է ունենում, Ադրբեջանում ներկայացվում և, համապատասխանաբար, ընկալվում է որպես այդ «հողերի և հետևաբար, փախստականների արագ վերադարձման» հերթական վկայությունը՝ անշուշտ, առանց Ղարաբաղի կարգավիճակի լուծման անհրաժեշտության մասին նշելով: Բաքվից շարունակվում է նաև հայտարարություններ հնչել սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ անհայտ չորս բանաձևերի վերաբերյալ: Հայաստանում Մամեդյարովի և Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները ևս մեկ պատճառ դարձան ներկայիս իշխանություններին և անձամբ Փաշինյանին քննադատելու համար: Վարչապետի հակառակորդները նրան մեղադրում են ոչ միայն Ստեփանակերտը բանակցային սեղանին վերադարձնելու անզորության, այլև Արցախն Ադրբեջանին հանձնելու մտադրության մեջ: Այնուամենայնիվ, մի շարք գործոնների վերլուծության հիման վրա հնարավոր է վիճարկել ոչ միայն երկրորդ, այլև առաջին մեղադրանքը: Իսկ այդ գործոններից գլխավորը ՀՀ վարչապետի հռետորաբանությունն է և ամենակարևորը` վարչապետի հռետորության մասին միջազգային արձագանքը:
Փետրվարի 1-ին Բեռլինում Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ երկրորդ անգամ հնչեցրեց Ղարաբաղի հարցով խաղաղության իր բանաձևը, ըստ որի՝ ցանկացած կարգավորման տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Վարչապետը նաև ափսոսանք հայտնեց, որ բանակցային գործընթացի առաջխաղացման համար մեծ հույսեր չկան, քանի դեռ համանման հայտարարություններ չեն հնչեցվում Բաքվից: Հայաստանի վարչապետի հայտարարությունը, անկասկած, կարևոր էր: Սակայն դրան քաղաքական բնույթ տվեց Գերմանիայի կանցլերը` ոչ միայն Փաշինյանի խոսքերը գնահատելով որպես «համարձակ քայլ հակամարտության լուծման համար», այլև ընդգծելով Բաքվի նմանատիպ քայլերի պատրաստակամության անհրաժեշտությունը: Թվում է՝ ՀՀ վարչապետը միայն այս քաղաքական հայտարարությամբ առնվազն անհրաժեշտ նախադրյալներ ստեղծեց Ղարաբաղի շուրջ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղին սկսելու համար: Եվրամիության առաջատար երկրի կողմից պաշտպանության արժանացած այս խոսքերը վկայում են Փաշինյանի մոտ որևէ բան «հանձնելու» մտադրության բացակայության մասին: Ավելին՝ անշուշտ վկայում են ժամանակի ընթացքում Ստեփանակերտը բանակցային սեղանին վերադարձնելու մտադրության մասին, որը հնչեցվել է իշխանության գալու առաջին օրերից:
Այս հայտարարությունը` մասնավորապես, ՀՀ վարչապետի ընդհանուր վարքագիծը` ընդհանրապես, ցույց են տալիս, որ Ղարաբաղի հարցով հայ բանակցորդները խնդրի լուծման հարցում հայության համար բարենպաստ լուծում գտնելու իրական ռազմավարության հասնելու ուղղությամբ առնվազն նախադրյալներ ունեն: Այն ռազմավարության, որն իսպառ բացակայում էր նախորդների մոտ և, հետևաբար, հանգեցրել էր ռազմավարական սխալի` բանակցային գործընթացից Արցախի դուրս մղման: Եվ հենց Բաքվից նման «համարձակ քայլերի» անհնարինությունն է, որ հակամարտության հայկական կողմերի համար որակապես նոր՝ շահավետ իրավիճակ է ստեղծում: Ի վերջո, առնվազն «Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի կարգավորման» ուղղությամբ գնալու մտադրության մասին հայտարարել ի զորու չէ նույնիսկ հարևան Հայաստանի իշխանափոխության հետևանքով «նորացված» Իլհամ Ալիևը:
Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի գնահատականներով՝ առանց հակամարտության երեք կողմերի համաձայնության խաղաղ պայմանագրի ստորագրումը հնարավոր չէ: Ավելին, դիվանագետի կարծիքով՝ Փաշինյանի բեռլինյան հայտարարության անվիճելիությունն ընդունելու անկարողությունը խաղաղ ճանապարհով հակամարտության լուծմանն անպատրաստ լինելու պաշտոնական Բաքվի ևս մեկ ապացույց է: «Ադրբեջանի իշխանությունների կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում «համարձակ քայլեր ձեռնարկել չցանկանալը կարող է նշանակել նաև, որ ստատուս քվոյի պահպանման և վերջնական խաղաղության հաստատման միջև պաշտոնական Բաքուն ընտրում է առաջինը», – կարծում է Մայիլյանը[ix]: Այդ ամենին գումարած նաև Փաշինյանի այն հայտարարությունները, ըստ որոնց՝ Երևանը Բաքվի հետ բանակցություններ չի վարում «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևի շրջանակներում, հավանաբար, վերջնականապես ուրվագծում է Երևանի գիծը: Եվ այդ գծին հակադրել ինչ-որ մի նոր բան, որը դուրս է տարածքային ամբողջականության և անցյալ դարի վերջին ու 90-ականների սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին բազմամյա թեզերի շրջանակներից, Ադրբեջանը դեռևս ի վիճակի չէ:
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ղարաբաղյան շուրջ բանակցությունների ակտիվացման հիմնական կատալիզատորը մի շարք գործոնների շնորհիվ, կարծես թե, Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի աճող հետաքրքրությունն է: Հետաքրքրություն, որն առաջին հերթին արտահայտվեց հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան կատարած տարածաշրջանային այցերի ընթացքում: Դիվանագետի այցը վերջին տարիներին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր և իր շարունակությունն ունեցավ Վաշինգտոնի մի շարք հայտարարություններով: Մոսկվայից ու Թեհրանից Երևան և Բաքու հյուրերի պարբերական այցելությունների խորապատկերին վարչակազմի արտաքին քաղաքական ժեստն ամերիկացի բազմաթիվ դիվանագետների գնահատականներով բավականին երկար էր սպասվել:
Մի շարք պատճառներով Բարաք Օբամայի երկու նախագահության ժամանակահատվածում Վաշինգտոնը սահմանափակ ուշադրություն է դարձրել Հարավային Կովկասին, և սա ԱՄՆ-ի համար այս ժամանակահատվածում Կասպից և Սև ծովերի միջև տեղակայված տարածաշրջանի ռազմավարական նշանակության հետևողական աճի խորապատկերին: Այդ ամենը ոչ միայն տարածաշրջանային գերիշխողի` Ռուսաստանի ավանդական հետաքրքրության, որքան Հարավային Կովկասում ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդ և մրցակից Չինաստանի աճող հետաքրքրության պատճառով: Հարավային Կովկասը Պեկինի համար հետաքրքիր է հիմնականում աշխարհատնտեսական տեսանկյունից: Դրա մասին է վկայում այն, որ վերջին տասնամյակում տարածաշրջանում Չինաստանի նախաձեռնությամբ բազմաթիվ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր են սկսել իրականացվել: Այս տեսանկյունից Հարավային Կովկասը 2010թ. Պեկինի կողմից ներկայացված «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծի շատ կարևոր բաղադրիչ է[x]: Արևմուտքում տարածաշրջանը գտնվում է Թուրքիայի, իսկ հարավ-արևելքում` Իրանի հարևանությամբ. պետություններ, որոնք նույնպես ներգրավված են չինական աշխարհատնտեսական տվյալ նախագծի մեջ: Այսպիսով, Ռուսաստանի և Իրանի ավանդական հարավկովկասյան հավակնություններին ավելացել են Չինաստանի հավակնությունները: Հետևաբար` այսօր Հարավային Կովկասում կենտրոնացված են ԱՄՆ ժամանակակից ազգային անվտանգության ռազմավարության մեջ թվարկված ամերիկյան շահերի դեմ ուղղված հինգ համապարփակ սպառնալիքներից առնվազն երեքը: Դատելով ամեն ինչից՝ այդ սպառնալիքներին այլևս մտադիր չեն երկրորդական նշանակություն տալ Վաշինգտոնում:
