Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձության ենթարկվեց Ալեն Սիմոնյանը. Հիշեց Գեւորգ Կոստանյանին, մոռացավ մեր երկրի «արեգակին», «սեքսի» մասին հարցից խճճվեց

Մարտ 18,2019 23:00

«Առավոտը» շարունակում է փորձության ենթարկել պաշտոնյաներին: Այս անգամ մենք հայտնվեցինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում ու փորձեցինք պարզել՝ նա որքանո՞վ է հետեւել վարչապետ, իր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, հիշո՞ւմ է նրա հետ կապված քիչ թե շատ աղմկահարույց միջադեպերը, դրվագները:

Մինչ հարցերին կանցնեինք, Ալեն Սիմոնյանն ասաց, որ արդեն 10 տարի է, ինչ ճանաչում է Նիկոլ Փաշինյանին ու հետեւել է նրա քաղաքական գործունեությանը. «Իսկ այլընտրանք ունե՞մ»: Թե ինչ ցույց տվեց թեստ-հարցաշարի արդյունքը, դատեք ինքներդ:

-Կարո՞ղ եք ասել, Ազգային ժողովում ո՞ւմ հետ էր հեռակա բլոտ խաղում Նիկոլ Փաշինյանը եւ «քուանշ» ասում: Որպես հուշում ասեմ, որ այդ խաղն ավարտվել էր «քյարփինջը կապուտով»:

Ես որքանով հիշում եմ, կա՛մ Հրայր Թամրազյանն էր (նկատի ունի ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանին-խմբ.), կա՛մ Գեւորգ Կոստանյանը…Չէ՞…Դատախա՞զն էր:

Խոսքը 2017-ի հուլիսի մասին է, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսեց «բլոտի» բառապաշարով: Նա 5 դրվագով «քուանշ» տվեց դատախազին՝ հորդորելով սրել: Քուանշ բլոտում տալիս են՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար: Փաշինյանը դա արեց՝ Մարտի 1-ի, Հաց բերողի եւ այլ գործերի մասին տարբեր դրվագներ ներկայացնելով:

«Դուք եկել եք ստեղից հանդուգն եւ լկտիության հետ սահմանակցող հայտարարություններ եք անում պատգամավորների հասցեին: Եթե ձեր հայտարարությունների շնորհիվ օլիգարխիան ձեր պարգեւավճարները 50 տոկոսով ավելացնելու է, ուրախ եմ ձեզ համար: Ես ձեզ հետ բանավիճելու խնդիր չունեմ, դուք այդ ֆիգուրը չեք: Բայց ես ձեզ խորհուրդ կտամ ոտի տակ չընկնեք»: Ո՞ւմ էր այսպիսի խորհուրդ տվել Նիկոլ Փաշինյանը:

Երեւի Գեւորգ Կոստանյանի՞ն, հա՞, ճի՞շտ հիշեցի: Չէ՞: Հիշում եմ այդ ելույթը, ԱԺ ամբիոնից էր: Ո՞ւմ էր վերաբերում, Գեւորգ Կոստանյանին հանեցինք, Հրայր Թամրազյանին էլ հանեցինք, ինքը չի, Կարեն Կարապետյա՞նն էր, թե՞ Հովիկ Աբրահամյանը: Չեմ հիշում, չէ:

Խոսքը 2015-ի մարտի 26-ի մասին է, երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը գործունեության ծրագիրն էր ներկայացնում:
Նիկոլ Փաշինյանի խոսքերը վերաբերում էին հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:

Ո՞ւմ համար էր Ազգային ժողովում վալերյանկա ուզում Նիկոլ Փաշինյանը:

Հեղինե Բիշարյանի համար էր ուզում:

Իսկապես, Փաշինյանը վալերյանկա ուզում էր ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի համար, որը, բորբոքվելով Փաշինյանի ելույթից սպառնում էր շիշը շպրտել:

«Մի հատ կարգի հրավիրեք, ստեղ բազառ չի արա». դիմելով Գալուստ Սահակյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Ո՞ւմ էր փորձում կարգի հրավիրել նա:

Առաքել Մովսիսյանին:

Խոսքը Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի մասին է: Փաշինյանը ելույթ էր ունենում Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին ու ասում էր, որ այնպես են ընտանիք պահում, նրանց ֆոնին 200 հազար ընտանիք Հայաստանում հացին կակա է ասում: Խոսքերից բորբոքվելով՝ տեղից գոռգոռում ու վիրավորում էր Մովսիսյանը, ինչին ի պատասխան էլ արձագանքեց Փաշինյանը:

«Արջը այդպես էլ երկրորդ երգը չսովորեց». Ո՞վ էր հաճախ նման բան ասում Նիկոլ Փաշինյանին:

Գալուստ Սահակյանը:

