Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում ոչ մարտական կորուստների վերաբերյալ որոշ քրեական գործեր վերաբացվել են». Ավետիք Իշխանյան

Մարտ 18,2019 22:00

Օրերս ԱՄՆ պետդեպի հրապարակած՝ ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող տարեկան զեկույցում անդրադարձ կա նաեւ բանակում մահվան դեպքերին. «Ոչ մարտական պայմաններում զոհված բազմաթիվ զինվորների ընտանիքներ, որոնք շարունակում են պահանջել քննել նրանց մահվան դեպքերը, պնդում են, որ Մովսես Հակոբյանը (ԶՈՒ ԳՇ նախկին պետ) մահվան դեպքերը թաքցնելու հարցում առանցքային կերպար էր»:

«2010թ.-ից մենք հրապարակում ենք բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը: Քննչական մարմին չեմ, որպեսզի ասեմ՝ այդ դեպքերի հետ կապված Մովսես Հակոբյանը հրաման տվե՞լ է, թե ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով զեկույցի նշյալ հատվածին՝ ասաց  իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ նշեց՝ Պաշտպանության նախարարությունը չունի հստակ չափորոշիչներ եւ սահմանումներ, թե որ դեպքերն են համարվում մարտական եւ որ դեպքերը՝ ոչ մարտական կորուստներ:

Նույն զեկույցում ասվում է նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իրավապահ մարմինները վերաբացել են ոչ մարտական կորուստների հետ կապված որոշ գործեր: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում հաստատեց. «Որոշ քրեական գործեր վերաբացվել են, բայց ընթացքի մասին տեղեկություններ չունեմ: Խոսքը նաեւ հայտնի սեւազգեստ մայրերից որոշների որդիների մասին է: Բայց, ինչպես իրենք են մամուլով պնդում, իրենց գործերի պարագայում տեղաշարժ չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031