Այսպիսով, Միացյալ Նահանգները, համաձայն իր սեփական աշխարհաքաղաքական պատկերացումների, այսօր առնվազն Վրաստանն ու Հայաստանը համարում է ժողովրդավարական, կայունացնող դերակատարներ, որոնք ունակ են տարածաշրջանում հակադրվել ռուսական և իրանական շահերին: Ադրբեջանը դիտվում է մի փոքր այլ` էներգետիկ պլյուրալիզմի համատեքստում, սակայն նույն ընդհանուր աշխարհաքաղաքական տրամաբանության շրջանակներում: Հայաստանի դեպքում իրավիճակը փոխվում է 1991թ.-ից ի վեր երկրում առաջին ժողովրդավարական ընտրությունների արդյունքում տեղի ունեցած իշխանափոխության շնորհիվ: Եվ հենց այդ նույն՝ հայկական և ադրբեջանական կայունացնող գործոններին ավելի մեծ ամրություն տալու նպատակով է, որ ԱՄՆ-ը ձգտում է ղարաբաղյան գործընթացը դուրս բերել փակուղուց: Իրավիճակ, որտեղ նա հայտնվել է ոչ վերջին հերթին Մոսկվայի պատճառով, որի շահերին Ղարաբաղում ստատուս քվոն, թերևս, ավելի շատ է համապատասխանում, քան Հայաստանի շահերին: Մասնավորապես Ռուսաստանի հրաշալի գիտակ ամերիկացի վերլուծաբան Պոլ Գոբլի գնահատականներով` Մոսկվան ամեն կերպ նպաստում է ղարաբաղյան հակամարտության չկարգավորմանը: «Ռուսաստանը հանդես է գալիս հետևյալ սկզբունքով` Վրաստանը ճանապարհ է, Հայաստանը` գործիք, Ադրբեջանը` մրցանակ: Սակայն այս սկզբունքը կարող են փոխել հենց հակամարտող երկրները, որի արդյունքում Մոսկվան ստիպված կլինի վերանայել սեփական հաշվարկները» [xi]:
Պետք է նշել, որ Ադրբեջանում ստեղծվող իրավիճակը շատ վաղուց է գնահատվել, ինչն արտահայտվեց ԱՄՆ-ի հետ նոր ռազմավարական հարաբերություններին ձգտելու մասին հայտարարությամբ: Այստեղ Բաքուն հստակորեն ջանում է կանգնել Ղազախստանի կողմից արդեն տրորված ճանապարհի վրա: Համատեղ անվտանգության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ հաջողությամբ ընդլայնված հարաբերությունների արդյունքում Աստանան 2018թ. հունվարին Վաշինգտոնի հետ ստորագրեց «Ռազմավարական գործընկերության ընդլայնման մասին համաձայնագիր», ինչը երկրին տվեց Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ: Ակնհայտ է, որ Ղազախստանի դեպքում այս կարգավիճակը թույլ է տալիս ԱՄՆ-ին այդ երկիրը միացնել Չինաստանին զսպելու սեփական գլոբալ նախագծի մեջ: Եվ հենց Իրանի ու Չինաստանի ուղղությամբ համանման կարգավիճակի ու գործառույթների է այսօր ձգտում Ադրբեջանը: Իսկ այդ ճանապարհին, կարծես, առաջին ամերիկյան պատասխան ծիծեռնակը, ի թիվս այլոց, հենց դեսպան Բոլթոնի այցն էր Բաքու:
Այսպիսով, ԱՄՆ նախագահի խորհրդականի վաղուց հասունացած տարածաշրջանային շրջագայությունն ակնհայտորեն ցույց տվեց Վաշինգտոնի համար վտանգավոր տարածաշրջանային միտումների լուծման նպատակով Միացյալ Նահանգների` Հարավային Կովկասի երկրների հետ միասին աշխատելու ցանկությունը: Հասկանալի է, որ խոսքն առաջին հերթին Հարավային Կովկասում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հավակնությունների մասին է: Մասնավորապես, Երևանում այս ցանկությունը Բոլթոնի կողմից հնչեցվել էր մի շարք ռազմավարությունների վերագնահատման մասին փաստացի առաջարկի միջոցով՝ Հայաստանի կողմից ռուսական զենքի գնումները, Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների բովանդակությունը և Ադրբեջանի հետ հակամարտությունը: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանի հետ բանակցություններում ամերիկացի դիվանագետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ Բաքվի հետ վիճելի հարցերի լուծումը Երևանին թույլ կտա բացել սահմաններն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Բոլթոնն այդ խնդիրը բնութագրեց Հայաստանի համար իրապես հիմնարար խնդիր: «Հայաստանը պետք է լիովին անկախ լինի, արտաքին ազդեցության չենթարկվի: Կարծում եմ, որ մարդիկ նախընտրում են ավելի մեծ հնարավորություններ ունենալ միջազգային ասպարեզում և չսահմանափակվել պատմական կարծրատիպերով», – հայտարարեց դիվանագետը: Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ Երևանում և Բաքվում Բոլթոնի հիմնական նպատակն Իրանի հետագա մեկուսացմանն ԱՄՆ-ի ծրագրերին աջակցություն ապահովելն էր[xii]:
