Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնայեք նյարդերն ու ժամանակը

Մարտ 19,2019 10:00

Իշխանության ներկայացուցիչները շարունակում են բողոքել լրատվամիջոցներից՝ բաժանելով դրանց «յուրայինների» եւ «թշնամականների», «պետականամետների» եւ «հակապետականների», «սեւերի» եւ «սպիտակների»: ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էլ շարունակում են այդ բաժանումներից նեղվել եւ ինչ-որ «հակադարձումներ» գրել: Կարծում եմ, կողմերն իզուր ժամանակ եւ նյարդեր են ծախսում՝ ամեն մեկը պետք է կենտրոնանա իր գործի վրա: Իշխանավորները պիտի փորձեն բարելավել Հայաստանի քաղաքացիների կյանքը թե՛ նյութական եւ թե՛ հոգեւոր իմաստով, իսկ վերջինիս մեջ մտնում է, կարծում եմ, մտածողության հորիզոնների ընդլայնումը:

Եթե այսօր «թամբին նստածները» իսկապես մտածում են, որ մեր կյանքի բարեփոխմանը խանգարում է քոչարյանական, ՀՀԿ-ական, ռեւանշիստական կամ այլ «մութ ուժերի» մամուլը, ապա նրանք մոլորության մեջ են: Եթե դա պարզապես իշխանության քարոզչությունն է, ապա, այո, այն պարարտ հող է գտնում, որովհետեւ հայաստանցիների եւ ընդհանրապես հայերի մեծ մասն այս պահին մեր իշխանություններին սիրում է: Ի դեպ, այդ ամենը նոր չէ. ժամանակին՝ 1990-ականների առաջին կեսին դաշնակցական մամուլն էր «խանգարում պետականության կայացմանը»: 1995 թվականի մայիսի 3-ին ես «Առավոտում» անգամ հոդված էի գրել, որի վերնագիրն էր՝ «Խնայեք ձեր նյարդերը՝ կարդացեք «Սպիդ-ինֆո»: Կոչը, բնականաբար, ուղղված էր այն ժամանակվա իշխանավորներին եւ ընդդիմադիրներին: Իսկ 1998-ից հետո քոչարյանական իշխանավորներն ու քարոզչությունն էր պնդում, որ երկիրը ծաղկեցնելու գլխավոր խոչընդոտը «ՀՀՇ-ական մամուլն» է:

Բայց (մի՛ զարմացեք) ես միշտ ու նաեւ այս ժամանակաշրջանում ավելի շատ եմ կարեւորում մեր՝ լրատվամիջոցներիս աշխատանքը եւ դիրքորոշումը, որովհետեւ կառավարությունները, պատգամավորները ժամանակավոր են, իսկ լրատվամիջոցները, որպես հասարակական մտքի հայելի՝ հավերժ: Իհարկե, ամեն մի լրատվամիջոց ինքն է ընտրում այն սկզբունքները, որով առաջնորդվում է, ես կարող եմ խոսել միայն իմ եւ «Առավոտի» մասին: Նախ՝ չմտնել ամեն տեսակի «ԶԼՄ-ամերձ» կռիվների մեջ, չարդարանալ, երբ ինչ-որ մեկը, այդ թվում՝ իշխանավորը, իշխանության երկրպագուն, թե ընդդիմադիրը մեզ ինչ-որ բանում մեղադրում է: Օրինակ, չարձագանքել, երբ «գլենդեյլներում» ապրող որեւէ էքզալտացված տիկին գրում է «duq el caxveciq qocharyanin» տիպի տեքստեր:

Իսկ աշխատելու սկզբունքը հետեւյալն է: Լրատվամիջոցը միշտ պետք է զուսպ քննադատական դիրք բռնի ցանկացած՝ սիրված թե չսիրված իշխանության հանդեպ: Չհայհոյի, չվիրավորի իշխանավորներին, չձգտի պարտադիր նրանց վրա «կեղտ բռնել», բայց մյուս կողմից՝ չհրճվի եւ չփառաբանի: Օրենքի եւ էթիկայի վարքականոնի սահմաններում արտահայտվելու հնարավորություն տալ բոլորին, այդ թվում՝ նրանց, ում հետ կտրականապես համաձայն չես:

