Լրահոս
Օրվա լրահոսը

Քոլեջի փոխտնօրենը` ԿԳ նախարարին ու վարչապետին. «Աշխատող մարդուն աշխատանքից հանենք, ուղարկենք դատարան, ասենք դու քեզ արդարացրո՞ւ»

Մարտ 19,2019 14:05

Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում մարտի 14-ից հայտարարված է անժամկետ դասադուլ, աշխատակազմը եւս գործադուլի մեջ է: «Նոյան տապանի» մամուլի սրահում կայացած ասուլիսում քոլեջի իրավունք առարկայի դասախոս Գարիկ Սահակյանը նշեց, որ 2019-ի մարտի 14-ին, երբ դասադուլ է հայտարարվել, նույն օրն էլ դասախոսների կողմից բողոքի ցույց է հայտարարվել` ի պաշտպանություն աշխատանքից հեռացված տնօրեն Կառլեն Հայրապետյանի:

«Մեր տնօրենի լիազորությունները վերջերս դադարեցվել են ԿԳ նախարարի կողմից, պատճառը հանդիսանում են երկու խիստ նկատողությունները մեկ տարվա մեջ: Մենք գտնում ենք, որ մեկ տարվա տնօրենի դեպքում տեսչական ստուգում եւ աուդիտ անցկացնելը ճիշտ չէ, մեկ տարվա տնօրենին կարելի էր թողնել աշխատել, մանավանդ բացատրագիր է գրվել նրա կողմից, ժամանակ էր տրվել տնօրենին, որ ուղղվեն թերացումները: Եվ իսկապես կարճ ժամկետում շտկվել են խախտումները, սակայն խիստ նկատողությունները չի հանվել, ինչի պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից»,-ասաց Գեւորգ Սահակյանը: Նա շեշտեց, որ աշխատակազմը համաձայն չէ այդ որոշման հետ:

Գեւորգ Սահակյանը նշեց, որ նախկին տնօրենն իր իրավունքը կփորձի վերականգնել դատարանի միջոցով: Նրա ձեւակերպմամբ. «Համախմբված բողոքի ակցիան խոսում է տնօրենի կողմից քոլեջում իրականացված լավագույն բարեփոխումների մասին»:

Քոլեջի փոխտնօրեն Մարինա Մադոյանը խոսեց տնօրենի մարդկային որակների ու հատկանիշների մասին. «Մեզ ասում են` ձեր տնօրենը ոչ մի մեղք չունի, թող դիմի դատարան, իրավական դաշտում հարցերը լուծի եւ նորից մրցույթի մասնակցի ու դառնա տնօրեն: Ես հարց եմ տալիս բոլորին, պարոն նախարարին ու վարչապետին` աշխատող մարդուն աշխատանքից հանենք, ուղարկենք դատարան, ասենք` դու քեզ արդարացրո՞ւ ու վերականգնի՞ր քո իրավունքները:

Աշխատող մարդուն պետք չէ՞ շնորհակալություն ասել ու գնահատել: Բոլորը, երբ խոսում են` եւ վարչության պետը, եւ նախարարը, ասում են` ձեր քոլեջը շատ լավն է, քոլեջի մասին լավ կարծիք ունենք: Քոլեջը օրգանիզմ է, որն ունի գլուխ: Կարո՞ղ էր քոլեջը լավը լինել` վատ տնօրենի պարագայում: Հիմա քոլեջը գլխատում են ու ասում են` թող տնօրենը գնա իրավական դաշտում պայքարի: Ես կարծում եմ, որ ԿԳ նախարարն ու փոխնախարարը իրավիճակին ծանոթ չեն, ամենայն հավանականությամբ նրանց սխալ տեղեկատվություն է տրվել կամ չի ասվել այն, ինչ որ պետք է»:

Նա հավելեց, որ ուսանողներն էլ` իմանալով տնօրենի հանիրավի հեռացման լուրը, ինքնաբուխ որոշել են դասադուլ անել: «Երեւի այս իրադարձությունները պետք է լինեին, որ համոզվեինք, թե մեր ուսանողներն ինչքան են սիրում մեզ եւ ընկեր Հայրապետյանին»,-ընդգծեց փոխտնօրենը:

«Մեր տնօրեն Կառլեն Հայրապետյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, կիրթ, դաստիարակված, հավասարակշռված, հանդուրժող մարդ, որը չի գնահատվում: Վաղը նա կգնա Գերմանիա, իր ուղեղը կվաճառի: Ո՞վ է տուժելու` մենք»,-ասաց տիկին Մադոյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031