Այնուամենայնիվ, անկասկած, շարունակում է ԱՄՆ-ի կովկասյան օրակարգի շոշափելի մասը մնալ նաև ղարաբաղյան հարցը: Գործընթացն ամենևին չսահմանափակվեց Բոլթոնի տարածաշրջանային ճանապարհորդությամբ, այլ հունվարին տեղի ունեցան նրա «ստուգողական» զանգերը Երևան և Բաքու: Բոլթոնի հետ հեռախոսազրույցից հետո Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղի հարցն ընդհանրապես չի քննարկվել: Ալիևը լռեց, զրույցի էությունը բացահայտեց նրա զրուցակիցը՝ անվտանգության բնագավառում Բաքվի հետ համագործակցությունն ամրապնդելու և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մասին Twitter-ում Վաշինգտոնի վճռականությունը հնչեցնելով: Այս խորապատկերին, թվում է, Երևանին խաղաղության կոչ անելու պատճառներ Վաշինգտոնում պարզապես չեն տեսնում` նման անհրաժեշտություն տեսնելով միայն Բաքվի պարագայում: Միացյալ Նահանգների, նրա հիմնական եվրոպական դաշնակից Բրիտանիայի և Եվրամիության համար, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղությունը կարևոր է եվրոպական էներգետիկ անվտանգության ամրապնդման մեջ Հարավային Կովկասի ունեցած առանցքային դերի համատեքստում: Իսկ ԱՄՆ-ը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ Կովկասում միայն տարածաշրջանային կայունության պահպանման և ամրապնդման պայմաններում: Ցանկացած լարվածություն, ընդ որում՝ միայն կարճաժամկետ և կառավարելի, նպաստում է միայն մեկ երկրի` Ռուսաստանի շահերին: Տարածաշրջանում ամերիկյան ազդեցության աճը մեծացնում է ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարության հնարավորությունները: Եվ հիանալի գիտակցելով այս բոլոր իրողությունները, Բոլթոնն ամեն ինչ արեց, որպեսզի Երևանում և Բաքվում իր գործընկերներին մեկ անգամ ևս հասկացնել տա, որ այսօր միայն Միացյալ Նահանգներն է նրանց միակ վահանը ռուսական ճնշման դեմ:
Այսպիսով, ամերիկացի դիվանագետի երևանյան և Բաքվի հայտարարություններն իրենց տրամաբանական շարունակությունը գտան հայտարարությունների տեսքով, որոնք ակնհայտորեն ռազմավարության բաղկացուցիչներ են: Նրանցից ամենակարևորը Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հայտարարությունն էր Հայաստանի հետ ռազմական կապերի խորացման ԱՄՆ պատրաստակամության մասին: Նրա խոսքերով՝ շատ շուտով այդ հարցերը քննարկելու համար ամերիկյան պատվիրակությունը կայցելի Հայաստան[xiii]: Այսպիսով, Կուպերը ոչ միայն հնչեցրեց Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու իր երկրի մտադրությունը, այլև Հայաստան գալու և առաջարկությունների կոնկրետ տեսքով տեղում դրա հեռանկարները հստակեցնելու մտադրությունը: Եվ վերջապես, ամենակարևորը, Կուպերի հայտարարությունն արվեց սիրիական առաքելությանը հայ զինվորականների մասնակցության վերաբերյալ տեղեկատվության հայտնվելուց հետո: Այլ կերպ ասած, չնայած անգամ դրան Պետդեպարտամենտի հավանություն չտալուն՝ Միացյալ Նահանգները Սիրիայում Երևանի ռուսամետ ժեստն ակնհայտորեն չի կապում Հայաստանի հետ հարաբերությունների հետագա հեռանկարների հետ: Այսպիսով, Վաշինգտոնում Հայաստանի հետ նախատեսվող համագործակցությունն առավել կարևոր է դիտարկվում, քան Երևանի առաքելությունը Սիրիայում:
