Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քաղաքականացրեք. թող մեկը չասի, թե իր սրճարանի քանդումը տեսնելիս վատ չի զգա». Սիլվա Ադամյան

Մարտ 18,2019 18:15

«Կանաչ տարածքները, որոնց համար տարիներ շարունակ պայքարել ենք, միանշանակ, պետք է վերադարձվեն համայնքին, բայց այս դեպքում, կարծում եմ, քայլերի հաջորդականությունն այնքան էլ ճիշտ չէ: Իրականում ունենք շատ այլ տարածքներ, որոնք կանաչապատման կարիք ունեն: Այս դեպքում առաջնահերթության խնդիր ունենք»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից սրճարանների քանդմանը, ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Իսկ թե որոնք են առաջնահերթ տարածքները, նա որպես օրինակ հիշեցրեց Հաղթանակի զբոսայգին. «Այդտեղ շատ ծառեր են չորացել: Կիսաշինարարարական վիճակ է, իսկ «Մոնումենտ»-ի լանջերի հատվածում բետոնապատել են, մեծ քանակության մեքենաներ են կայանված: Մի ամբողջ այգի կարելի էր տնկել այդտեղ: Սա էր առաջնային խնդիրը, որի մասին պետք է մտածեինք, մինչդեռ այն անտեսված է»:

Սիլվա Ադամյանի խոսքով՝ եթե քաղաքային իշխանությունները խոսեին մասնագետների հետ եւ հարցնեին, թե Երեւանի որ գոտիներն են առաջնային, իրենք կփաստեին, որ Հաղթանակի զբոսայգուց պետք էր սկսել. «Երեւանի համար պաշտպանիչ գոտին առաջնահերթ այդ անտառն է եղել, նաեւ՝ Նորքի անտառապատ տարածքները, որոնք քաղաքը պահպանել են քամիներից: Առաջին հերթին այդ երկու կետերից սկսենք եւ մեծ քանակության ծառեր տնկենք: Նորքի այգիները մեծամասամբ հատվել են, շինարարություն է գնում: Գոնե մի մասը պետք է վերականգնել»:

Անդրադառնալով Ազատության հրապարակին կից սրճարանների ապամոնտաժման ժամանակ տեղի ունեցած ընդվզմանը՝ Սիլվա Ադամյանը համոզմունք հայտնեց, որ ճիշտ չէ հարցը քաղաքականացնել. «Շատ վատ բան է արվել, որ կանաչ գոտում սրճարան է կառուցվել, բայց փաստ է, որ շատերն են այդտեղ աշխատում: Ինձ համար միեւնույնն է, թե ով է ներդրում արել, ընդվզումը նաեւ սոցիալական խնդիր է: Իհարկե, ներդրում անողները պետք է ընդվզեին, եւ կապ չունի, թե սեփականությունն ումն է: Հակված չեմ որեւէ մեկին պաշտպանել, բայց այս գործընթացի իրավական հիմքերն ամբողջությամբ ներկայացված չեն: Գուցե գործընթացը փաստաթղթերի հրապարակումից սկսեինք, որպեսզի բոլորը համոզվեին, որ իրավական հարցեր չկան: Ծիծաղելի է, երբ ասում են, թե տասներկու մարդ է աշխատում: Նրանցից ոմանք ինձ ասում են, որ փորձում են Սարյան փողոցի սրճարաններում աշխատանքի տեղավորվել: Բայց Սարյանի մայթերի վրա գտնվող սրճարանները նորմա՞լ են՝ ուզում եմ հասկանալ: Չեմ ասում՝ քանդեն, բայց մայթերի վրա են այդ սրճարանները: Հանրային ընդվզումը նորմալ երեւույթ է: Ամեն դեպքում, չեմ ուզում գործընթացը քաղաքականացնել, այն սոցիալական է, թեեւ քաղաքական մեկնաբանություններ էլ են անում: Թող մեկը չասի, թե իր սրճարանի քանդումը տեսնելիս վատ չի զգա»:

Բնապահպանի համար մտահոգիչ է քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությունը, որ «Օպերա»-ին հարակից տարածքների ազատագրումից հետո հերթը Օղակաձեւ զբոսայգունն է լինելու. «Այդ զբոսայգում էլ հսկա շինություններ կան, այգուց այգի չի մնացել: Ո՞նց են վարվելու, ո՞նց են քանդելու: Ուզում եմ, որ այդ այգին վերականգնվի, բայց ինչպե՞ս են անելու: Չմոռանանք, որ իրավական պետություն ենք կառուցում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031