ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի հանրային հատվածի արևելյան բաժնի պետ Լիոնել Ռապելին։
Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Եվրոպական ներդրումային բանկի գործընկերներին և ևս մեկ անգամ իմաստավորել փոխադարձ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանում էներգետիկ և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, սահմանային անցակետերի արդիականացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման, տարբեր համայնքների կարողությունների բարելավման ուղղությամբ ԵՆԲ-ի ցուցաբերած արդյունավետ աջակցությունը և հավելել.«Վստահ եմ, որ եվրոպական գործընկերների հետ փոխգործակցությունը մեր տնտեսությանը հաղորդելու է նոր շունչ, նոր որակ և կարևոր նախադրյալներ է ստեղծելու մեր հարաբերությունների հետագա խորացման ու սերտացման համար»։
Իր հերթին Լիոնել Ռապելը շնորհակալություն է հայտնել հանդիպման առաջարկն ընդունելու համար և նկատել, որ ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթություններն ու ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության հեռանկարը նոր թափ է հաղորդում ինստիտուցիոնալ համագործակցության ծրագրերին։ Լիոնել Ռապելը համոզվածություն է հայտնել, որ ԵՆԲ-ի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներն ու տեխնիկական աջակցության միջոցները կնպաստեն Հայաստանի համար առաջնահերթ լուծում պահանջող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի իրագործմանը՝ վերահաստատելով այս ուղղություններով ՀՀ նոր կառավարության կողմից գործադրվող ջանքերին ԵՆԲ-ի աջակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն ուրվագծեցին ապագա համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընդարձակ օրակարգի այնպիսի հարցեր, ինչպիսիք են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտային ցանցերի բարելավումը, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի շահագործումը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն