Մարտի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ YouTube-ի հայաֆիկացման հարցով ոլորտի շահառուների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվի, իսկ YouTube-ում գործունեություն ծավալող ու դրա միջոցով շահույթ ստացող բլոգերները կհարկվեն։ «Դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է վերաբերում։ Ինչպես գիտեք, հարկային օրենսգրքում հիմա փոփոխություններ են տեղի ունենում եւ միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի շրջանառություն ունեցողներն, իհարկե, կարող են մտնել հարկային դաշտ», – ասել է նախարարը։ Նախարար Հակոբ Արշակյանի նշած հարկային օրենսգրքի փոփոխությունները դեռ քննարկվում են, դեռ օրենք չեն դարձել։
Նոր Հայաստանի առաջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսին հայտարարեց․«Պետությունն ունի բավարար մեխանիզմներ կարգը պահպանելու համար։ Խնդրի փիլիսոփայությունը պետք է փոխենք, մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու, կներեք էս բառիս համար, մատերիալ չէ։ Առավոտը տանից դուրս է գալիս, ասում ենք՝ «որտեղ բռնենք, տուգանելու ենք»։ Էս փիլիսոփայությունը պետք է փոխվի»։
Նոր Հայաստանի երկրորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխեց փիլիսոփայությունն ու որոշեց ոչ թե տուգանել, այլ հարկել ամենքին եւ ամեն ինչը, բարձրացնել տուրքերն ու պարտադիր այլ վճարումները։ Որոշել են հարկել անգամ դրսից եկող օգնությունը եւ պնդում են, որ, դրսից գումարը եկամուտ է, որից քաղաքացին պետք է հարկ վճարի:
Մի 10 տարի առաջ՝ Հին Հայաստանում, կառավարությունը փորձեց հարկել մանր ինքնազբաղվողներին (դանակ-մկրատ սրողներ, կոշկակարներ), կրկնուսույցներին եւ նման գործերով եկամուտ ստացողներին։ Աղմուկ բարձրացավ, բայց կառավարությունն անդրդվելի էր։ Ասացին` դե օրինակ, կոշկակարը պետք է տարեկան մի հինգ հարյուր դրամ վճարի, դրա եղածն ի՞նչ է, որ։ Ու պատասխան ստացան․տարեկան 500 դրամը հեչ բան է, բայց այդ հեչի հույսին մնացած կառավարությունը ի՞նչ է։
Հին Հայաստանն էլ չկա, նորում էլ քաղաքացին դարձել է «հարկման մատերիալ»։ Մինչդեռ պետք է այլ փիլիսոփայություն լիներ։ PR ոլորտի մասնագետները հաշվել էին, որ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան եւ նրա գրառումները սոցկայքերում մեր երկիրը մոտ 37 միլիոն դոլարի գովազդեցին։ Եթե սրան գումարենք լրատվամիջոցների արձագանքը այցին Հայաստանը Քիմին պարտք կլինի ավելի քան 100 միլիոն դոլար։ Եթե մի բլոգեր YouTube-ում ալիք ունի, միլիոնավոր բաժանորդներ ու Հայաստանի մասին տեսանյութերով փող է վաստակում, դեռ Հայաստանը պիտի նրան շնորհակալություն հայտնի իրեն գովազդելու համար, ոչ թե հարկի։ Հայաստանը աշխարհի միակ երկիրը չի, որտեղ կարելի է YouTube-ի համար տեսանյութեր նկարել։ Փորձես հարկել, միլիոնավոր բաժանորդներ ունեցող բլոգերը կհեռանա այնտեղ, ուր իրեն չեն հարկի, դադարեցնելով Հայաստանի անվճար գովազդը։
Տարիներ առաջ Ռուսաստանում որոշեցին․ եթե սոցկայքում քաղաքացու հետեւորդ-բաժանորդների քանակը որոշակի սահմանից անցնում է, սոցկայքի էջը պետք է լրատվամիջոց դառնա եւ պետական գրանցում ստանա։ Հին Հայաստանում էին ամեն ինչ ընդօրինակում Ռուսաստանից։ Կամ Հին Հայաստանում պետությունը օլիգարխներին չէր մոտենում, քաղաքացուն՝ տուգանում էր։ Նոր Հայաստանում պետություն սեփականատերերին չի մոտենում, քաղաքացուն հարկում է։ Փաստորեն կան ոլորտներ, որտեղ Նոր Հայաստանը Հին Հայաստանից չի տարբերվում. Փիլիսոփայությունն է փոխվել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարգելի Նելլի Գրիգորյան, ամբողջ աշխարհում ընդունված է, որ եկամուտը հարկվի, անկախ գործունեության ոլորտից ու տեսակից։ Հենց դրա համար էլ այն կոչվում է եկամտահարկ։
Օրինակ դուք՝ վճարու՞մ եք հարկ։ Համոզված եմ որ պատասխանը դրական է։ Իսկ ինչու՞ բլոգերը, որը ապրում է իր գործունեության հաշվին, իր եկամտից չմուծի պետական տուրքերը։
Հետաքրքիր է, որ հենց լրագրողները, որպես լուսավորված մարդիկ, պետք է որ հասկանային այսքան պրիմիտիվ բանը, եթե իհարկե չեն աշխատում նախկին «նորին մեծությունների» համար։
Հարգելի Աշոտ, Դուք միանգամայն ճիշտ եք: Բայց ինչ ասել, երբ քաղաքական գործիչը, այն էլ վարչապետը ակնհայտ պոպուլիստական հայտարարություններ է անում: Թերես ուշադրություն չեք դարձրել, որ հոդվածը դրա մասին է:
Շնորհակալ եմ արձագանքի համար:
Շնորհակալ եմ, որ պատասխանեցինք մեկնաբանությանս։
Կարծում եմ անարդար է պոպուլիզմի (ամբոխահաճության) մեջ մեղադրել պետության ղեկավարին։ Մանավանդ երբ նա մասնագիտությամբ լրագրող է։
Պատմությունից հայտնի բոլո՛ր նախկին ու ներկա երկրների բոլո՛ր ղեկավարները եղել են, կան և մնում են ամբոխահաճության ու ամբոխահաճո։
Կա պոպուլիզմ, որը չափն անցնում է և վնասում հասարակությանը (Հիտլեր), և կա պոպուլիզմ, որը հասարակության համար դառնում է նշաձող։
Շատ հարգելի տիկին (օրիո՞րդ) Գրիգորյան, հետևում եմ ձեր նյութերին, հետաքրքիր են։ Միայն մի խնդրանք՝ պահպանե՛ք արդարությունը։
Հարգանքով՝ Աշոտ Մարգարյան։
Քաղաքացի-հարկատուն է պահանջատերը իշխանութան։