Լրահոս
Օրվա լրահոսը

Անցումային արդարադատությունը չի լինելու դատավորների դատարան. Արտակ Զեյնալյան

Մարտ 19,2019 12:33

Ի՞նչ է անցումային արդարադատությունը: Այս հարցն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, կառավարության 2018 թվականի ծրագրի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Կառավարության ծրագրում անցումային արդարադատությունից մեկ բառ անգամ չկա, բայց որտեղ գնում ես, որ լրագրողի հետ խոսում ես՝ անցումային արդարադատության մասին են հարցնում: Նաեւ կան որոշ քաղաքական գործիչներ, որ մեկ դատարան չեն մտել, բայց մշտապես խոսում են դրա մասին: Ի վերջո, սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ հասկացություն է, որ դրվել է շրջանառության մեջ, բայց ոչ ոք չի հասկանում: Վերջապես, պետք է կառավարությունը բացատրի՝ ի՞նչ է նշանակում: Եվ եթե օրակարգային հարց է, ինչո՞ւ ծրագրում տեղ չի գտել»,-ասաց պատգամավորը:

«Անցումային արդարադատությունը լինելու է հասարակության հաշտեցումը, իրավունքների վերականգնումը: Այն չի լինելու դատավորների դատարան»,- պարզաբանեց նախարարը`հավելելով, որ չի կարող հակասել Սահմանադրությանը: Հարցը դեռ կառավարությունում ուսումնասիրում են. «Բայց կարող եմ ասել, որ անցումային արդարադատության էլեմենտ կարող է հանդիսանալ վարչական եւ քրեական համաներումը, որը կիրառվել է»:

Գեւորգ Պետրոսյանի արձագանքն այսպիսին էր. «Այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ է էությունը, քանի որ այն որեւէ օրենքով, նաեւ Սահմանադրությամբ, սահմանված չէ: Եթե օրենքներով սահմանված չէ ո՞նց ենք հասնելու»:

Արտակ Զեյնալյանը ավելի հստակեցրեց`կառավարության ընթացիկ ծրագրում այդ մասին ոչինչ գրված չէ, ինքն ուղղակի իր կարծիքն է արտահայտում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031