Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը քննարկում էր կազմակերպել կինոարտադրողների հետ: Վերջիններս ներկայացրեցին, թե ինչ խնդիրների են բախվում, խոսեցին «Կինոյի մասին» օրենքի կարեւորության, հարկային արտոնությունների բացակայության, ցածր ֆինանսավորման մասին: Ժամանակ առ ժամանակ կինոարտադրողները վիճում էին միմյանց հետ՝ իրար ուղղելով, թեզերը վիճարկելով:
Օրինակ, «Ման Փիքչերս ստուդիոյի» հիմնադիր տնօրեն, պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը իր խոսքի սկզբում շնորհակալություն հայտնեց Աննա Կոստանյանին՝ «հրավերքի» համար: Կինոռեժիսոր Արսեն Ազատյանը ուղղեց՝ «հրավերի, ոչ թե հրավերքի, հրավերքը խնջույքն է, պատգամավորներն էլ են հաճախ սխալ անում, դրա համար եմ ասում»: Ի պատասխան՝ Սարիբեկյանը հեգնեց. «Կներես, կուզենայի քո ֆիլմերում էլ զգոն լինեիր»:
Սարիբեկյանը, խոսելով կինոոլորտի խնդիրների մասին, ասաց. «Այն ժամանակ նախաձեռնող խումբ կար, ի դեպ, բարեփոխումների նախաձեռնող խմբի անդամներից մեկը նաեւ Մելիքն էր Կարապետյան ու այն ժամանակ պետական երկու կառույցները, նախարարության հետ միասին, նաեւ իրենց ողորմածությունը ստացող արբանյակների հետ միասին դեմարշ արեցին այն հայեցակարգի դեմ, որը մշակվել էր 2009-ին Միքայել Ստամբոլցյանի կողմից: Ինչ է, չե՞ս եղել այդ նախաձեռնության մեջ դու, Մելիք, ինչ-որ զարմացած ես նայում»,- դիմելով քննարկմանը ներկա Կարապետյանին՝ ասաց Մանվել Սարիբեկյանը: Կինոգետ Մելիք Կարապետյանը արձագանքեց. «Հասկանո՞ւմ եք, ինձ կարող եք ոտատակ գցեք որ կողմից ուզում եք…»:
Սարիբեկյանը հավելեց՝ «Մարդիկ, որ այն ժամանակ դեմարշ էին անում, հիմա ջատագով են դարձել ինչ-ինչ բարեփոխումների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