Ինձ թվում է նաեւ, որ լրագրողը պետք է ամեն ինչին եւ, մասնավորապես, քաղաքական կրքերին նայի մի քիչ վերեւից եւ ներողամտության որոշակի չափաբաժնով: Բայց դա հիմա՛ է ինձ թվում: 20 տարի առաջ ես այդպես չէի մտածում: Եվ ով գիտի, թե ինչ եմ մտածելու 20 տարի հետո:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Հասարակություն-լրատվամիջոցներ հարաբերությունները կարելի է նկարագրել հետևյալ հայտնի սյուժեյով՝
    հերթական թանկացումներից հետո գզիրները տեղեկացնում են թագավորին, որ ժողովուրդը դժգոհ է: Թագավորը կարգադրում է գները կրկին բարձրացնել: Գզիրները տեղեկացնում են, որ ժողովուրդը դուրս է եկել փոխոց: Թագավորը կարգադրում է գները էլ ավելի բարձրացնել: Գզիրները խուճապահար տեղեկացնում են, որ ժողովուրդը ապստամբում է: Թագավորը կարգադրում է գները նորից բարձրացնել: Գզիրները վերադառնում են և զարմացած տեղեկացնում թագավորին, որ ժողովուրդը քեֆ-ուրախության մեջ է: «Այ, հիմա արդեն բավ է», եզրափակեց թագավորը:
    Եվ որպես այս իրավիճակի վառ ապացույց, Ձեր կայքում տեղակայված քաղաքագետի անդրադարձը և Քաղաքացու մեկնաբանությունը: Երգիծանքի փայլուն մի օրինակ, սակայն որոշակի մտավախություն ունեմ, որ հարգարժան քաղաքագետը դա կարող է լուրջ ընդունել:
    https://www.aravot.am/2019/03/18/1029445/?unapproved=1191442&moderation-hash=1611ffaf73f270d32b646926dcef8009#comment-1191442

  2. Հ.Շ. says:

    Կացութիւնը բացատրելու եւ վերլուծելու համար, Խմբագիրը կը գործածէ լաւագոյն եւ ամէնաճշգրիտ հիմունքը, որ սակայն նաեւ… ամէնաապարդիւնն է, շատ դժբախտաբար:

    Արդարեւ, եթէ մէկդի դնենք շահագրգռուած դերակատարները, Փաշինյանութեան թունդ ու համոզուած համակիրներու կորիզը, բազան, բաղկացած է անձերէ որոնք, 1990-95 թուականներին, կամ տակաւին ծնած չէին, կամ ել տասը տարեկան իսկ չկային: Անոնց համար, այդ ժամանակներուն վերաբերող ամենադիպուկ, տեղին ու ցայտուն reference-ները անգամ ոչ մէկ իմաստ ունին, որեւէ ազդեցութիւն չունին, եթէ նոյնիսկ վանողական չհանդիսանան:

    Էական խնդիր այն է որ, Հայաստանի պարագային, եւ Անկախութենէ ի վեր, իրադարձութիւնների ընթացքը նկատի ունենալով, այս դրութիւնը կը նշանակէ թէ առաւելագոյնը ամէն քսան տարի, կարող է նորէն յեղափոխութիւն տեղի ունենալ… Այսինքն, Banana Republic-ի (այդ ալ արդէն «հին» բառապաշարից…) բաղդատականը կը դառնայ ոչ թէ զգացական արտայայտութիւն, այլ առարկայական դիտարկում:

  3. Ruben says:

    «Ռանշպիլներին» (rough file) փոխարինեցին թավշյա ֆայլերը (խառտոցները): Խնայեք Ձեր ժամանակը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031