Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացած, բայց անկեղծ խոսակցության անվիճելի օգուտները

Մարտ 19,2019 22:00

Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան առիթ դարձավ, որպեսզի հայ-վրացական հարաբերություններում հերթական, ցավոտ եւ կատարելապես վնասակար թյուրիմացությանը մեկընդմիշտ վերջ դնելու ճանապարհին կարեւոր քայլ արվի։

Դժվար է ասել, որքանով էր դա կանխավ պլանավորված, բայց եւ այնպես, տեղի ունեցածը, կարելի է ասել, ճանապարհ բացեց անկեղծ խոսակցության եւ դրանից բխող գործողությունների համար, ինչը բացի երկուստեք օգուտից՝ այլ բան հաստատապես չի բերելու։

Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանի հակամարտությունների խնդրով բաց խոսակցության մասին է, որ տեղի ունեցավ Երեւանում նախագահ Զուրաբիշվիլիի եւ հայաստանյան ղեկավար պաշտոնյաների միջեւ։

Վրաստանի նախագահի այցը Հայաստան հաջորդեց նրա՝ ավելի վաղ Ադրբեջան կատարած այցին, որտեղ տիկին նախագահի արված հայտարարություններում տեղ գտած որոշ ձեւակերպումները թույլ տվեցին Բաքվին հետեւություններ բարձրաձայնել, թե իբր Թբիլիսին այլեւս միանշանակորեն «պաշտպանում է» Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» հենց այն ձեւով, որ ձեւով ցանկանում է Ալիեւի ռեժիմը։
Մասնավորապես, ըստ մամուլի, Զուրաբիշվիլին Բաքվում, դիմելով Ալիեւին, ասել էր. «Մենք գրեթե միաժամանակ վերականգնեցինք մեր երկրների անկախությունը եւ ունեցանք նույնանման ողբերգություններ», այնուհետեւ ճշգրտելով, որ «նույնանման ողբերգություններ» ասելով նկատի ունի հենց «տարածքների օկուպացիան»։ «Օկուպացիոն գծերը մեզ համար եւս՝ անբուժելի վերք են», – հավելել է Վրաստանի նախագահը, ասելով նաեւ, որ իր գոհունակությունն է հայտնում առ այն, որ Վրաստանը եւ Ադրբեջանը, չնայած օկուպացիային, կարողացել են ամրապնդել իրենց պետականությունը եւ զարգացնել տնտեսությունը։
Թեման իր շարունակությունը գտավ եւ չէր կարող չգտնել Երեւանում։ Պաշտոնական հաղորդագրություններից հայտնի դարձավ, որ այդ հարցն արծարծվեց, մասնավորապես, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում, ընդ որում՝ տարածաշրջանային անվտանգության համատեքստում։

«ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձեւակերպումներն այսուհետ եւս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը: Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաեւ Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձեւակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները», – կարդում ենք ԱԺ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իհարկե, Հայաստանի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է եւ արդարացված, սակայն, այստեղ կան նաեւ «ստորջրյա քարեր», որոնք հայկական դիվանանագիտության ճանապարհին ամենայն անպատասխանատվությամբ եւ առատորեն լցվել են անցած տարիների ընթացքում։

Նախագահ Զուրաբիշվիլին իր հերթին տվեց դրա պատասխանը, որը հայկական պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ չգտավ, բայց դրա մասին հաղորդեց Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը։ Վրաստանի նախագահի խոսքերով, երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը հակամարտությունների հարցերով շատ կարեւոր է։ «Դուք նույնպես հիշատակեցիք մեր համագործակցությունը հակամարտությունների հարցում, եւ դա շատ կարեւոր է։ Այդ հակամարտություններն, ըստ ամենայնի, մեր տարածաշրջանի համար այն են, ինչն ամենաշատն է սահմանափակում մեր համատեղ առաջընթացը։ Ինչպես դուք գիտեք, Վրաստանում կան երկու օկուպացված տարածքներ, եւ երբ մենք խոսում ենք երկրի շահերի մասին, ապա մեզ համար գլխավոր եւ միակ շահն այն է, որպեսզի մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը ճանաչվեն, ճանաչվեն ոչ միայն խոսքով, այլեւ փաստացի։ Այդ տեսակետից շատ տխուր է, որ Լեռնային Ղարաբաղից պատվիրակություններ են գալիս Աբխազիա եւ «Հարավային Օսեթիա» եւ հարց դնում, իբր հակամարտությունները նույն տիպի են, եւ փնտրում ինչ-որ սիմետրիա, մեզ համար դա շատ տխուր է եւ ցավալի։ Մենք կարծում ենք, որ այստեղ չկա այն բարյացակամությունը, որը պետք է լինի մեր երկրի նկատմամբ»։

