Մարտի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության հարցերի տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ողջունելով հյուրերին` Տիգրան Ավինյանն ասել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռնում շարունակել վերջերս Բրյուսել ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը, մասնավորապես անդրադառնալ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լորուենս Մերեդիթն նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղեկանալու թե ինչ տեսլական ունի կառավարությունը էներգաարդյունավետության ոլորտում և ուսումնասիրելու թե ինչ աջակցություն կարող են ցուցաբերել ԵՄ-ն և միջազգային ֆինանսական հաստատությունները:
Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարձրացումը զգալի ներուժ ունի, և այս համատեքստում քննարկել են օրենսդրական դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ներդրումներին և ֆինանսական միջոցներ ներգրավելուն վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել հանրային շինությունների ու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին: Մանրամասն քննարկվել են շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով ֆինանսավորման առավել արդյունավետ մոդելները, ներառյալ պետություն-մասնավոր գործընկերության կիրառումը:
Վերջում կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել ակտիվ երկխոսությունը վերոնշյալ թեմաների շուրջ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