Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 23-ին միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը». Հայկ Մարության

Մարտ 18,2019 18:44

Աշխատանքային հերթական խոհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման և բարեկարգման աշխատանքներն իրականացրած անձնակազմին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին ու մայրաքաղաքի բնակիչներին՝ հասարակական կարգի պահպանման և նախաձեռնությանն աջակցելու համար: Ծրագրի նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է:

«Սա մեր քաղաքի սիրտն է, և մենք պետք է մեր քաղաքի սիրտը գեղեցկացնենք, պետք է բարեկարգենք, կանաչապատենք, որպեսզի և մեր համաքաղաքացիները, և մեր քաղաքի հյուրերը վայելեն մշակութային այդ մթնոլորտը»,- նշել է քաղաքապետը:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին մայրաքաղաքում  հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Քաղաքապետ Մարությանը կոչ է արել բոլորին միանալ Երևանի մաքրման ու կանաչապատման աշխատանքներին:

«Ես իմ ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու՝ մեր քաղաքը մաքրելու համար: Ուզում եմ նաև դիմել և խնդրել մեր բնակիչներին, որպեսզի նրանք ևս միանան մեզ: Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի միասին այդ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ գործ անենք: Միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը: Ես հույս ունեմ՝ մի քանի անգամ այսպիսի շաբաթօրյակների կազմակերպումից հետո քաղաքը կմաքրվի, նաև հետո շատ մեծ հույսեր ունեմ, որ այնպես կպահենք մեզ ու մեր քաղաքը, որ այսպիսի շաբաթօրյակների կարիք այլևս չլինի»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Համաքաղաքային շաբաթօրյակը քաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով: Բոլոր վարչական շրջաններում կգործեն հատուկ հեռախոսահամարներ: Քաղաքի մաքրությանը միացած բնակիչները կոնկրետ հասցեներն իմանալու և գործիքների ձեռքբերման համար կարող են զանգահարել նշված հեռախոսահամարներով:

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ մարտի 13-ից Երևանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրը: Անցած երեք օրերի ընթացքում հավաքել են 9 շուն: Ընթացքում աշխատանքի ծավալները կավելանան: Քաղաքապետարանի «Թեժ գծով» ստացված բոլոր հասցեները տրամադրվում են ՀՈԱԿ-ին, և ըստ ռիսկայնության աստիճանի հերթագրվում ու կատարվում են աշխատանքները:

«Ծանոթ մարդիկ ինձ արդեն ասել են, որ տեսել են այդ շներին, և ինչն է հետաքրքիր, որ անգամ երեխաներն առանց վախենալու կարողանում են մոտենալ և սիրել՝ հավատացած լինելով, որ իրենք վտանգ չեն ներկայացնում: Սա շատ լավ սկիզբ է, և հուսով եմ, որ ամեն ինչ շատ արագ տեմպերով առաջ կգնա»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031