Սա չափազանց կարեւոր հայտարարություն է, որով տիկին նախագահը, փաստորեն, չեղարկել է իր՝ ավելի վաղ Բաքվում կատարած հայտարարությունը։ Այսինքն, ըստ երեւանյան հայտարարության, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Վրաստանի հակամարտություններն այնուամենայնիվ նույնը չեն, սիմետրիկ չեն։

Այսինքն, եթե արտաքուստ սա կարող է թվալ դիվանագիտական «փոխհրաձգություն», իրականում սրանք շատ կարեւոր արձանագրումներ են, որոնք, ի պատիվ պաշտոնական Երեւանի եւ Թբիլիսիի՝ այնուամենայնիվ, թեւկուզեւ ուշացած, բայց արվեցին։

Ի վերջո, ի՞նչ են իրարից ուզում այս հարցում Վրաստանը եւ Հայաստանը։ Փաստացի, ոչ ավելին, քան այն, ինչն արձանագրված է նրանց պաշտոնական դիրքորոշումներում եւ միջազգային պարտավորություններում, ինչպես նաեւ՝ չշեղվել այն ամենից, ինչն արդեն պաշտոնապես ֆիքսված է։

Համենայն դեպս, պաշտոնական Թբիլիսին, 90-ականների սկզբից պահպանել է բալանսավորված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից ճանաչված սուբյեկտների նկատմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, իսկ Արցախի բնակիչների համար որեւէ խոչընդոտ չի եղել, ասենք, Վրաստան այցելելու որպես զբոսաշրջիկ, այլ գործունեություն ծավալելու հարցում, ինչը թույլատրված է այլ օտարերկրացիների համար։ Ի վերջո, բացի նրանից, որ Վրաստանում կոմպակտ ապրում են հայ եւ ադրբեջանցի փոքրամասնությունները, Վրաստանը Հայաստանի հիմնական կապն է արտաքին աշխարհի հետ, նաեւ Ադրբեջանի ածխաջրածինների համար է «կյանքի ճանապարհ», եւ Թբիլիսին այլ դիրքորոշում ուղղակի չի կարող ունենալ, քան բալանս պահպանելը եւ դրանով ստանձնելով տարածաշրջանում կարեւորագույն կայունացնող գործոնի դերը։

Իսկ պաշտոնական Երեւանը երբեւէ կասկածի չի ենթարկել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Աբխազիան եւ «Հարավային Օսեթիան», նույնիսկ երբ «մեր դարավոր բարեկամն» անցել է ուղղակի ճնշումների, ինչպես դա եղավ 2008-ին, երբ Մոսկվան ներխուժեց Վրաստան եւ նաեւ դրանից հետո։ Եվ եթե ռուսներին հաջողվեց Ասադին համոզել ճանաչել դրանց «անկախությունը» եւ անդամակցել Վանուատուի եւ Նիկարագուայի հետ նույն «պատվավոր ակումբին», ապա չհաջողվեց նույնիսկ Սերժ Սարգսյանի պարագայում։ Եվ Երեւանը որեւէ կերպ եւ երբեւէ չի պնդել, որպեսզի Վրաստանը բացահայտ «պրոհայկական» դիրքերից հանդես գա, ու եթե դա տեղի չունենա, ապա մենք էլ նրանց հակառակ քայլեր կանենք, ասենք, Աբխազիայի եւ «Հարավային Օսեթիայի» հարցերում։ Հասկանալի է, որ Վրաստանի ամենա-«պրոհայկական» քաղաքականությունը, որն ակնկալում է Երեւանը, դա բալանսավորված դիրքորոշումն է, բարյացակամ չեզոքությունը, երկկողմ հարաբերությունների խորացումն ամենալայն սպեկտրով՝ տնտեսությունից մինչեւ անվտանգություն, եւ Թբիլիսիում դրա մասին լավատեղյակ են, եւ միշտ էլ կողմ են եղել դրան։

Իհարկե, առանձին պատմություն է Արցախի պաշտոնական պատվիրակությունների՝ Աբխազիա եւ «Հարավային Օսեթիա» պարբերական այցերի կամ տարբեր առիթներով պաշտոնական «շնորհավորանքների» խայտառակ պրակտիկան, ինչն ուղղակի հարվածի տակ է դնում Հայաստան-Վրաստան հարաբերությունները, սպառնում Հայաստանի միջազգային դիրքերին, հարվածում Արցախի շահերին եւ միջազգային հեղինակությանը եւ ջուր լցնում ռուսական ջրաղացին, Բաքվին էլ առիթ եւ հնարավորություն տալով Վրաստանի հետ հարաբերություններում դա դեմ տալ որպես փաստարկ, թե ինչու պիտի Վրաստանը միասնական հայտարարություն ստորագրի Անկարայի եւ Բաքվի հետ՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Սա արդեն մեր ներքին խոսակցությունն է։