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Հայաստանի Զինված ուժերի տեխնիկական հագեցվածության ամերիկանացման ճանապարհին բացի քաղաքական խոչընդոտներից, այն է՝ Մոսկվայի հատուկ կարծիքը, կան նաև զուտ տեխնիկական խոչընդոտներ: Հայկական բանակը 90 տոկոսով հագեցած է խորհրդային կամ ռուսական զենքերով, և որ ամենակարևորն է` ռուսական ռազմամթերքով և կոմպլեկտավորմամբ: Եվ այդ ամենն ԱՄՆ-ում արտադրված սպառազինությամբ փոխարինելու համար պահանջվում է տասնամյակների ծանր աշխատանք, էլ չասած՝ ֆինանսներ, ինչպես նաև՝ Հայաստանի զինված ուժերի մշտական մարտական հերթապահության և պատրաստության պայմաններում: Այսպիսով, առաջարկվող համագործակցությունն առաջին հերթին նշմարվում է տեխնոլոգիական անվտանգության ոլորտում արդեն իսկ գոյություն ունեցող համագործակցությունը խորացնելու հարցում: Մեկ այլ կարևոր հանգամանք է նաև նոր ստեղծվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների սուպերնախարարության շրջանակներում Ռազմական արդյունաբերության նախարարության ստեղծման վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների ծրագրերը: Այս լույսի ներքո հենց ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարող է կարևոր ելակետ դառնալ Հայաստանի համար նոր, ռազմավարական նշանակություն ունեցող ռազմարդյունաբերական ծրագրերի համար: Թվում է` հենց ԱՄՆ-ի հետ համագործակցության ձևաչափն է, որ Երևանին թույլ կտա ապահովել օպտիմալ արտաքին քաղաքական հավասարակշռություն, ընդ որում՝ առանց Մոսկվայի պոչը տրորելու, ինչը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի համար:
ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Մոսկվայում, իհարկե, նկատեցին Հարավային Կովկասում սեփական ազդեցության ամրապնդման ուղղությամբ ամերիկյան վարչակազմի ժեստերը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` ԱՄՆ-ի ուժեղացող ակտիվությունը: Իսկ Թրամփի խորհրդական Բոլթոնի երևանյան հայտարարություններն ավարտվեցին Մոսկվայի և Հայաստանի միջև հարաբերությունները փչացնելու փորձի մեջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հնչեցրած մեղադրանքով[xiv]: Հունվարի 29-ին Գրիբոյեդովի հերթական հուշարձանի բացման առիթով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը չգիտես ինչու աշխատանքային օրվա մեծ մասն անցկացրեց Զոհրաբ Մնացականյանի հետ: Այցի նման ժամանակագրության պատճառները, ըստ երևույթին, ԱՄՆ-ի կողմից ակտիվացված “ղարաբաղյան հավասարման” մեջ Երևանի դերի փոփոխության վերաբերյալ Մոսկվայի մտահոգությունն է: Եվ ակնհայտ է, որ այն չի սահմանափակվի միայն մտահոգությամբ: Ռուսական իշխանությունները տարածաշրջանում իրենց շահերը կպաշտպանեն առկա բոլոր միջոցներով. պատերազմ հրահրելն ամենևին ամենավտանգավորը չէ:
Ընդ որում, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Փաշինյանի հմուտ խուսանավումը, որն առավել վառ դրսևորվեց Սիրիա հայկական կոնտինգենտ ուղարկելու հարցում, հույս է ներշնչում, որ այդ անհանգստությունը ևս հաջողությամբ կփարատվի: Մոսկվայի հետ խաղում շախմատային վանդակները, որոնց վրա Երևանը կարող է հաջողությամբ տեղափոխել իր սեփական խաղաքարտերը, բավականին շատ են, հատկապես այդ պարտիային Միացյալ Նահանգների, Եվրամիության, Իրանի, Չինաստանի և նույնիսկ Թուրքիայի ուշադիր հետևելու լույսի ներքո: Այո՛, Հայաստանը