Ադրբեջանի իշխանությունները դարձյալ քրեական գործ են հարուցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ: Այս մասին գրում է Тhe Times of Israel-ը` հղում կատարելով բլոգեր Ալբերտ Հայրապետյանին:
Ավելի վաղ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բելառուսում և արտահանձնվել Ադրբեջանին՝ անձամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով: Ադրբեջանական բանտում 7 ամիս անցկացնելուց հետո Լապշինն ազատ էր արձակվել:
Բլոգերը, հղում կատարելով մի շարք աղբյուրների, պնդում է, որ Լապշինի շուրջ գործարքի համաձայնություն է եղել՝ կապված Ադրբեջանին բելառուսական «Պոլոնեզ» համալիրների և իսրայելական անօդաչուների վաճառքի հետ: Փաստացի, Լապշինը դարձել է միլիարդավոր դոլարների գործարքի պատանդ, չնայած որ որպես պաշտոնական պատճառ նշվում էր «անօրինական կերպով Ադրբեջանի սահմանը հատելը», այսինքն` Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը:
Բացի այդ, բլոգեր Ալբերտ Հայրապետյանը, հղում կատարելով Իսրայելի ԱԳՆ փաստաթղթի, նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները նոր քրեական գործ են հարուցել Լապշինի դեմ` նրան մեղադրելով պետության դեմ կոչերի (բլոգեր Մեհման Հուսեյնովին սատարելու և Ալիևի վարչակարգի դեմ մի շարք քննադատական հոդվածների համար):
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