Այո՛, իրականությունն այն է, որ հակամարտությունները ոչ միայն տարբեր են եւ սիմետրիկ չեն, այլեւ դրանք սիմետրիկ համարելն ուղղակի վիրավորական է Արցախի համար։ Չափազանց ուշագրավ է նաեւ այն, որ նախագահ Զուրաբիշվիլիի այցի օրերին Հայաստան այցելեց նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, որը բացի Հայաստանի ղեկավարների հետ պաշտոնական շփումներից, նաեւ կարեւոր եւ օգտակար պաշտոնական հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Իսկ դա ուղղակի անպատկերացնելի է Աբխազիայի եւ «Հարավային Օսեթիայի» պարագայում եւ լավագույնս է ընդգծում, թե մենք ուր, նրանք ուր, երբ քո անկախությունն, ի շարս յոթ ԱՄՆ նահանգների՝ ճանաչել է Կալիֆորռնիան, որի ՀՆԱ-ն գրեթե երկու անգամ մեծ է մեր «ռազմավարական դաշնակցից»։ Եվ դու գնում ես, ասենք, Ցխինվալի, որ ի՞նչ անես, ի՞նչ ապացուցես, որ ի՞նչ լինի դրանից հետո։

Մենք պետք է հասնենք ի վերջո նրան, որ Ստեփանակերտից պաշտոնական պատվիրակությունները պաշտոնական այցերով գնան Թբիլիսի, Քիշնեւ եւ Կիեւ, շնորհավորական ուղերձներ փոխանակեն Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ, այլ ոչ թե Կրեմլի մթերային բավարարման հույսին մնացած՝ կոռումպացված եւ կրիմինալ իզգոյների հետ։ Արցախը՝ բացառիկ հակամարտություն է հետխորհրդային տարածքում եւ ենթադրում է բացառիկ լուծում, եւ դա կապ չունի Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության հետ, որը մենք ճանաչում ենք անվերապահորեն, եւ դա կապ չունի Ադրբեջանի՝ Բաքվի վարկածով «տարածքային ամբողջականության» հետ, որն էլ իր հերթին կապ չունի իրականության հետ եւ լուրջ կոնֆլիկտ ունի ուղղակի բանականության եւ բարոյականության հետ։
Եվ վերջապես, Վրաստանի նախագահի երեւանյան այցը խթան հանդիսացավ պաշտոնական Երեւանի համար, որ իր արտաքին քաղաքականության «գույքագրման» ճանապարհին մաքրի այն ողջ աղբը, որը գոյություն ունի նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերություններում, որն ունի նույն արատավոր ծագումնաբանությունը եւ Հայաստանին շատ գործընթացներից դուրս է թողնում, սպասարկելով բացառապես Ռուսաստանի կայսերական շահերը՝ բացառապես ի հաշիվ մեր պետականության արժանապատվության եւ ուղղակի վնաս հասցնելով հայկական շահերին։ Միջազգային հանրությունը Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը դիտարկում է մեկ փաթեթում որպես անսակարկելի եւ Ռուսաստանի կողմից օկուպացիայի համատեքստում։ Եվ ժամանակն է հասկանալ, որ չի կարելի անել քայլեր, որոնք Բաքվին հնարավորություններ կբացեն խցկել իր «տարածքային ամբողջականության» մասին թեզը նույն զամբյուղի մեջ, իսկ Հայաստանին ընկալել որպես Մոսկվայի արբանյակ։ Իսկ այս հակամարտությունները կարեւորագույն ցուցիչ են, եւ կան բոլոր հիմքերը պայմանավորվելու, որպեսզի միջազգային հարթակներում մենք իրար դեմ չքվեարկենք (ի վերջո գոյություն ունի «ձեռնպահ» կոճակ, կամ ուղղակի կարելի է չքվեարկել), մնանք համահունչ միջազգային հանրության դիրքորոշմանը հետխորհրդային հակամարտությունների պարագայում, իսկ Ղարաբաղյան հակամարտության պարագայում՝ Մինսկի խմբի եռանախագահության դիրքորոշմանը, այլ ոչ թե Կրեմլի կամ Բաքվի կլեպտոկրատիաների քմահաճույքներին համահունչ։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031