դատապարտված է միշտ և ամենուրեք հաշվի առնել ռազմավարական դաշնակցի հատուկ կարծիքը: Սակայն Մոսկվան ևս ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում և գլխավորը` միտումներում, չի կարող հաշվի չառնել Կովկասում և, հավանաբար, հետխորհրդային տարածքում իր միակ դաշնակցի շահերը: Այսպիսով Ռուսաստանը, իհարկե, կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության կողմերի՝ դեպի խաղաղություն տանող ճանապարհի բնական սահմանափակողը: Սակայն այս սցենարից կարելի է խուսափել` Մոսկվային համոզելով, որ այդ ճանապարհը շատ երկար կլինի, իսկ ստատուս քվոն կպահպանվի տասնամյակների ընթացքում:
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Չնայած Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները որպես գերակայություն պահպանելու և զարգացնելու ցանկության մասին վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությանը՝ հանրապետությունում իշխանափոխությունը, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ մտցրել է Արևմուտքի հետ հարաբերություններում: Մասնավորապես, USAID-ի և Համաշխարհային բանկի անցումային զարգացման խորհրդատու Ռեյ Ջենինգսի գնահատմամբ` հենց Հայաստանում քաղաքական փոփոխություններն են երկրին հնարավորություն տալիս վերականգնելու օտարերկրյա գործընկերների աջակցությունը[xv]: Փորձագետը ՀՀ վարչապետին և նրա աշխատակազմին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն է տեսնում հիմնականում ռազմավարական հաղորդակցությունների, խնդիրների կառավարման և կառավարական առանցքային ռազմավարությունների մշակման ոլորտում:
Միացյալ Նահանգներում նոր Հայաստանի հետ ավելի սերտ փոխհարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն տեսնում է ոչ միայն Ջենինգսը: Նման մոտեցում է երևակվում կոնգրեսականներին մոտ գտնվող ամերիկահայ համայնքի շրջաններում, որոնք լիովին կարող են Կոնգրեսում աջակցություն և լոբբինգ ապահովել այս հարցի համար: Երևանի և Վաշինգտոնի միջև հնարավոր համագործակցության հեռանկարային ոլորտներից է համագործակցության խորացումը բնական աղետներին պատրաստվածութան, Պաշտպանության նախարարության բարեփոխման հարցերում, փոխգործակցության խորացումը ՆԱՏՕ-ի հետ, ընդ որում` ոչ միայն խաղաղապահության առումով: Դատական համակարգի անկախության ձեռքբերման, Երևանի և Վաշինգտոնի միջև պայմանագրային բազայի ընդլայնման պայմաններում կարող են ԱՄՆ-ից, առաջին հերթին՝ հայկական սփյուռքից, ներդրումներ գալ Հայաստան: Հետագայում այս ամենն անխուսափելիորեն կարտապատկերվի Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների վրա:
Եվ, իհարկե, Միացյալ Նահանգները պատրաստ է նոր քայլեր ձեռնարկել Արցախի շուրջ խաղաղության հասնելու ուղղությամբ: Ըստ գոյություն ունեցող ինսայդերական տեղեկատվության` ԱՄՆ-ն արդեն դիտարկում է փորձագիտական-խորհրդատվական մակարդակում Երևանին համապատասխան աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: Խոսքը խաղաղության հասնելու համար հարևան երկրի կառավարության վրա քաղաքացիական ճնշում գործադրելու միջոցով այլընտրանքային կարգավորման դիվանագիտական ռազմավարության որոշման մասին է, որը, ի դեպ, միանգամայն ոչ երկիմաստ կերպով Երևանում հայտարարվել է դեսպան Բոլթոնի կողմից: Ընդհանուր առմամբ, Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական վերափոխումները Վաշինգտոնում դիտարկվում են տարածաշրջանի ժողովրդավարացման գործընթացում հնարավոր դաշնակցին օգնություն ցուցաբերելու հնարավորություն՝ բոլոր համընթաց