Ճիշտ եք, խոսքը Գալուստ Սահակյանի մասին է: Օրինակ, մի անգամ նա այդպես արձագանքեց Փաշինյանին, երբ նա ասաց, որ եթե Գալուստ Գրիգորիչը թոթովախոս է, բառերը դժվարությամբ է կապում իրար, ԱԺ-ն չպետք է շփոթի մանկապարտեզի հետ:

Ո՞ր քաղաքական ուժի համար էր Փաշինյանն ասում, որ անուն ազգանունները փոխեն, բեղ պահեն, որ փողոցում չճանաչեն իրենց:

«Օրինաց երկրին»:

Այո, խոսքը ՕԵԿ-ի մասին է, այդ ընթացքում,  ինչպես հիշում եք, ՕԵԿ-ն անվանափոխվել էր ու դարձել« Հայկական վերածնունդ» կուսակցություն:

Իսկ որ ուժին էր Փաշինյանն ասում՝ Մարտի 1-ի զոհերի արյունները քեշ փողով տվել եք՝ քաշ պաշտոններով:

«Բարգավաճ Հայաստա՞ն», թե՞ ՕԵԿ, այդ երկուսն են եղել կոալիցիայի ժամանակ Մարտի 1-ին:

Այս դեպքում ՕԵԿ-ին էր նման բան ասել:

Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ էր խորհուրդ տալիս զգույշ լինել, էքստազի մեջ չընկնել, որ հանկարծ այնպիսի բառեր չօգտագործի, որը Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը նրան թույլ չեն տվել:

Նաիրա Զոհրաբյանին էր խորհուրդ տալիս:

Այո, Նաիրա Զոհրաբյանին էր ասել: Ըստ Փաշինյանի, վերջինս զանգել էր «Հայկական ժամանակ» ու խնդրել հանել «բամփել» բառը իր խոսքերից՝ ասելով, թե Հովիկ Աբրահամյանը ջղայնացել է:

Արեգակ է բացվել մեր երկրի վրա. Ո՞ւմ նշանակումից հետո էր ասել Նիկոլ Փաշինյանը՝ կիսահումորով:

Կարեն Կարապետյանի՞, հա՞: Չեմ հիշում, որովհետեւ արեգակ, որպես այդպիսին, հասկանում եմ, որ սարկազմով է ասվել, բայց…Դե, իմ նշանակումը չէր եղել այն ժամանակ, ուստի չեմ կարող ասել, թե ում մասին էր: Այ դա չեմ հիշում:

Խոսքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին է, դրանից հետո, երբ խոսք գնաց արդեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին՝ Փաշինյանը հեգնեց, թե երկու արեւ է բացվելու մեր գլխին:

«Լավ երեկոյի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս էր առաջարկում հաղթահարել դժվարությունները, ո՞ւմ նման հասնել վիշապին, նրան սպանել ու հետը սելֆի անել:

Հասնել վիշապի՞ն, չեմ հիշում, պիտի մի հերոս լինի, չեմ կարող ասել:

Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր դժվարությունները հաղթահարել Սուպեր Մարիոյի նման, նրա նման դեւին սպանել ու հետը սելֆի անել:

Ազգային ժողովում ո՞վ է բռունցքներով հարվածել Նիկոլ Փաշինյանին կամ ում հետ է Փաշինյանը բազկամարտի մեջ մտել:

Գեղամյանի:

Այո, դա եղել է Արտաշես Գեղամյանը, բռունցքով հարվածից հետո Փաշինյանն ասել էր՝ պատասխանը տվել եմ, մի քանի անգամ կոշիկներս փայլեցրի իրենով:

«Դուք ի վերջո կարա՞ք ասեք Հայաստանում սեքս կա՞, թե՞ չկա». Ումի՞ց էր ակնկալում այս հարցի պատասխանը ստանալ Նիկոլ Փաշինյանը:

Չեմ հիշում, ես նման ելույթներից փորձել եմ ինձ զերծ պահել քաղաքականության մեջ:

Խոսքը, որքան էլ զարմանալի է,ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասին է: Երբ խոսք էր գնացել ընտրությունների ժամանակ դպրոցի տնօրենների ձայնագրության, վարչական ռեսուրսի չարաշահման մասին, նա ասել էր՝ «Ձեր խոսքերից հիշեցի Սովետական Միության մի հայտնի ասացվածք, որ սովետական միությունում սեքս չկա: Հիմա ձեր ասածից ստացվում է, որ ՀՀ-ում ընդհանրապես վարչական ռեսուրսի չարաշահում չկա»: Այս համատեքստում է եղել խոսակցությունը:

Փորձության ենթարկեց՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    շատ ներողութիւն, սակայն Քուանշը եւ Բլոտը տարբեր խաղեր են… իրարանման, բայց տարբեր… Բլոտի խաղի ընթացքին Քուանշ չեն ըսէր…

    ամէն դէպքում, քաղաքականութեան մէջ, աւելի շուտ poker է որ կը խաղայ ամէն մարդ… անդադար bluff-ներով…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031