Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Եղոյան. «Շուտով մեր ու իրենց միջև տարբերությունն այնքան ահռելի կլինի, որ նույնանման մոտեցում հնարավոր չի լինի ցուցաբերել, այդ թվում և Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում». «168 ժամ»

Մարտ 19,2019 13:21

Եվրոպական միությունն օրերս հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին իր տարեկան զեկույցը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «168 Ժամի» հետ զրույցում հայտարարեց, որ զեկույցում Հայաստանի համար միայն դրական շեշտադրումներ կան, օրինակ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, խոսքի ազատության, հավաքների ազատության խնդիրների վերաբերյալ։

«Անդրադարձ կա Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակին, որի հետ կապված իրավիճակն ըստ էության 2017 թ. համեմատ՝ 2018-ին վատացել է, և աշխարհի երկրների շարքում 122-րդ հորիզոնականից հայտնվել է 152-րդ տեղում։ Զեկույցում ռեալ ներկայացվում է իրադրությունը, ոչինչ չի թաքցվում, ուղղակիորեն խոսվում է քաղհասարակության հետ կապված խնդիրների, քաղբանտարկյալների մասին, որ հ/կ-ները գործում են սահմանափակ դաշտում, սոցցանցերում գրառման համար մարդկանց կարող են բերման ենթարկել, ձերբակալել, ուշադրություն է դարձվում 2018 թ. ընտրություններից հետո ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցին, որ հավասար պայմաններ չեն եղել, 634 ազատ արձակված բանտարկյալներից միայն 2-ն էին առնչվում քաղաքականության հետ, նրանց էլ մի 2 շաբաթ էր մնում բանտարկության։ Մեդիայի մասին է խոսվում, որ ընդդիմադիր լրատվամիջոցները հարձակման են ենթարկվում և այլն»,- ասաց Ա.Եղոյանը՝ վստահեցնելով, որ դիրքորոշման որևէ մեղմացում չկա, նույնիսկ այն կետերում, որտեղ կարող է որոշակի տնտեսական շահի մասին խոսք գնալ, հղում է արվում որոշակի սահմանափակող դրույթների, օրինակ՝ Կասպից ծովի հետ կապված Թուրքմենստանի և Իրանի հետ երկկողմանի դելիմիտացիան շարունակվում է։ Նա նշեց, որ զեկույցում փաստվել է, որ Ադրբեջանի արտահանումը՝ 90%-ով, և բյուջետային եկամուտները՝ 50%– ով, կախված են նավթից, տնտեսության դիվերսիֆիկացում չկա։

Ա.Եղոյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախորդ զեկույցից տարբերվող առանձնահատուկ ձևակերպումներ չկան, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում աջակցել ՄԽ համանախագահությանը. «Կոչ է անում կողմերին, ընդ որում՝ չի նշվում քանի կողմ է, նստել ու կոնստրուկտիվ մթնոլորտում խոսել, հասկանալ, որ էսկալացիան ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Այս հատվածում առանձնահատուկ քաղաքական մեսիջ չնկատեցի, ավելի շատ ստանդարտ մեսիջներն էին, այն է, ինչ նախկինում է եղել, ուղղակի կարելի է ասել, որ ԵՄ-ն հետաքրքրություն է ցուցաբերում»։

«Հայաստանի արտաքին քաղաքականության համար գործողությունների շատ լայն դաշտ է բացում։ Եթե մեր ցուցանիշները նույն ոլորտներում, որտեղ իրենց մոտ վատթարացում է արձանագրվում՝ կոռուպցիա, խոսքի ազատություն, հավաքների ազատություն, ժողովրդավարություն, մենք բարելավենք, կարելի է ասել, որ շուտով մեր ու իրենց միջև տարբերությունն այնքան ահռելի կլինի, որ նույնանման մոտեցում հնարավոր չի լինի ցուցաբերել, այդ թվում և Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում։ Այսինքն՝ հասկանալի է, որ շատ դժվար կլինի հավասարության նշան դնել իրարից այսքան տարբերվող երկրների միջև, և Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն ակնհայտորեն դրական կընդգծվի, նաև տարածաշրջանում մեր ունեցած դերի առումով»,- ասաց Ա.Եղոյանը։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031