հետևանքներով: Այլ կերպ ասած, Միացյալ Նահանգների մոտ Հայաստանի հետ ավելի սերտ գործընկերության ցանկությունը շարունակում է անվիճելի մնալ, որպեսզի Հայաստանի նոր իշխանությունները «պատմական կարծրատիպերի ժխտման» հարցում քաղաքական կամք դրսևորեն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերոհիշյալի վերլուծության հաշվեկշռի չոր մնացորդում է մնում ԱՄՆ-ի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում իր ներկայությունն ու ազդեցությունը զգալիորեն բարձրացնելու մտադրությունը: Մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս Վաշինգտոնին հասնել այդ նպատակին, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահությունն է: Միացյալ Նահանգների համապատասխան կենտրոններն ակնհայտորեն համապատասխան եզրակացությունների են եկել 2016թ. ապրիլին ղարաբաղյան պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի հերթական ամրապնդումից հետո: Որոշել և խաղադրույք են կատարել դեպի խաղաղություն տանող ճանապարհի վրա՝ միևնույն ժամանակ մեծացնելով իրենց մասնակցությունն այս երկարաժամկետ գործընթացում: Թվում է` հենց այս խաղադրույքն է, որը կրկին գործողության մեջ դրեց վերջին տարիներին բավականին ժանգոտած ղարաբաղյան բանակցային թափանիվը: Ընդ որում, բանակցությունների բովանդակությունը չի փոխվել, կողմերը, ամենայն հավանականությամբ, նույնիսկ դուրս չեն եկել արդեն հնացած մադրիդյան սկզբունքների քննարկումից: Եվ այս իմաստով կարելի է վստահորեն հավատալ, որ Դավոսում Փաշինյանը և Ալիևը, իրոք, ընդամենը մանրամասն քննարկել են բանակցային գործընթացի պատմությունը, բանակցությունների պայմանները, ինչպես նաև կարգավորման «հնարավորություններն ու անհնարին կողմերը» [xvi]:
Այսպիսով, փոխվել են միայն բանակցությունների վեկտորը և տոնը` քննարկվում են վստահության միջոցները, խաղաղության հասնելու կողմերի պատրաստակամությունը, այդ ճանապարհի հնարավոր ուղիները: Արցախի տարածքի, կարգավիճակի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում ո՛չ Փաշինյանը, ո ՛չ Ալիևը նախկինի պես չեն կարող, ուստի և չեն ուզում զիջումների գնալ, ինչը հիանալի հասկանում են բանակցությունների նոր ալիքի նախաձեռնողները: Սակայն բանակցային ալիքին իներցիա տալու, առավել ևս Մոսկվայի՝ գործնականում միանձնյա մոդերացիայի բացակայության պայմաններում նրանք ոչ միայն կարող են, այլև ցանկանում են:
Յուրաքանչյուր առաջնորդ, յուրաքանչյուր երկիր թիվ մեկ գերտերության հետ լավ հարաբերություններ ունենալու իր պատճառներն ունի: Հատկապես այն դեպքում, երբ այն կրկին տարբեր պատճառներով հղի չէ իշխանությունը կորցնելու սպառնալիքով: Եվ արտաքին գործերի նախարարների ու պետությունների ղեկավարների հաճախակի դարձած հանդիպումները, Ալիևի և Փաշինյանի հայտարարությունների տոնայնությունը, Մոսկվայի անհանգստությունը և գլխավորը՝ սահմանի վրա զինծառայողների սպանության դադարեցումը հնարավորություն են տալիս ենթադրել, որ Երևանում և Բաքվում վաշինգտոնյան առաջարկներն ակնհայտորեն լսել են:
