«Դա ամեն քաղաքացու իրավունքն է, ուստի չեմ մեկնաբանի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով փաստին, որ Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ (հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին), ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց. «Մեր խնդիրն է ունենալ այնպիսի դատարան, որը Ռոբերտ Քոչարյանի եւ ցանկացած այլ քաղաքացու հայց կքննի օրինականության շրջանակում: Ես եւ կառավարությունը հավատարիմ ենք մեր քաղաքականությանը, կասկածներ որեւէ մեկը թող չունենա»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, թե երկրորդ նախագահի հանդեպ քրեական հետապնդումը «քաղաքական հաշվեհարդար» է, Փաշինյանը նշեց. «Դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության մասին, որը սիրո եւ համերաշխության, հեղափոխության կառավարությունն է: Եթե հաշվեհարդարով լիներ, դրա հնարավորությունն ու ժամանակն էլ կար, այնպես որ, որեւէ մեկի որեւէ գործողություն մի դիտարկեք որպես անձնական զգացում կամ ընկալում: Նման մեկնաբանությունները դրանց հեղինակներին խանգարում են իրավիճակը օբյեկտիվ ընկալել: Այս գործի վերաբերյալ շատ մեկնաբանություններ չանեմ, որպեսզի չդիտարկվի որպես ուղղորդում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2295864670671840/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