Լրահոս
Օրվա լրահոսը

108 916 անձ համաներվել է. խորհրդարանում քննարկվում են դատաիրավական բարեփոխումները

Մարտ 19,2019 12:16

Հայաստանում վարչական համաներման արդյունքում համաներվել է 108 916 անձ: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացվող կառավարության ծրագրի կատարման ընթացքի հաշվետվության շրջանակներում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարն այլ թվեր էլ հրապարակեց. իրականացվել է նաեւ քրեական համաներում, որի արդյունքում 627 անձ է համաներվել, իսկ պրոբացիոն ծառայությունում համաներում է կիրառվել 2342 շահառուի նկատմամբ:

Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ Երեւանի չորս բժշկական կենտրոններում, նաեւ Վանաձորի, Գյումրի եւ Գորիսի ԲԿ-ներում, կալանավորների համար ունենալու են հատուկ բաժանմունքներ: Աշխատանքները ընթացքի մեջ են:

Ցմահ ազատազրկվածների դեպքում սկսել է գործել պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մեխանիզմը: Ցմահ դատապարտված մեկ անձ ազատ է արձակվել: Ոլորտի բարեփոխումների արդյունքում, պատժի կրումից վաղաժամկետ ազատվել է 230-ից ավելի անձ: Նախարարն ասաց նաեւ, որ առանձնապես ծանր հանցանք կատարածների, նաեւ ցմահների համար տեսակցության ժամանակը երկարացվել է:

Նաեւ ՄԻՊ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում, կամայական տեսակցությունն արգելելու խնդիրը լուծվել է:

Նախարարն ասաց, որ վերջին տաս տարիների ընթացքում ՔԿՀ-ների պահպանման համար բյուջեից 280 մլն դրամ հատկացրել են մի քանի ՔԿՀ-ների` դատպարտյալների եւ կալանավորների կենցաղային պայմանների բարելավման համար:

Զեկույցի մանրամասները` այստեղ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031