«Ակնհայտ է, չէ՞, որ ղարաբաղյան շարժումը սկսել է պահանջով, որ վերականգնվի պատմական արդարությունը, և Արցախը վերամիավորվի մայր Հայաստանին: Վստահ եմ, որ ցանկացած հայի երազանքն այսօր դա է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնությանը:
Հիշեցնենք՝ մարտի 18-ին հրավիրված ասուլիսին «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարեց, որ սկսում է Արցախը ՀՀ-ի կազմում մարզի կարգավիճակում ներառելու գործընթաց:
Ըստ նրա՝ 1991-ին մենք ինչ-որ տեղ նաև պարտադրված գնացինք այս անկախ ճանապարհով. «Եթե իմ կարծիքն եք հարցնում, անձամբ ես այն տեսլականն ու երազանքն ունեմ, որ մի օր իսկապես Արցախը լինի մայր Հայաստանի հետ մեկ հայկական պետություն: Բայց միևնույն ժամանակ գտնում եմ, որ այս պահին կտրուկ շարժումներ անել, թերևս, պետք չէ: Ամեն ինչ պետք է արվի կշռադատված: Կարծում եմ՝ մեր վերջնական նպատակին հասնելու ճանապարհը այն է, որ նախ միջազգայնորեն Արցախը ճանաչվի՝ որպես անկախ պետություն, որին հետևելու է հաջորդ հարցը՝ վերամիավորումը մայր Հայաստանի հետ»:
Հարցին՝ ի՞նչ վտանգներ կարող են բխել այս նախաձեռնությունից, Վարդգես Բաղրյանը պատասխանեց. «Վտանգների մասին կոնկրետ չեմ կարող ասել: Բայց որ վտանգներ իրոք կարող են լինել, նամանավանդ հիմա փորձում են, չնայած այնքան էլ չեմ հավատում, որ նորմալ բանակցային գործընթաց կարող է լինել, քանի դեռ Արցախը չի նստում բանակցային սեղանի շուրջ. Ադրբեջանը ոչ մի կերպ դրան չի համաձայնում: Հիմա մեկն ասում է ՌԴ մանդատի տակ, մյուսը՝ չէ՝ եկեք վերամիավորվենք: Այսինքն՝ այս ջղաձգումները որևէ լավ բանի հանգեցնել չեն կարող: Թողնենք թող էվոլյուցիոն ճանապարհով այս ամենը ինչը կատարվի: Հերիք է ժողովրդին, ինչքան հեղափոխություն է անում և գնում ցնցումների»:
Մեր մյուս հարցին՝ ի՞նչ խնդիր է լուծում «Սասնա ծռեր»-ը, Վարդգես Բաղրյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ուզում եմ հասկանալ, թե ինչ են ուզում: Եթե նրանց նպատակն այն է, որ ամեն անգամ իրենց մասին հիշեցնեն, թերևս, դա հաջողվում է: Բայց թե ինչ են ուզում, հոդաբաշխ որևէ բացատրություն չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