Հարցազրույց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի հետ
– Մանսարդների հարցը նույնպես քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, դրանք պետք է քանդվեն ու միանման տեսքի բերվեն։ Կա՞ միասնական ծրագիր, Դուք տեղյակ եք՝ ի՞նչ ձեւով է դա արվելու, եւ արդյոք խնդիրներ սեփականատերերի հետ չե՞ն առաջանա։
– Չգիտեմ՝ կա ծրագիր, թե ոչ, ենթադրում եմ՝ ոչ, գիտեմ, որ կա մոտեցում, եւ այսուհետ այն, ինչ արվում է, պետք է արվի ամբողջ շենքի ֆասադի երկայնքով՝ հասկանալով, որ չի կարելի առանձին լուծումներ տալ։ Տեսնում եմ նաեւ վտանգավորություն, որ դրանց մի մասն ապօրինի կարող է լինել, բայց մի մասն էլ ունի փաստաթղթեր, մարդիկ ամեն ինչ օրինականացրել են եւ օրինական ընթացակարգերով անցել, հիմա եթե բռնեն քանդեն, ստացվելու է էլի ինչ-որ անհասկանալի բան։ Բայց դա շատ կարեւոր խնդիր է մարդու տեսահորիզոնի համար եւ դա սկզբունքորեն ձեւավորում է մարդկանց եւ զբոսաշրջիկների կարծիքը քաղաքի մասին, դրա համար պետք է հասկանալ, թե ոնց ենք մոտենում այդ հարցին։ Պետք է հասնենք նրան, որ միասնական ճարտարապետական մոտեցումով դրանք մշակված լինեն։
– Այն գաղափարը, որ դրված է «Հին Երեւան» ծրագրի հիմքում՝ նորովի պահպանել հինը, որքանո՞վ է ճիշտ, հատկապես որ եթե հուշարձանը կտրում ես իր միջավայրից, այն այլեւս հուշարձան չէ։
– «Պահպանել» բառը չգիտեմ, թե որքանով է կիրառելի այս դեպքում, երեւի՝ վերարտադրել մթնոլորտը, այն էլ չգիտեմ, թե դա ինչքանով կհաջողվի, ինքը շատ խնդրահարույց ծրագիր է, որովհետեւ կան որոշումներ, որոնք խախտելն իրոք երեւի բարդ կլինի։ Ենթադրենք, ճարտարապետների մեծ մասին դուր չի գալիս նախագիծը, բայց այդ փոսն ինչքա՞ն ժամանակ կարող է այդպես մնալ։ Այսինքն՝ եթե մեկը կասի, որ այդ խնդրի լուծումն ինքը գիտի, ես ուղղակի կասեմ, որ ինքը չի տիրապետում ամբողջ ինֆորմացիային, որը վերաբերում է այս կառուցապատմանը։ Պետք է լուծում գտնել, եւ ընդ որում՝ երբեք մեկ լուծում չի լինելու, լինելու են փոքր լուծումներ՝ ամեն լոկալ շենքի համար առանձին, ինչպես ստացվեց Արամի 23-ի դեպքում, որը վերականգնվելու է։
– Ի դեպ, խոսակցություններ էին շրջանառվում, որ Արամի 23-ի փլված պատը պատճառ հանդիսացավ, որպեսզի Ձեզ ազատեն քաղշինկոմիտեի նախագահի պաշտոնից։
– Մեկը մյուսի հետ կապ չունի, իսկ այն, որ քաղշինկոմիտեն 3 տարբեր անգամ գերատեսչություններին ուղարկել է նամակ՝ ասելով, որ այս շենքը փլվելու է, եթե այսպես շարունակվեց, դա փաստ է։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում