Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Մարգարյան. «Թող որոշ թատրոններ օպտիմալացվեն, եթե դրանց գումարի մի մասը կհատկացվի մարզային թատրոններին»

Մարտ 18,2019 17:50

Վահագն Մարգարյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան է, օպերային երգիչ, աշխատում է Օպերային ստուդիայում եւ ապրում է Հրազդան քաղաքում: Aravot.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ երկու ամիս է, ինչ աշխատում է որպես Հրազդանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի ղեկավար: Ասում է` մանրամասն ծանոթացել է իրավիճակին եւ վստահ է, որ հնարավոր է Հրազդանում մշակութային բազմաթիվ ծրագրեր իրականացնել ու բացել տեղի թատրոնի դռները, մանավանդ կա նաեւ համայնքի ղեկավարի աջակցությունը:

Նա առաջարկ ունի, որն առնչվում է թատրոնների` օպտիմալացման աղմուկ հանած խնդրին: Կարծում է, որ կարելի է մշակութային կյանքն ակտիվացնել Հրազդանում եւ այլ համայնքներում, եթե դիցուք, Երեւանում օպտիմալացվող մշակութային օջախներին հատկացված գումարի մի մասն ուղղվի համայնքային նշանակության մշակութային օջախներ: Նաեւ փաստում է, որ առանց այն էլ ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում, եւ լավ կլիներ, որ ասենք շաբաթ-կիրակի օրերին հանդիսատեսը կարողանար ներկայացումներ դիտել կամ համերգներ ունկնդրել Երեւանից դուրս, իսկ Հրազդանը հեռու չէ:

Վահագն Մարգարյանի ձեւակերպմամբ, հնարավոր է տոմսեր վաճառել, ժողովրդին սովորեցնել թատրոն գնալ. «Երեսուն-քառասուն տարի առաջ այս թատրոնի շենքում բազմաթիվ միջոցառումներ, ներկայացումներ են եղել, ամեն մեկը մի հիշողություն է պատմում: Հիմա էլ կարող ենք բերել նրան, որ տոմսային վիճակ, գնալ-գնալ ապահովենք: Եթե որեւէ երեւանյան թատրոն փակում կամ միավորում են, նրանց տրվելիք գումարի մի մասով Հրազդանի, Արարատի թատրոնները, Աշտարակի եւ Սեւանի մշակութային հաստատությունները կարելի է արթնացնել, նաեւ այլ թատրոնների հյուրախաղեր կազմակերպել մարզերում»:

Նա իր օրինակով փաստում է, որ ապրելով Հրազդանում, ամեն օր Երեւան աշխատանքի է գնացել, հաջողությունների հասել, ուրեմն ինչու երեւանցի հանդիսատեսին էլ Հրազդան չբերել:

Վահագն Մարգարյանից պարզեցինք, որ այս պահին Հրազդանի թատրոնի շենքը բարվոք վիճակում է, թատրոնը խաղացանկ չունի, եւ ջեռուցման խնդիր ունի նոյեմբերից մինչեւ մայիս հատվածը, սակայն, նրա խոսքերով, այդ ամենի ելքն էլ կա: Նա վստահեցնում է, որ կարող են բազմաժանր ներկայացումներ բեմադրել, ռեժիսորներ եւ դերասաններ հրավիրել: «Այստեղից բազմաթիվ շնորհալի մարդիկ են դուրս եկել, ինչպես Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, ես, որ նախագահի մրցանակակիր եմ, բազմաթիվ այլ մարդիկ, որոնք հարկ եղած դեպքում պատրաստ են աջակցել Հրազդանի թատրոնին: Վաղուց ժամանակն է մեր թատրոնի դռները բացելու, մանավանդ անընդհատ խոսում են մշակույթի ապակենտրոնացման մասին: Այնպես որ, ես համաձայն եմ, որ որոշ թատրոններ օպտիմալացվեն, եւ դրանց գումարի մի մասը հատկացվի մարզային թատրոններին»,-ասում է մեր զրուցակիցը:

Վահագն Մարգարյանից տեղեկացանք, որ երաժշտական խումբ է հավաքել, ինչն արդեն ոգեւորություն է առաջացրել քաղաքում. «Մարդիկ հարցնում են` համերգը ե՞րբ է լինելու, ասում են` վա՜յ, վերջապես այստեղից էլ երաժշտության ձայն դուրս եկավ: Ախր ժամը 17-18-ից հետո մարդիկ ստիպված սերիալ են նայում: Այնպես որ, մեր նախաձեռնության արդյունքում եւ աշխատատեղի հարց կլուծվի, եւ ժամանցի: Ի վերջո, Հրազդանն էլ պետք է շնչի»:

Հրազդանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի ղեկավարը հայտնեց, որ առաջիկայում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն է այցելելու իրենց ու ծանոթանալու է բեմի հնարավորություններին: Իսկ մայիսին նախատեսել են թատերաշրջանի բացում անել` Պարոնյան թատրոնի որեւէ ներկայացմամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Վահագն Մարգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031