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ ՆԱՏՕ-ի գծով անդրծովյան գործընկերների տարածաշրջանային հայտին աջակցում է նաև Եվրամիությունը, որը շահագրգռված է Ադրբեջանի էներգետիկ պլյուրալիզմի պահպանմամբ: Իր հերթին, Իրանին իր հյուսիսային սահմանների մոտ պետք է խաղաղություն և օտարերկրյա զինված ուժերի բացակայություն: Թուրքիային պետք է խողովակաշարերի անխափան աշխատանքը, Չինաստանին` խաղաղ տարածաշրջան՝ որպես իր սեփական գլոբալ աշխարհատնտեսական նախագծի մաս: Անշուշտ, խաղաղ Հարավային Կովկասը նաև հենց Ռուսաստանի շահերից է բխում, քանի որ այդ երկիրն իր ներկայիս վիճակում կարող է միայն լոկալ հակամարտություններ կառավարել: Եվ, եթե Ղարաբաղի շուրջ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, Մոսկվան կստանա երկրորդ Սիրիա, միայն թե այս անգամ հենց իր կողքին: Եվ այս դեպքում կանխագուշակել հնարավոր հետևանքները, առնվազն ռուսական Հյուսիսային Կովկասի համար, բավականին բարդ հարց է լինելու: Մոսկվայում, իհարկե, կարող են փորձել կրկնել 2016թ. ապրիլյան սցենարը, սակայն այս անգամ կարճ ժամանակում դրա իրագործումը կարող է շատ ավելի բարդ լինել, եթե դա ընդհանրապես հնարավոր լինի. խաղացողներն այլևս նույնը չեն, և ամենակարևորը` փոխվել է նրանց կանխատեսելիության աստիճանը: Եվ, վերջապես, Հայաստանում իշխանության փոփոխությունը ոչ լեգիտիմից լեգիտիմի զգալիորեն փոխել է նաև Մոսկվայի առջև Երևանի պարտավորությունների մակարդակը:
Այսպիսով, դեպի վերջնարդյունքը կողմնորոշվածության բացակայությամբ, բոլոր թերություններով ու թերմշակվածությամբ հանդերձ, պայմանականորեն ասած, խաղաղության ամերիկյան բանաձևը, այդուհանդերձ, ստեղծում է ղարաբաղյան հակամարտության՝ դեպի երկարատև, խաղաղ փուլ անցման բոլոր նախադրյալները: Ղարաբաղի պարագայում արդեն նկատելի են Կիպրոսին շատ նման հեռանկարներ: Ըստ այդմ՝ կարծես թե հակամարտության վերջնական լուծմանը հասնելու, Արցախի իրավական կարգավիճակի որոշման անհնարինության պայմաններում Երևանը պետք է բավարարվի այս բանաձևի շրջանակներում կարգավորման հետ, ինչպես և Բաքուն, իհարկե, բոլորովին այլ պատճառներով:
ՀՂՈՒՄՆԵՐ
[i] Аспекты «четырехдневной» войны в Нагорном Карабахе, Tehnowar.ru,
25.04.2016
[ii] Какое оружие Азербайджан покупал у России, ТАСС, 25.09.2018
[iii] РФ поставила Армении вооружение на 200 млн долларов под собственный кредит, «Военное Обозрение», 03.07.2018
[iv] После Вены. Чего мы не знаем о встрече президентов Армении и Азербайджана, Эхо Кавказа,18.05.2016
[v] Созданный канал оперативной связи между главами Армении и Азербайджана действует, Арменпресс, 28.10.2018
[vi] Пашинян в Санкт-Петербурге побеседовал с Алиевым, а также с Лукашенко, Радио Азатутюн, 07.12.2018
[vii] Пашинян и Алиев встретились в третий раз, Mediamax, 23.01.2019
[viii] Минских посредников в Ереване интересовали детали встречи Алиев-Пашинян в Давосе, АрмИнфо, 21.02.2019
[ix] Нежелание Баку делать “смелые шаги” может означать выбор в пользу сохранения статус-кво, а не окончательного мира, АрмИнфо, 19.02.2019
[x] Стратегия экономического развития “Один пояс — один путь“, РИА Новости, 14.05.2018
[xi] Пол Гобл: Россия всячески способствует неурегулированию Нагорно-Карабахского конфликта, Аравот, 25.02.2019
[xii] Официальный Ереван ответил на заявление замглавы МИД России, Радио Азатутюн, 19.12.2018
[xiii] Военное предложение Вашингтона Еревану, «Кавказ Online», 12.02.2019
[xiv] Ведомство Лаврова обвинило США в стремление испортить отношения России и Армении, Украинско-Российское обозрение-Politua.org, 30.10.2018
[xv] Ray Salvatore Jennings, Upgrading U.S. Support for Armenia’s Postrevolution Reforms, Carnegie Endowment, 14.02.2019
[xvi] Встреча с Алиевым в Давосе вызвала критику в адрес Пашиняна, «Кавказский узел», 23.01.2019
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)